Մնացած նման խոսակցություններին մենք, որևէ կերպ արձագանքել չենք ուզում. Սյոմա Կոդաբաշյանն՝ Արամեի և Մհերի երգերի նմանությունների մասին

Ապրիլի 7-ին Արամեն ներկայացրել է իր նոր՝  «Ты лучшая» երգը եւ տեսահոլովակը` նվիրված է Արամեի կնոջը՝ Աննա Թովմասյանին: Ի դեպ՝ տեսահոլովակում որպես գլխավոր հերոսուհի հանդես է եկել հենց Աննան: Երգչի նոր աշխատանքը արդեն իսկ շատերի համար է սիրելի դարձել, սակայն պրեմիերայից ժամեր անց համացանցում նյութ տարածվեց, որտեղ խոսվում է  «Ты лучшая» երգի եւ Մգեր Արմենիայի հայտնի «Ты моя невеста» երգի ակնհայտ նմանությունների մասին: Նյութի հեղինակի խոսքով՝ «Նույնիսկ երաժշտությունից շատ հեռու մարդիկ, կարծում եմ, կնկատեն երկու երգերի ակնհայտ նմանությունը: Արդյո՞ք սա պլագիատ է, թե` պատահական նմանություն, հստակ կարող են ասել միայն Արամեի երգի հեղինակները եւ ինքն Արամեն, քանի որ Մգեր Արմենիան իր երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը ներկայացրել է դեռևս 2016թ.»:

Այս թեմայի շրջանակում պարզաբանում ստանալու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արամեի պրոդյուսերի՝ Սյոմա Կոդաբաշյանի հետ, ով, ի դեպ, նաեւ հանդիսանում է  «Ты лучшая» տեսահոլովակի ռեժիսորը:

«Անեղծ ասած՝ մենք անգամ չենք էլ տեսել, որ նման նյութ է տարածվել:   «Ты лучшая» երգն արդեն մեկ տարուց ավել է, ինչ ձայնագրված է, իսկ այս կամ այն երգերի պրեմիերաներից հետո նմանությունների օրինակներ շատ են լինում: Դրանք շատ սովորական խոսակցություններ են, որոնք չեն կարող ինտրիգայի աղբյուր դառնալ, համենայն դեպս մեզ համար: Երգը սիրո մասին է, որը սիրով է գրել Արամեն, Ավետ Բարսեղյանն էլ սիրով է շարադրել խոսքերը եւ սիրով այն տրամադրել ենք հանդիսատեսին: Այնպես որ, մնացած նման խոսակցություններին մենք, որեւէ կերպ արձագանքել չենք ուզում»,- նշեց Սյոման՝ հավելելով.

«Մհերի «Ты моя невеста» երգը ես շատ եմ սիրում, ու շատ սիրելով հանդերձ՝ ինքս ոչ մի նմանություն չեմ գտել»:

Աղբյուրը՝ life.panorama.am