Արամ MP3-ի 34–ամյակի ռոմանտիկ հավաքույթն ու կնոջ անակնկալը

Ապրիլի 5-ին Արամ MP3-ն նշել է ծննդյան 34 ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Արամը պատմեց ստացած առաջին շնորհավորանքի, կնոջ անակնկալի ու ծննդյան հավաքույթի մասին:

Արամը խոստովանեց, որ ծննդյան օրը միշտ եղել է իր սիրելի տոների շարքում, տարիքի հետ այդ սերը չի պակասում: «Միշտ սիրել եմ իմ ծննդյան օրը, որովհետև այն բեկումնային օր է. այդ օրվանից սկսած հիմնականում միշտ տաքանում է ու, գրեթե, անձրևներ չեն լինում, չգիտեմ, ինչու է այդպես: Այդ օրվանից գարունը, կարծես, կիսվում է և ավելի շատ ամառային եղանակ է սկսվում»,- ասաց Արամը:

Առավոտյան առաջին շնորհավորանքը երգիչը ստացել է որդու՝ Առնոյի կողմից, ով երգել է սիրելի հայրիկի համար: Արամի համար յուրատեսակ անակնկալ է պատրաստել կինը՝ Աննան: «Կինս անակնկալ վիդեոհոլովակ էր պատրաստել ինձ համար, որում ծննդյանս օրը շնորհավորում էին բոլոր այն ընկերներս, ովքեր դրսում են գտնվում»,-պատմեց Արամը:

Այս տարի Արամը ծննդյան օրն անցկացրել է քաղաքից դուրս` իր հարազատների ու մտերիմ ընկերների միջավայրում, որոնց թվում են եղել դիզայներ, ոճաբան Դիանա Շատվերյանը, «Վիտամին» ակումբի տղաները, ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը և այլք:  «Քաղաքից դուրս, կրակի շուրջ հավաքվել էինք ու ուտել, խմել, ծիծաղել, երգել… Մի խոսքով` ռոմանտիկ երեկո էր ։)»,– պատմեց նա:

Արամի խոսքով`  տարիների հետ շատ հարցերի շուրջ ավելի խորն է սկսում մտածել: «Հենց ծննդյանդ օրը չէ, որ հասկանում ես` մեծացար, բայց, բնականաբար, կան թվեր, որոնք ստիպում են քեզ ավելի խորը մտածել: Ինձ թվում է` դա, երևի, 40-ն է լինելու, որովհետև նման բան տեղի ունեցավ, երբ դարձա 30 տարեկան։ Հասկանում ես, որ կան որոշակի բաներ, որոնք  արդեն չես կարող թույլ տալ քեզ, որովհետև տարիքդ 2-ով չի սկսվում:) Բնականաբար, դրանք կարծրատիպեր են, կան մարդիկ, ովքեր 60-ն անց են, բայց, միևնույն է, իրենց պահում են այնքան երիտասարդ, որ, ինքդ լինելով երիտասարդ, նույնիսկ  նախանձում ես»,-ասաց նա:

Երգիչն անկեղծանում է, որ 34 տարեկանում հասցրել է բազմաթիվ հաջողություններ ու ձեռքբերումներ  ունենալ: Այս տարվա ամենակարևոր ձեռքբերումն Արամի համար երկրորդ որդու՝ Դավթի ծնունդն է:  «Այս տարի մեր ընտանիքում ավելացավ ևս մեկ հիանալի անձնավորություն։), այնպես որ, կարծում եմ, 33 տարեկանս էլ զուր չի անցել–գնացել։ Տեսնենք` բացի ստեղծագործական կյանքից, ինչ կբերի իր հետ 34-ը»,-ասաց Արամը և ավելացրեց, որ նոր մտքեր, ծրագրեր ունի ինչպես ստեղծագործական, այնպես էլ ընտանեկան կյանքի հետ կապված, բայց դրանց մասին բարձրաձայնել դեռ չի ցանկանում:

Արամի երաժշտական գործունեության գնահատականը տրվեց «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, երբ Արամ MP3-ի ու 3.33-ի «Սկսում ենք» զուգերգը ճանաչվեց «Տարվա լավագույն դուետ»: Երգիչը սա իր ստեղծագործական աշխատանքի հաճելի ու պարտավորեցնող գնահատական որակեց: «Ցանկացած մրցանակ ստիպում է ավելի շատ աշխատել և  նշանակում է՝ այն, ինչ դու անում ես, գնահատվում է թե՛ հանրության, թե՛ ժյուրիի կողմից: Բնականաբար, պարտավորեցնող է, որպեսզի որակդ չգցես ու ավելի լավն անես»,-եզրափակեց Արամը:

Աղբյուրը` life.tert.am