Էրիկը` «Տարվա լավագույն երգիչ» դառնալու կարևորության և առաջին անգամ բեմից սիրելիի անունը հնչեցնելու մասին

Երգիչ Էրիկը երկրորդ անգամ արժանացավ «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին Ազգային-երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում։ Նախորդ մրցանակը երգիչը ստացել էր 6 տարի առաջ` 2012–ին կայացած Ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` 2011–ին արած աշխատանքի համար։

Առհասարակ, Էրիկի համար մրցանակներ ստանալը սովորություն է դարձել։) Տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ տարբեր անվանակարգերում մրցանակի արժանացած երգչի համար այս գնահատակաները շատ կարևոր են։ Մրցանակաբաշխությունից հետո Tert.am Life–ը զրուցեց 2017–ի լավագույն երգչի հետ։ Նա նշեց, որ գիտեր, որ նոմինացված է այս անվանակարգում, իսկ հաղթանակը շատ հաճելի էր։

«Անչափ կարևոր է, երբ երգիչը լինում է գնահատված  իր հանդիսատեսի, Մշակույթի նախարարության, ազգի, պետության կողմից։ Բոլոր  մրցանակները, պարգևները, որ տրվում են երգչին, թևեր են տալիս, որպեսզի արտիստը շատ ավելի  լայն գործունեություն ծավալի, շատ ավելի լուրջ աշխատանք կատարի։ Այս պահին մրցանակն ինձ մեծ ուժ տվեց։ Հիմա արդեն ունեմ շատ մեծ ծրագրեր, որոնք պարտավոր եմ իրականացնել»,– ասաց երգիչը, ով միշտ աշխատանքային պրոցեսի մեջ է և երբեք չի դադարում ստեղծագործել։

Տարիներ առաջ Թբիլիսիից Հայաստան եկած և հայկական երգարվեստում իր քայլերն արած երգիչը երբեք չի սիրել խոսել անձնական կյանքի մասին։ Մրցանակը ստանալիս, սակայն, էրիկը բացառություն արեց և առաջին անգամ բեմից հնչեցրեց սիրելիի` Լանայի անունը։ «Այս մրցանակը մի մարդունն է, ով վստահ եմ`հիմա դիտում է` Լանայինն է»,– ասաց նա։ Էրիկից հետաքրքրվեցինք` արդյոք սա էմոցիոնալ պոռթկման արդյունք էր։ «Չեմ կարծում, որ դա էմոցիոնալ պոռթկման արդյունք էր։ Ուղղակի ես մարդ եմ և կարող եմ իմ շնորհակալական խոսքը հայտնել:

Բոլորը գիտեն, որ ես չեմ սիրում խոսել իմ անձնական կյանքից, որովհետև ես երգիչ եմ, ով պիտի խոսի իր գործերի մասին, սակայն եթե շնորհակալություն եմ հայտնում, պետք է նշեմ բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ ուժ են տալիս, այդ թվում նաև Լանային»,– ասաց նա։

Աղբյուրը՝ life.tert.am