Նազենի Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ որևէ մեկը կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում»

Կանացի զրույց Նազենի Հովհաննիսյանի հետ. կանանց միամսյակի շրջանակում «Նարցիս» վերնատանը հավաքվել էին դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի գործունեությանը հետևող, նրա արվեստի երկրպագու կանայք՝ մեկ օր սիրելի արտիստի հետ անցկացնելու համար: Լրագրող Վարդ Սիմոնյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման մասնակիցների թիվը սահմանափակ էր։

Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանն ու ֆիքսել հետաքրքիր պահերը:

Ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում, երաժշտության հնչյունների ներքո միջոցառմանը ներկա կանայք շփվեցին Նազենիի հետ, լսեցին նրա մտքերն ու կարծիքը տարբեր խնդիրների վերաբերյալ, փոխանակվեցին իրենց մտքերով և հաղորդավարուհուն ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

«Ես ազնվորեն կարծում եմ, որ այստեղ նստած յուրաքանչյուր ոք այնքան լեցուն ու բազմաշերտ մեկն է, որ ես պետք է նրանց հարցեր տամ ինչ-որ բան սովորելու, ինձ հետ տանելու համար։ Իմ խորին համոզմամբ` միակողմանի հարց ու զրույց չի լինում, այսինքն` ցանկացած ճշմարտություն դառնում է ակնհայտ ու հղկվում  է իր կյանքի մեջ, երբ  երկկողմանի է քննարկված: Այսօր առավոտյան պատարագի էի Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Տեր Զաքարիան ամեն անգամ փրկում է ինձ իմ խորը սթրեսներից:  Նորից հանդիպեցի նրան, հարցրեց` ոնց ե՞ս, Նազենի ջան, պատասխանեցի` լավ եմ, փառք Տիրոջը, Տեր հայր, բայց էլ չեմ դիմանում, բարկությունս ինչ-որ շատ է խեղդում այս Պահքի ընթացքում, ասաց` ոսկին կրակի միջով է անցնում։ Պատմեց, որ մի անգամ իմաստուն հայրերից մեկն այսպես է ասել մահից առաջ տանջվող, կյանքում շատ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Ես կարծում եմ`  ճշմարտություն էլ պետք է կրակի միջով անցնի, որ վերջում դառնա լիարժեք ձևավորված լույս տվող մի բան, որից արդեն մարդիկ կսնվեն էներգետիկապես, գիտելիքապես»,-ասաց Նազենին:

Հանդիպման ժամանակ Նազենին ներկաներին հորդորեց իրենց ազատ զգալ ինչպես հարցեր տալու, այնպես էլ նկատողություններ անելու հարցում՝ նշելով, որ դա ևս կարևոր է իր համար:  Անդրադառնալով հարցին, որ կնոջ կերպարը  շատ են շահարկում մեդիատիրույթում, գովազդներում, Նազենին նկատեց, որ դա այն պարզ պատճառով է, որ կինը վառ կերպար է, անկախ նրանից, թե ինչպես են իրեն ներկայացնում:

«Շահարկվում են այն կանայք, ովքեր որոշում են շահարկվել։ Իհարկե, հարցը կա, շատ տխուր վիճակում ենք,երիտասարդները թիրախային կետում են: Երբ նշաձող ես դնում, որ մարդն ամեն առավոտ տանից դուրս գալիս, դասի գնալիս պետք է լինի Քիմ Քարդաշյանի  դեմքով` մազերը սարքած,  դեմքը հաստ շպարով, այդ, այսպես կոչված, նշաձողը ծանրանում  է բոլորիս ուսերին։ Ուզենք, թե ոչ, երբ գնում ենք անգամ եկեղեցի` պատարագի, կարգի ենք բերում մեզ, որովհետև հեռախոսային դարաշրջանում ինչ-որ մեկը կարող է նկարել քեզ, իսկ դու չես ուզում պատմության կամ ինտերներտային մեծ տարածության մեջ մնալ տգեղ, չխնամված, տխուր: Ցավոք, մենք հայտնվում ենք այդ շրջապտույտի մեջ»,-ասաց Նազենին:

Կանանց «անուղեղ» ներկայացնող գովազդային հոլովակները դերասանուհին վիրավորական որակեց և ասաց, որ դրանք ընդհանրապես չի դիտում` չնայած հեռուստատեսային աշխատանքով զբաղվելուն: «Վերջերս ֆեյսբուքում գովազդային մի պաստառ էին քննարկում, որում հարսի զգեստով նիհար աղջնակ էր, մարզասրահի գովազդ էր, որի համաձայն, եթե ուզում ես քո կյանքում ամեն ինչ լավ լինի, քեզ դնես քո երազանքի աղջկա տեղը, պետք է նիհարես: Մենք կարող ենք սա դիտարկել իբրև շատ բացասական մի բան, ինչո՞ւ ենք որոշում, որ նիհար լինելն է լավ։ Իհարկե, մյուս կողմից, եթե շատ անկեղծ լինենք և գնանք ոչ շատ վաղ անցյալ, խորհրդային մտածողությամբ մարդկանց մեջ շատ չաղ մարդիկ չկային։ Ես չեմ ասում` չաղը վատ է: Դա ընդամենը ֆիզիոլոգիա է։ Ես ունեմ ազգականներ, որոնց չաղության համար խելագարվում եմ, ունեմ ընկերուհիներ, որոնք թմբլիկ են ու չեմ ուզում, որ նրանք նիհարեն, որովհետև նրանց ամբողջ համուհոտը դրա մեջ է։ Ո՞վ է ասել, որ գեղեցկությունը նիհարության մեջ է»,-ասաց նա:

Նազենին ընդգծեց, որ մեր հասարակության մեջ կանայք բավականին ակտիվ են, տարբեր պետական օղակներում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում: «Կանայք բավականին լուրջ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, լուրջ մարկետոլոգներ են, բայց կանանց հիմնական մասը չունի իր անձի որակի ինքնագիտակցությունը, այ սա է խնդիրը»,– նկատեց նա:

Հանդիպման մասնակիցները խոսեցին բարձրագույն կրթություն ստանալու, աշխատաշուկայում կանանց ներգրավման, զբաղվածության խնդիրների մասին: Նազենին կարծում է, որ յուրաքանչյուր կին ազատ պետք է լինի սովորել–չսովորելու կամ աշխատել–չաշխատելու հարցում:

«Ես շուտով կլինեմ 36 տարեկան: Իմ ամբողջ գիտակից կյանքում՝ 15 տարեկանից աշխատում եմ: Ես տեսել եմ իմ մայրիկին, ով աշխատել է ընդհուպ մինչև իր մահը: Մայրս 60 տարեկանում մահացել է աշխատավայրում: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ է: Չեմ կարծում, որ  որևէ մեկն իմ փոխարեն կուզեր ապրել այն կյանքով, որով ես եմ ապրում: Վիճակագրությունը արհեստական բան է, եթե կինը որոշում է չսովորել, դա նրա ազատ  ընտրությունն է, եթե, իհարկե, նրա ազատ ընտրությունն է։ Կիսատ, թերի, անհասկանալի կրթություն ստացած կինը ավելի զզվելի է, քան անկիրթ կինը, որն ուղղակի իր գենի բնազդով է ապրում: Դա ավելի բարոյական ու ազնիվ է: Նկատի ունեմ, մենք ո՞ր դիտանկյունից ենք նայում հարցին և ո՞վ է որոշել, որ երեք դիպլոմ ունեցող կինը լավն է, բարոյական է կամ ճիշտ ընտանիք է վարում, ո՞վ է դա որոշել, որտե՞ղ է դա գրված»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում այսօր կրթություն ասվածը չափազանց հարաբերական է:

Դերասանուհին նկատեց, որ ծիծաղելի է դիպլոմի կազմի գույնով ապրելը։ Որևէ աշխատատեղ իրենից չի պահանջել դիպլոմի առակայություն։ Հայ կանանց ֆենոմենի, հայ ընտանիքի, կարծրատիպերի, ավանդական և արդիական արժեքների շուրջ հետաքրքիր քննարկումը երկար տևեց՝ ներկաներին հնարավորություն տալով անցկացնել մեկ օր Նազենիի հետ:

Աղբյուրը` life.tert.am