«Շատ հուզվեցի, իսկապես, մեծ անակնկալ էր». կնոջ անակնկալը Արմուշի 41–ամյակին

Դերասան Արմուշը, ով ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ–ում, օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա Tert.am Life–ին պատմել է կնոջ, որդու և ընկերների պատրաստած անակնկալի, 41 տարիների ձեռքբերումների ու երազանքի մասին։

«Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին աշխատում եմ այստեղի ռեստորաններից մեկում` որպես շոումեն։ Ծննդյանս օրն ու նախօրեն աշխատանքային էին։ Երեկոյան 11։30 ավարտել էի աշխատանքս, շտապում էի վերադառնալ տուն, որպեսզի կնոջս` Լուսինեի հետ կեսգիշերին նշեմ ծնունդս, սակայն աշխատանքային մտերիմ ընկերներս` Նարեկ Մակարյանը, Միստր X–ը, Ջոնի Կարապետյանը և այլք, ամեն ինչ արեցին, որպեսզի շուտ դուրս չգամ։ Միստր X–ն ասաց, որ ընկերը պետք է գա, հարսանիքի համար պայմանավորվենք, մյուս տղաները եկան և ասացին, որ պատվեր կա, 12։05 պետք է ծնունդ շնորհավորեմ։ Մեր բենդի տղաներն էլ ասացին, որ անհնար է չմնալս, խնդրել են, որ ես շնորհավորեմ ու բավականին գումար են թողել։ Մի խոսքով, ով ինչպես կարող էր պահեց ինձ աշխատավայրում։ Արդեն կռահում էի, որ տղաներն ինձ կշնորհավորեն։ Կեսգիշերին ինձ հրավիրեցին բեմ, շնորհավորեցին, մեկ էլ տեսնեմ՝ Լուսինեն՝ տորթով, մոմերով եկավ։ Շատ հուզվեցի, ինձ համար դա, իսկապես, մեծ անակնկալ էր, մեծ երջանկություն ապրեցի այդ պահին։ Լուսինեի հետ եղբայրս էր ու իր կինը։ Շատ գեղեցիկ անակնկալ էր»,– ասաց Արմուշը, ով հարազատների հետ մինչ ուշ գիշեր տոնել է տարեդարձը։

Արմուշը նկատեց, որ այսպիսի բաներն իր համար շատ ազդեցիկ են ու ժպիտով պատմեց, թե ինչպես էր արդարանում Լուսինեի առաջ, որ չի կարող կեսգիշերին տանը լինել։ «Ես զանգել,  ասում էի` Լուս, կներես, 12.05 ծնունդ պիտի շնորհավորեմ, արդեն գումար են թողել, չեմ կարող հասնել տուն, բայց պարզվեց այս ամենը նախապես հենց Լուսինեն էր կազմակերպել)»,– ասաց դերասանն ու հավելեց, որ դա իր տարեդարձի ամենատպավորիչ նվերն էր։ Մեկ այլ հուզիչ նվեր Արմուշին մատուցել է ավագ որդին` Դանին։ Նա հայրիկի համար բացիկ է պատրաստել, բանաստեղծություն գրել ու առավոտյան նվիրել նրան։

Տարեդարձի հաջորդ օրն էլ Արմուշին անակնկալ են մատուցել Վարդուհի Ալեքսանյանի պարային ստուդիայում։ Դերասանը խաղում է «Չիպոլինո» մյուզիքլում։ Փորձի ժամանակ բոլոր լույսերն անջատվել են ու ստուդիայի սաները շնորհավորել են Արմուշին։ «Շատ սիրուն անակնկալ էր։ Սկսել եմ հուզվել նման բաներից»,– նկատեց նա։

Տորթի մոմերը փչելիս Արմուշը մտապահել է իր համար ամենակարևոր երազանքը, որպեսզի իր 2 ընտանիքի անդամները լինեն առողջ։

41–ամյա դերասանը նշեց, որ տարիքից չի վախենում, բայց հասկանում է, որ մեծանում է։ «Երբ փոքր էի, 40 տարեկան մեկին տեսնում էի, ասում էի` «ձյաձյա», հիմա հասկանում եմ, որ ես եմ արդեն «ձյաձյա»,– իրեն բնորոշ հումորով պատասխանեց Արմուշը, ով իր 41 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքին` կնոջը, երեխաներին, ծնողներին, քույրերին։ Մասնագիտական ամենամեծ ձեռքբերումն էլ Արմուշը համարում է այն, որ իր կյանքում հնարավորություն է ունեցել և մինչև օրս կարողանում է զբաղվել սիրելի աշխատանքով։

Ամենամեծ բացթողումը մտաբերել դերասանը դժվարացավ. «Բացթողումներ կյանքում շատ են լինում։ Որքան մեծանում ես, հետ ես նայում ու ասում` այսինչ բանը պիտի արած լինի, ափսոս որ չեմ արել, սակայն շատ մեծ բացթողում, որպես այդպիսին, չեմ ունեցել»։

Դերասանն իրեն երջանիկ է համարում։ Ասում է` կյանքի ամենակարևոր մարդիկ` մայրը, քույրերը, կինը, երեխաները, կողքին են։ Թե ինչն է իրեն պակասում լիակատար երջանկության համար դերասանը կեսկատակ ասաց` մի քիչ փող, շա՜տ փող։

Աղբյուրը՝ life.tert.am