Մնում է Սբխեչն էլ առիթ դարձնեն, որ ինչ-որ մեկին մի մեդալ տան. Ռաֆայել Երանոսյան

Life.panorama.am-ը դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ զրուցել է վերջերս ԱՄՆ կատարած շրջագայության, այնտեղ անցկացրած հանգստի, առաջիկա անելիքների, ինչպես նաեւ Մարտի 8-ին կանանց շնորհված պարգեւատրումներից հետո մեծ տարածում գտած իր զավեշտալի տեսանյութի մասին:
Կամերային թատրոնի դերասանը ԱՄՆ էր մեկնել հատուկ ծրագրով՝ Աշոտ Ղազարյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ մասնակցելու ամերիկահայ հանդիսատեսի համար կազմակերպված հումորային համերգին:
«ԱՄՆ-ում ներկայացումով էինք հանդես գալիս, որը գրված էր այնտեղի հայերի համար: Ներկայացման տեսքով առաջին անգամն էր համագործակցությունը Աշոտ Ղազարյանի եւ Արփի Գաբրիելյանի հետ. շատ հաճելի էր նրանց հետ համագործակցելը: Ներկայացման սցենարը գրել էր Արմեն Վարդանյանը, բեմադրել էր Արշալույս Հարությունյանը: Ներկայացումը, որը գրված էր հենց լոսահայության համար, հաջող անցավ, լեփ լեցուն դահլիճում»,- պատմեց Ռաֆայելը, իսկ հարցին, թե տվյալ ներկայացումը երեւանյան հանդիսատեսին չեն ներկայացնի, պատասխանեց.
«Այն հումորները, որ կար ներկայացման մեջ, այնտեղի համար էր, այստեղ, կարծում եմ, չեն հասկանա: Եթե Հայաստանում այն խաղանք, ապա պետք է ադապտացնել այստեղի հանդիսատեսի համար»:
Պատասխանելով հարցին, թե տարբերվո՞ւմ է ԱՄՆ-ի հանդիսատեսը Հայաստանի քննադատ հանդիսատեսից, Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ երբ հանդիսատեսին ներկայացվում է որակյալ գործ, հանդիսատեսը վայելում է, եթե ներկայացվում է քննադատման ենթակա գործ, ապա բնական է, որ պետք է քննադատեն:
«Եթե առողջ է քննադատությունը, ապա գովելի է: Կապ չունի հանդիսատեսն այստեղի է, թե՝ այնտեղի: ԱՄՆ-ում բնակվողները այստեղի բարքերից քաջատեղյակ են, եւ երբ դու այստեղից գնում ես, բնականաբար, նրանք կարոտով, ավելի ջերմությամբ են վերաբերում, ծափահարում, որովհետեւ իրենք կարոտով են նայում քեզ: Հայը մնում է հայ, եթե դու լավ բան ես անում, հանդիսատեսի գտնվելու վայրը կապ չունի, նա, միեւնույն է, ծափահարելու է քեզ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանգստին, ապա այն, Ռ. Երանոսյանի խոսքով, շատ լավ, չափից դուրս լավ է անցել, որովհետեւ ամեն օր ընկերների հետ է անցկացրել.
 «Երբ շրջագայությունն ավարտվեց, ես որոշեցի հանգիստս կազմակերպել եւ մի քիչ մնալ այնտեղ՝ ի դեպ՝ ոչ միայն հանգստանալու, այլ նաեւ ստեղծագործելու: Նախ լավ հանգստացա, ապա պատրաստեցի իմ նոր Stand up-ը, որը շուտով կներկայացնեմ հանդիսատեսի դատին»:
Խոսելով Stand up ներկայացման մասին՝ դերասանն ասաց, որ, հավանաբար, այն բեմում կլինի մայիսին՝ իր սիրելի Կամերային թատրոնում:
«Ներկայացման վերջնական վերնագիրը դեռ որոշված չէ, բայց կլինի հետաքրքիր ներկայացում: Առաջին անգամ եմ այդ ժանրում հանդես գալու բեմից, ինչի համար շատ ուրախ եմ, բայց նաեւ չեմ ժխտում, որ դա անում եմ, որ նաեւ գումար աշխատեմ», – կեսկատակ-կեսլուրջ խոստովանեց դերասանը՝ մանրամասնելով.
«Թեման լինելու է մեր մասին. խոսելու եմ հայերի մասին, հայի տեսակի, առանձնահատկությունների մասին, նաեւ՝ թերությունների, որ ամբողջ աշխարհին ներկայացնում ենք՝ որպես առավելություն: Եթե մինչեւ հիմա մենք բուրդ ենք «չփխում», ապա դա նորմալ է, եթե մենք մինչեւ հիմա լվացքը կախում ենք դրսում՝ պարանի մի ծայրից մյուսը, ապա դա նորմալ է, ոչինչ, որ ամբողջ աշխարհում այդպես չէ: Ոչինչ, որ երկնաքերեր են կառուցում, իսկ մեր երկրում դեռ «դոմիկում» են ապրում, դա էլ է նորմալ, ճիշտը դա է: Մենք սիրում ենք քննադատել, բայց ոչ ապրել ու վայելել»:
Հարցին, թե stand up-ում կլինե՞ն քաղաքական երանգներ, Ռաֆայել Երանոսյանն ասաց, որ չի ցանկանում որեւէ մեկին քննադատել, միեւնույն ժամանակ չի վախենում քննադատելուց.
«Ես էլ եմ մի մասնիկը մեր երկրի, որին շատ հարցեր են հուզում, որոնց հետ համաձայն չեմ: Բնականաբար, դրանց մասին պետք է խոսել, բայց ես հրապարակախոս չեմ, ես առաջին անգամ դրա մասին խոսելու, մատուցելու եմ այլ կերպ: Ես դա ասելու եմ այնպես, որ բոլորը դրա վրա ծիծաղեն, բայց երբ տուն գնան, մտածեն, որ դա իրականությունն է, եւ մենք ծիծաղում ենք իրականության վրա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նախագծի վրա աշխատում է մեծ խումբ:
Ինչ վերաբերում է հեռուստատեսային զբաղվածությանը, դերասանն ասաց, որ հրավերներ կան, բայց ներկայում, եթե սկսի զբաղվել նկարահանումներով, ապա Stand up-ին հատկացվող ժամանակը կպակասի: Նրա խոսքով՝ գարնանը որեւէ հեռուստատեսային նախագծով հանդես չի գա, բայց ընթացիկ քննարկումներ կան, որոնք, հավանաբար, հեռուստաէկրանին կլինեն ամռանը:
Անդրադառնալով Մարտի 8-ին հայտնի կանանցից մի քանիսին ՀՀ նախագահի կողմից շնորհաված պարգեւատրումներից հետո իր տարածած տեսանյութին,  ըստ որի՝ «խնդրում էր», որ իրեն եւս Մովսես Խորենացու մեդալ շնորհեն, Ռաֆայելն ասաց. «Չեմ ուզում ամպագորգոռ բառեր ասել, որ արվեստագետի տպավորություն չթողնեմ: Ես ոչ մեկին չեմ առանձնացնում, ես տեսանյութում ոչ մեկին չէի ծաղրում, ինձ համար ծիծաղելի էր երեւույթը. մնում է Սբխեչն (Խաչվերաց) էլ առիթ դարձնեն, որ ինչ-որ մեկին մի մեդալ տան, մեր երկրում սպասում են մի փոքր առիթ լինի, որ ինչ-որ մեկին կոչում կամ պաշտոն տան: Ես հիմա մեդալի կռիվ չեմ անում, ես շատ մեդալներ ունեմ, ես մեդալ ստացել եմ թատրոնում ծառայելու համար, դրա մասին ես չեմ բարձրաձայնել ու դրա մասին ոչ մեկ չի իմացել, ի դեպ՝ շնորհակալ եմ, որ Մշակույթի նախարարությունը ինձ նկատել է, բայց ինձ համար իմ ամենալավ մրցանակն իմ հանդիսատեսն է: Անկեղծ կարող եմ ասել, որ ես ունեմ այդ հանդիսատեսը, իսկ կոչումն այդ դեպքում արդեն երկրորդական է: Ես սիրում եմ իմ հանդիսատեսին, իսկ իմ հանդիսատեսը սիրում է ինձ, դա ինձ համար ամենալավ կոչումն է ու մեդալը: Ինձ համար երեւույթն է ծիծաղեի. Այսօր թատրոններում կան դերասաններ, ովքեր անշահախնդիր 50 տարի ծառայել են թատրոնին, եւ կապ չունի լավ դերասան են, թե վատ, կապ չունի տվյալ դերասանին հանդիսատեսը ճանաչում է, թե ոչ, բայց նա անձնվիրաբար 50 տարի ծառայել է թատրոնին: Ինձ թվում է` ճիշտը 70-80 տարեկան այդ մարդուն մեդալ տալն է, որ թոշակառու մարդ է, իրեն էլ ոչինչ պետք չի, միեւնույն է դրանից իր թոշակը չի բարձրանալու, ուղղակի դա ուշադրություն է պետության կողմից՝ որպես շնորհակալություն, որ 12 հազար դրամ աշխատավարձով 50 տարի ծառայել է թատրոնին: Բնական է, որ այդ մեդալը նյութական ոչինչ չի տալու, գուցե նրանց տանը մտածեն, որ «ավելի լավ է դրա փոխարեն 50 հազար դրամ տային», բայց կապ չունի այդ մարդը՝ որպես արվեստագետ, որպես դերասան, իրեն շոյված կզգա: Ոչ թե այսօրվա պես լինի, որ մի միջոցառում լինի՝ մեդալներ ու կոչումներ բաժանեն: Երեւույթն ինձ համար ծիծաղելի է»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ըստ Ռաֆայելի ովքեր են արժանի կոչումներ ու պարգեւատրումներ ստանալ, հավելեց.
«Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ տվյալ մեկն արժանացել է տվյալ մեդալին, ուրեմն արժանի է, որովհետեւ այս երկրում որոշում են ու վերջ: Եթե որոշել են, ուրեմն այդպես է, եթե որոշել են, որ Սահմանադրությունը պետք է փոխեն, ուրեմն այդպես է միանշանակ: Իրականում հիմա ոչ մեկս էլ արժանի չենք նման կոչումների. կոչումները, մեդալները, վաստակավորները արդեն իսկ իրենց անուններով ասում են, թե ում պետք է հանձնել եւ երբ: Հինգ տարի խաղալով, երգելով կամ պարելով՝ դեռ չի նշանակում, որ այդ կոչումը վաստակել ես, դա վաստակում են տարիների ընթացքում եւ դա տալիս է հանդիսատեսը, ոչ թե ինչ-որ մեկը»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am