«Շատ կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ խոսի». Գոհար Հարությունյան

Հունիսին Երևանում կկայանա Գոհար Հարությունյանի կազմակերպած «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթը։ Այժմ նրանք իրականացնում են մասնակիցների հայտագրում` 17–26 տարեկան չամուսնացած աղջիկների շրջանում։ Գոհարի նախաձեռնած նախորդ մրցույթի` «Միսս Արմենիա 2017» շուրջ քննարկումներ ծավալվում են մինչև օրս։ Մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին էլ չեն դադարում քննադատել արտաքին տվյալների, վերջերս` նաև խոսքի համար։

Tert.am Life–ը Գոհարի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է աղմուկն անդրադառնում հայտերի քանակի վրա և ինչպես են նախապատրաստվում նոր մրցույթին։

–Գոհար, «Միսս Արմենիա»–ի շուրջ աղմուկը և քննադատությունները չեն դադարում մինչև հիմա։ Վերջերս էլ մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում։ Ինչպե՞ս է այս ամենն ազդում հայտերի քանակի վրա։

–Այս տարի ավելի քիչ են հայտերը։ Այո, դա պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվանից շատ քննարկվեց Լիլիի արտաքինը, ինտելեկտը։ Շատ քարկոծեցին նրան։ Բոլոր աղջիկներն են երազում լինել արքայադուստր, հայտնվել նման բեմում, սակայն այդ ամենը խանգարում է նրանց մասնակցել` մտավախություն ունեն, որ իրենք էլ կարժանանան նույն իրավիճակին։ Ի վերջո, ոչ ոք ապահովագրված չէ, որ ամեն ինչ այնքան լավ կանի, իր արտաքինն այնքան կհավանեն, որ բարի կգտնվեն և միայն լավը կխոսեն։

Ինձ համար ցավալի է, որ, այսպիսով` խոչընդոտում են մրցույթին, սակայն մենք գնալու են «Միսս աշխարհ» և «Միսս տիեզերք»։ Կընտրենք այն աղջիկներին, որոնք համարձակ կգտնվեն և կմասնակցեն մրցույթին։ Այս պահին ավելի շատ մասնակիցներ ունենք Սփյուռքից։ Երևի, տեղյակ չեն` մեզ մոտ ինչ է կատարվում։) Իրենց մոտ ավելի մեծ ոգևորություն կա, 24 հավանական թեկնածուից մոտ 10–ը արդեն Սփյուռքից են։

Լիլիի անվան շուրջ բարձրացած վերջին աղմուկից հետո էլ եղել են հայտագրումներ։ Կարծում եմ` նրանք այն աղջիկներն էին, որոնք կարծում են, որ իրենք կարող են լավ խոսել, ելույթ ունենալ։ Համոզված եմ, եթե հաջորդ անգամ ընտրվի այնպիսի մեկը, որը կկարողանա լիարժեք արտաբերել իր մտքերը, կգտնվի մեկ այլ թերություն։ Մարդն անթերի չէ, միշտ կարելի է գտնել թերություն։

–Երբ Լիլին ընտրվեց «Միսս Արմենիա 2017», Դուք ասացիք, որ միայն արտաքին տվյալները բավարար չեն, գեղեցկուհին պետք է աչքի ընկնի նաև իր խելացիությամբ, կայացածությամբ, սակայն Լիլիին շարունակում են քարկոծել։ Նա դեռ չի արել այնպիսի քայլ, որը մարդկանց կստիպի ասել`արժանի էր կոչմանը։

–Ես չեմ արդարացնում։ Լիլին ունի այդ բացը` կապված խոսքի հետ։ Նա դեռևս 17 տարեկան է և աշխատելու շատ տեղ ունի։ Իհարկե, դա լավ չէ, ես միշտ հորդորում եմ, որ Լիլին աշխատի իր վրա, որովհետև նա միշտ կրելու է «Միսս Արմենիա» տիտղոսը։ Ես էլ եմ որոշ բաներից դժգոհ, բայց չի կարելի քարկոծել։ Ժամանակ է պետք թերությունները հարթելու համար։

Չմոռանանք, որ սա գեղեցկության մրցույթ է և առաջնային ուշադրություն ենք դարձրել արտաքնին, սակայն ներկայանալի լինելու վրա հիմա էլ եմ շեշտադրում անում։ Շատ կարևոր է, որ գեղեցկուհին նաև գեղեցիկ խոսի։ Այս տարի կփորձենք այնպես անել, որպեսզի ժյուրիի անդամները մրցույթից 1 օր առաջ աղջիկների հետ շփվելու հնարավորություն ունենան, տեսնեն` ինչպես են նրանք շփվում, ինչպես են ժպտում և այլն։

–Գոհար, 1 տարի առաջ, երբ նոր էիք սկսում «Միսս Արմենիա»–ի աշխատանքները, ասում էիք, որ գնում եք հեղինակազրկված մրցույթի հեղինակությունը բարձրացնելու ուղղությամբ, սակայն այսօր կա հովանավորների, մասնակիցների քանակի անկում։ Ինչո՞ւ չստացվեց անել դա։

–Ուզում եմ, անպայման, նշել, որ հասարակության տրամադրվածությունը շատ բացասական է։ Կարելի էր նույն մրցույթի, նույն գեղեցկուհու մեջ տարանջատել դրականն ու բացասականը` խոսելով թե՛ մեկի, թե՛ մյուսի մասին։ Բոլորը հիմնվում են միայն բացասականի վրա։ Չխոսեցին մեր կազմակերպած գեղեցիկ շոու ծրագրի, նախամրցութային շրջանի մասին։ Հայաստանում երբևէ չէր եղել, որ աղջիկները 14 օր գտնվեն մի վայրում, տարբեր միջոցառումների մասնակցեն։ Շատ կուզեի, որ նշվեր դրականը, թե ինչ լավ է, որ Հայաստանն առաջին անգամ ներկայացավ «Միսս աշխարհ»–ին։ Պետք է այնպես անենք, որ հաջորդ տարի մասնակիցների թիվն ավելի շատ լինի, որպեսզի կարողանանք ավելի լավ գեղեցկուհի ընտրել։ Բացասական բոլոր խոսակցություններն ու ծաղրանքը մարդկանց ձեռք է տալիս, որովհետև չեն ներում գեղեցկուհուն իր գեղեցկության համար։

Մենք  չենք կարող գնալ Հյուսիսային պողոտա կամ տանից գեղեցկուհի գտնել և թագադրել։ Իրենք պետք է դիմեն և մասնակցեն։ Ես անմնացորդ նվիրվել եմ հեղինակությունը վերականգնելու գործին, սակայն, ըստ երևույթի, 1-2 տարի է պետք։ Մարդիկ չեն հասկանում, թե այս ամենը որքանով է լուրջ։ Եթե վատն են խոսում, մասնակիցները քիչ են լինում։ Մենք, միևնույն է, գնալու ենք այդ մրցույթներին, բայց ավելի վատ ենք  ներկայանալու։ Մեզ համար սա կարևոր է, մենք դրսում ներկայացնում ենք ոչ միայն գեղեցկուհուն, այլև մեր մշակույթը, ավանդույթները, ինչը կարևոր է փոքր երկրների համար։ Եթե քարկոծենք, վատաբանենք, չի կարող լավ լինել, որովհետև ես մենակ չեմ կարող պայքարել դրա դեմ։

Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ նույնիսկ չեն տարանջատում, որ սա չամուսնացածների մրցույթ է, այնքան սահմանափակ գիտելիքներ ունեն գեղեցկության մրցույթների մասին։ «Միսս»–ը չի կարող  ամուսնացածների համար լինել։ Պետք է կրթել, իսկ կրթելու համար ժամանակ է  պետք։

Աղմուկը վատ է անդրադարձել նաև մեր գործընկերների վրա։ Իհարկե, ունենք նաև գործընկերներ, որոնց հետ շարունակում ենք համագործակցել։

Աղբյուրը՝ life.tert.am