«Որտեղի՞ց մարդկանց այդքան ագրեսիա». Դիանա Գրիգորյանը` պետական մրցանակ ստանալու մասին

Պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը երեկ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ` հեռուստատեսության ոլորտում ունեցած ավանդի համար։  Դիանան առաջին անգամ է պետական մրցանակի արժանանում։ Tert.am Life–ի հետ զրույցում նա ասաց, որ այս մրցանակը հաճելի անակնկալ էր, որով գնահատվում է իր աշխատանքը։

«Մրցանակ ստանալը բավականին հաճելի և հուզումնալից է, որովհետև արժանանում ես պետական մրցանակի, որը քեզ շնորհում է հանրապետության նախագահը։ Գնահատվում է քո տարիների աշխատանքը։ Ես արդեն 20 տարի է` այս գործունեությունն եմ ծավալում։ Ես միշտ աշխատել եմ, իմ աշխատասիրությունը եղել է, կա և կմնա, սակայն այս գնահատականն այլ ուժ է տալիս։ Որ բնագավառում ուզում ես աշխատիր, գնահատանքը մի ուրիշ ուժ է, ոգեշնչման աղբյուր, որից սնվում ես, վերալիցքավորվում»,– նշեց նա ու շնորհավորեց մյուս մրցանակակիրներին` շեշտելով, որ երեկ հավաքված էին ուժեղ կանայք, ովքեր ակտիվ գործունեություն են ծավալում մեր իրականության մեջ։

Երեկ պետական պարգևներ են ստացել շատերը, սակայն հասարակությունն ամենից շատ քննարկում է Դիանա Գրիգորյանի մրցանակ ստանալը` քննադատելով այս որոշումը։ Շատ քննադատություններ վերաբերում էին Դիանայի գործունեության ձևաչափի և մեդալի անհամադրելի լինելուն։ Դիանան նկատեց, որ ինքը մրցանակ է ստացել հեռուստատեսության  ոլորտում ունեցած ավանդի համար։

«Հրամանագրի մեջ ասվում է` ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ` Հեռուստատեսության բնագավառում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գոռի Գրիգորյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Սա է պատասխանը։ Ես 20 տարի է` աշխատում եմ հեռուստատեսությունում և ծնունդ եմ տալիս միայն հեղինակային հաղորդումների և նախագծերի, որոնք մշտապես լինում են վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականում»։

Դիանան կոչ է անում մարդկանց ավելի բարի լինել միմյանց հանդեպ. «Այսօր գեղեցիկ տոն է, երբ մարդիկ պետք է շնորհավորեն իրենց կանանց, մայրերին, քույրերին, սակայն առիթը բաց չեն թողնում, իրենց մաղձը թափելու ինձ վրա։ Եթե մարդիկ, այդ թույնը թափելով ինձ վրա, մի փոքր ավելի ուշադրության կարժանացնեն իրենց կանանց կամ կերջանկացնեն նրանց, ես պատրաստ եմ։ Ես զարմանում եմ` որտեղի՞ց մարդկանց այդքան ագրեսիա, ինչո՞ւ են այդքան չար, ինչո՞ւ են վիրավորում մի մարդու, որը կին է, մայր և դուստր։ Մարտի 8–ը նշվում է որպես կանանց միջազգային օր, կանանց իրավահավասարության օր, արի ու տես, միևնույն է, կնոջ հաջողությունը դժվարամարս է բոլոր ժամանակներում,– ասաց նա ու իր շնորհավորանքը հղեց բոլոր կանանց,– Այսօր գեղեցկության տոնն է, ինձ համար ամենագեղեցիկ կինը մայրն է։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին, մաղթում եմ, որպեսզի լինեն առողջ, մեր կողքին և որևէ կերպ իրենց աչքերը չթրջվեն»։

Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ Դիանան է դիմել մրցանակ ստանալու համար, նա պարզաբանեց, որ  նման բան չի եղել։ «Ես նույնիսկ տեղյակ չեմ եղել։ Ինձ հրավիրել են թեյախմության, գնացել եմ։ Առհասարակ, տեղյակ չեմ եղել, որ ինձ մրցանակ են տալու»,– նշեց նա։

Պրոդյուսերը շնորհակալություն հայտնեց բոլոր ընկերներին, որոնք իրենց շնորհավորանքներով գնահատում են իր աշխատանքը։ «Շնորհակալ եմ բոլորին։ Դա է իմ պարգևը»,– եզրափակեց նա։

Աղբյուրը՝ life.tert.am