Ինձ համար մեծ նշանակություն ուներ այն, որ ես չեմ կերտելու կրիմինալ մեկին, ում կերպարով շատ-շատ եմ հանդես եկել. Արամո

Հանրային հեռուստաընկերությունը սկսել է նոր` «Ճակատագրի պատասխանը» հեռուստասերիալի ցուցադրությունը, որտեղ նկարահանվում է նաեւ երգիչ, դերասան Արամոն, ով Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:
«Այս նախագիծն արդեն նկարահանման ընթացքի մեջ էր, երբ Հանրայինից ինձ զանգեցին ու ասացին, որ մի կերպար կա, որի համար ինձ են պատկերացնում: Ծանոթանալով ֆիլմի գաղափարին ու կերպարիս տեսակին` համաձայնեցի նկարահանվել ու կերտել բնիկ երեւանցի Կարոյի կերպարը, ով տուրիստական ընկերության ղեկավար է եւ ամեն ինչ անում է, որպեսզի մեր երկրում տուրիզմը զարգանա: Ի դեպ` ինձ համար մեծ նշանակություն ուներ այն, որ ես չեմ կերտելու կրիմինալ մեկին, ում կերպարով շատ-շատ եմ հանդես եկել ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսական արտադրության ֆիլմերում»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Ճակատագրի պատասխանը» շոշափում է մեր օրերի ամենակարեւոր խնդիրը` արտագաղթն ու հայրենադարձությունը: Արամոյի խոսքով` հայրենադարձության թեման այս նախագծում մասնակցելու իր որոշման վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել.
«Ֆիլմն այն մասին է, որ դրսում ապրող մեր հայրենակիցները որոշեն վերադառնալ հայրենիք: Սա շատ կարեւոր ու մեծ խնդիր է, որը պետք է լուծի մեզնից ամեն մեկը: Մարդիկ օր օրի ավելի շատ են ուզում հեռանալ Հայաստանից սոցիալական խնդիրների պատճատով: Դրա համար արտագաղթը նվազեցնելու համար նախ մեր երկիրը պետք է ավելի բարենպաստ դարձնել: Մեծ ցավով եմ նշում, բայց այսօր Հայաստանում շատ վայրեր կան, որտեղ մարդիկ հասարակ ջրին կարոտ են եւ դույլերով կրում, տանում են իրենց տուն, իսկ այդպես ապրելը շատ դժվար է: Մի թեւավոր խոսք կա հայերի շրջանում` «Որտեղ հաց, այնտեղ կաց», ես չեմ ուզում, որ այդ խոսքը գործի, պետք է ստեղծվի այնպիսի վիճակ, որ ամեն մարդ ապրի այն երկրում, որտես ծնվել ու մեծացել է: Վստահ եմ, որ ոչ մի հայ չի ուզում լքի Հայաստանը, գուցե մարդիկ աշխատանքից ելնելով գնում են, բայց հոգով հաստատ այստեղ են»,- նկատեց Արամոն:
«Ճակատագրր պատասխանը» հեռուստանովելում ընդգրկված են մի շարք սիրված դերասաններ: Արամոյի խոսքով` իր համար շատ կարեւոր է, թե ովքեր են խաղում այն նախագծում, որտեղ ինքը եւս պետք է ներկայանա:
«Երբ զանգ ստացա այս նախագծի համար, առաջինը հարցրի, թե ովքեր են խաղում, քանի որ ինձ համար դա շատ կարեւոր է: Ինձ միշտ շատ հետաքրքիր է, թե ովքեր են լինելու իմ խաղընկերները, իսկ այս պարագայում անունները լսելիս, հասկացա, որ բավականին պրոֆեսիոնալ մարդկանց հետ եմ գործ ունենալու, ովքեր ունեն մասնագիտական ու կյանքի փորձ»,- հավելեց նա:
Արամոյի հետ խոսեցինք նաեւ «Տրամվայ. Ցանկություն» ներկայացման մասին, որի պերմիերան կայացավ փետրավարի 13-ին:
«Սա հիանալի ներկայացում է, Սուրեն Շահվերդյանի մոտեցումն էլ իսկապես շատ հետաքրքիր է: Կարեւոր է, որ լավ դերասանական խումբ է հավաքված` ի դեմս Ստեփան Ղամբարյանի, Նարինե Պետրոսյանի եւ Լուիզա Ղամբարյանի: Մենք միասին բեմում մեզ շատ լավ ենք զգում, ինչը լավ արդյունքի համար կարեւոր հանգամանք է: Այստեղ շոշափվում է համամարդկային թեմա, որը հանդիսատեսին իսկապես մտածելու առիթ է տալիս: Կարեւոր է, որ այս ներկայացման կառուցվածքը շատ հստակ է, այն ունի կոնկրետ սկիզբ ու վերջ, տրամաբանություն, ասելիք, այն դերասանին խաղարկային ճիշտ վիճակի մեջ է ներկայացնում: Ըստ իս` ներկայացումը ստացված է, դա նաեւ վկայում է հանդիսատեսի արձագանքը: Ի դեպ` մարտի 13-ն եւ 28-ին մենք ներկայացում ունենք, ուստի սիրով բոլորին հրավիրում եմ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»,- ավարտեց Արամոն:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը՝ life.panorama.am