Ցանկացած երջանիկ տղամարդու կյանքում ամենամեծ դերը հենց կինը պետք է ունենա. Գնել Ուլիխանյան

Life.panorama.am-ը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ զրուցել է դերասան Գնել Ուլիխանյանի հետ ու տեղեկացել, թե ինչպես է նա  պատրաստվում տոնական օրը անցկացնել կնոջ եւ դստեր հետ:
Գնելը զրույցի սկզբում նախ նշեց, որ իր եւ բոլոր տղամարդկանց կյանքում կնոջ դերը շատ մեծ է.
«Կինն իմ կյանքում ամենակարեւոր ու մեծ դերն ունի, եւ առհասարակ, կարծում եմ`  ցանկացած երջանիկ տղամարդու կյանքում ամենամեծ դերը հենց կինը պետք է ունենա, իսկ ես ինձ երջանիկ տղամարդ եմ համարում: Եվ ընդհանրապես, լինի սիրելիի, մոր, թե դստեր տեսքով կնոջ նշանակությունը շատ մեծ է իմ կյանքում եւ փառք Աստծո այդ երեք ուղղություններով էլ ես հարուստ եմ. դրանում համոզվում եմ ամեն Աստծո օր»,- նշեց դերասանը:
Գնել Ուլիխանյանը նկատեց, որ հանուն սիրո պատրաստ է ամեն ինչի.
«Ես պատրաստ եմ անել անգամ անհնարինը, միայն թե կինս լինի երջանիկ եւ միշտ ժպտա: Ես ոչ միայն պատրաստ եմ ամեն ինչ անել, այլեւ հպարտությամբ կարող եմ նշել, որ դա միշտ եմ անում: Իմ կնոջ կյանքում ես անփոխարինելի տեղ ունեմ, եւ դրա մասին է վկայում մեր ամուր ընտանիքը»,- ընդգծեց նա:
Խոսելով Մարտի 8-ի մասին` Գնելը հիշեց այս տոնի հետ կապված մի պատմություն, որն, իր խոսքով, մշտապես ծիծաղելով է հիշում.
«Մի քանի տարի առաջ ընկերներով որոշել էինք մեր կանանց համար ռոմանտիկ օր կազմակերպել: Դե կանայք, ինչպես պետքն է, գեղեցկացել էին, պատրաստվել` հաշվի առնելով ամեն մի մանրուք, բայց մենք նախապես ոչ մի տեղ չէինք պայմանավորվել, իսկ մեր քաղաքում այդ օրը ոչ մի ազատ տեղ չգտանք: Արդյունքում ստիպված արդեն ուշ երեկոյան խինկալիանոցում նշեցինք Մարտի 8-ը, ճիշտ է` ռոմանտիկ երեկո չստացվեց, բայց կարեւորը կուշտ հաց կերանք»,- ժպիտով պատմեց դերասանը:
Անդրադառնալով այսօր տոնը նշելուն եւ նվերներին` Գնել Ուլիխանյանը նշեց.
«Իհարկե, միշտ էլ հաճելի է նվերներ մատուցել ու ստանալ: Ես ու Աննան երբեք տոների չենք սպասում, որ իրար նվերներ մատուցենք: Մենք շատ հաճախ ենք միմյանց համար անակնկալներ մտածում ու անում, իհարկե, եթե անկեղծ լինեմ, ապա կխոստովանեմ, որ այդ հարցում Աննան ավելի ակտիվ է: Ինչ վերաբերվում է այսօրվա նվերին, արդեն մեկ շաբաթ առաջ եմ պատրաստել: Ի դեպ` առաջին տարին է, որ նվեր եմ պատրաստել ոչ միայն կնոջս, այլեւ դստերս` Մալվինայի համար: Պետք է խոստովանեմ, որ դա շատ հաճելի եւ պատասխանատու պահ էր ինձ համար: Հուսամ` նրանք կհավանեն հայրիկի նվերները»:
Զրույցի վերջում Գնելը հղեց նաեւ իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը.
«Շնորհավորում եմ առաջինը մայրիկիս եւ բոլոր հայ մայրերին, նրանց ամենակարեորը առողջություն եմ մաղթում: Շնորհավորում եմ նաեւ կնոջս եւ ուզում եմ կրկին ասել, որ շատ եմ սիրում նրան: Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց, քրոջս ու առհասարակ բոլոր քույրերին: Իսկ ամենկարեւորն ու սրտանցը շնորհավորում եմ իմ աղջկան` Մալվինային, պապան աշխարհում ամենաշատը իրեն է սիրում»:
Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան
Աղբյուրը life.panorama.am