Գրիշա Աղախանյանի «անհավանական» 50–ամյակի համերգի հետաքրքիր պահերը, նվերներն ու հայտնի հյուրերը

«50 տարին չոքեց դուռս» երգն իր տարբերակով Գրիշա Աղախանյանը ներկայացնում էր դեռևս 20 տարի առաջ, երբ 30 տարեկան էր։ Այսօր արդեն 50 տարին «չոքեց» շոումենի դուռը, և նա որոշեց տարեդարձը միայնակ կամ միայն ընտանիքի հետ չնշել, այլ իսկական հայկական քեֆ անել հարյուրավոր հանդիսատեսի հետ` Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։

Tert.am Life–ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը ինչպես համերգային հատվածից, այնպես էլ հետնաբեմից։

Գրիշա Աղախանյանի «Իմ առաջին 50 ամյակը» խորագրով համերգին ներկա էին շոու բիզնեսի հայտնի դեմքերը, եթե ոչ մասնակցի, ապա հյուրի կարգավիճակով։ Արթուր Գրիգորյանի, Սևակ Խանաղյանի, Մկոյի, Լևոն Հարությունյանի, Արամ MP3–ի, Գարիկի և Սոնայի, Աշոտ Ղազարյանի, XFactor–ի ֆինալիստների, Հայկոյի, Լևոն Մալխասյանի, Արամոյի մասնակցությամբ համերգը վարում էր Հրանտ Թոխատյանը։ Գրիշան համերգի ընթացքին հետևում էր հանդիսատեսի շարքերից։

Գրեթե, բոլոր ընկերները Գրիշայի կողքին էին։ Օրինակ, Գարիկը վիրահատությունից հետո առաջին անգամ էր բեմ բարձրանում։ Թեև երաժիշտը լիարժեք չի կազդուրվել, նույնիսկ հենակին ամրացված կիթառով ելույթ ունենալը նրան չէր խանգարել գալ և շնորհավորել Գրիշային։

Երեկոն անցավ բարձր տրամադրությամբ, կատակներով և, իհարկե, ջերմ բարեմաղթանքներով։ Արթուր Գրիգորյանի ելույթից հետո Հրանտ Թոխատյանի ուշադրությունից չվրիպեց, որ Գրիշան և Գրիգորիչը քավոր–սանիկ են. Արթուր Գրիգորյանը եղել է Գրիշայի առաջին հարսանիքի քավորը։)

Հյուրերից, գրեթե, ոչ ոք չշրջանցեց այն փաստը, որ շոումենի շրջապատում քչերն են հավատում, որ նա 50 տարեկան է։ Շատերին այս հանգամանքն անհավանական է թվում։ Բացի այն, որ Գրիշան  արտաքնապես է երիտասարդ երևում, նաև կենսուրախ ու եռանդուն տեսակով շատերին համոզում է, որ տարիքը դա միայն տարեթվերը չեն։

Օրինակ, Գարիկը կատակեց, որ Գրիշան 50 տարեկան չէ, սա մարկետինգային քայլ էր` համերգի տոմսերը սպառելու համար։ Ի դեպ, դա նրան հաջողվել էր։ Համերգասրահը լեփ լեցուն էր։ Բոլոր տոմսերը սպառվել էին համերգից օրեր առաջ։

«Հենց գիտակցում եմ, որ արդեն 50 տարեկան եմ, մարմինս փշաքաղվում է, որովհետև հասկանում եմ, որ կյանքիս կեսն արդեն ապրել եմ։ Մի զարմացեք, ես որոշել եմ 100 տարի ապրել։ Երբ մի բան  որոշում ես ու հավատում ես այդ որոշմանը, այն իրականանում է։ Օրինակ` այսօրվա երեկոն ունենալու մասին ես 20 տարեկանում էի  որոշել, ինչպես տեսնում եք, կատարվեց։ 100–ամյակս էլ, երևի, համալիրում կնշեմ:)»,– ասաց նա ու հավելեց, որ, երբեմն, ստիպված է լինում անձնագիր ցույց տալ, որպեսզի մարդիկ հավատան, որ ինքը 50 տարեկան է։

Գրիշայի 50–ամյակի նվերները բազմազան էին` դիմանկար, ծաղիկներ, անձնական նվերներ։ Համերգը եզրափակվեց Գրիշայի կատարումներով։ Նա երգեց սպասված «50 տարի» երգը և այլ ստեղծագործությունններ, որոնք հանդիսատեսն ընդունեց ջերմ ծափողջույններով։ «Ի վերջո, հիթային «50 տարի» երգը, որ երգում էի 30 տարեկանում ու ինձ թվում էր, թե երգում եմ տարիքով մարդկանց մասին, այսօր եկավ ու չոքեց դուռս»,– նկատեց շոումենը։ Երեկոյի ավարտին բեմ բարձրացավ Գրիշայի և Շողեր Թովմասյանի որդին ու շնորհավորեց հայրիկին։

Աղբյուրը՝ life.tert.am