«Չեմ ամաչում, որ շատ հարցերում աղջկաս կարծիքն եմ հարցնում, սովորում». Զարուհի Բաբայանը` 16-ամյա դստեր խորհուրդների և սպասվող անակնկալի մասին

Երգչուհի Զարուհի Բաբայանը վերջերս նոր տեսահոլովակ ներկայացրեց իր լսարանին։ Վերջին ամիսներին սա նրա երկրորդ պրեմիերան է։ Զարուհին, որ վերջին տարիներին աչքի չէր ընկնում ակտիվությամբ, կարծես, երկրորդ շնչառություն է ստացել։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց, որ սկսել է հերթով ներկայացնել այն աշխատանքները, որոնք պատրաստում էր նախորդ տարի։

«Մի շրջան  աշխատանքներ արեցի և եկավ այդ ամենը ներկայացնելու ժամանակը։ Չէի սպասում, որ այսքան շատ արձագանք կլինի։ Շատ ջերմ արձագանքներ եմ ստացել։ Տեսահոլովակում ու երգում շատ սեր կա, որն արժանացել է բոլորի ուշադրությանը։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին աշխատանքը պատրաստելիս։ Գարնանը կներկայացնեմ նաև նոր ձայնասկավառակ»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ նոր ձայնասկավառակը կուղեկցվի անսպասելի երգի ու տեսահոլովակի պրեմիերայով։

«Այն շատերին անակնկալի կբերի։ Անսպասելի կլինի թե՛ ոճային, թե՛ երգի ընտրության, թե՛ մոտեցման առումով։ Շատ ռիսկային աշխատանք է»,– ասաց նա, սակայն չբացահայտեց խոսքն արդեն հայտնի՞, թե՞ նոր գրված երգի մասին է։

Զարուհին կրկին երգում է երջանիկ սիրո մասին։ Ասում է` ամեն մարդ երգում է այն, ինչ կա իր հոգում։ «Ինձ մոտ չկան երգեր կորցրած, չստացված սիրո մասին։ Ես միշտ աշխատում եմ երգել ստացված, հաջողված և գեղեցիկ սիրո մասին։ Երբ մարդը մի քիչ հասունանում է, կարողանում է հասկանալ, որ կյանքում ոչինչ պատահական չի լինում, ինչն այս երգի թիրախն է։  Եթե մենք ավելի ուշադիր լինենք նշաններին, այն ամենին, ինչ կատարվում է մեր կյանքում, կկարողանանք ավելի ճիշտ  որոշումներ կայացնել»,– նկատեց նա։

Երգչուհին իր երգերը հատուկ չի նվիրում ամուսնուն, սակայն դեմ չէ, եթե դա այդպես ընկալվի։ «Ամուսինս սիրում է ասել, որ երգը նվիրել եմ իրեն։) Բնականաբար, սիրո մասին պատմող յուրաքանչյուր երգ մարդկանց մոտ տպավորություն է ստեղծում, որ երգում եմ ամուսնուս։ Ես դեմ չեմ այդ մեկնաբանությանը։ Սերն այնքան լավ բան է, որ մարդուն, իսկապես, երջանիկ ու բարի է դարձնում»,– նշեց Զարուհին։

Նրա նախորդ տեսահոլովակում ներկայացել էր նաև դուստրը`Սոֆի Դևոյան կրտսերը։ Այս տեսահոլովակում Սոֆին չկար, սակայն նրա խորհուրդները տեղ էին գտել աշխատանքում։ «Ես սիրում եմ լսել իր կարծիքը։ Երբ ասում է` մամ, ինչ սիրուն է, ինչ լավ է, ինձ համար կարևոր գնահատական է։ Ինձ հետաքրքր է իր կարծիքը` որպես երիտասարդ։ Մարդն ամբողջ կյանքում  սովորում է, այդ թվում` երիտասարդներից։ Ես չեմ ամաչում այն փաստից, որ շատ հարցերի մասին հարցնում եմ իր կարծիքն ու և իր հետ քննարկումից հետո որոշում կայացնում։ Այս դեպքում իր խորհուրդները հագուստների հետ էին կապված։ Աշխատում էի դիզայներ Դիանա Շատվերյանի հետ, Սոֆչկան էլ էր մասնակցում աշխատանքային պրոցեսին, իր  կարծիքն էր ասում։ Ինչ–որ բան  հավանում էր, ինչ–որ դեպքում փոփոխություն էր առաջարկում»,– պատմեց երգչուհին։

Զարուհին չի բացառում, որ իր հետագա աշխատանքներում հանդիսատեսը կրկին կտեսնի Սոֆիին. «Իմ աղջիկն էլ է ընտրել այս ուղին` նա պարում է, նկարում, մոդելավորում հագուստներ։ Այնպես է ստացվում, որ մեր յուրաքանչյուր գործունեություն ստացվում է համատեղ։ Նա հաճախ կլինի իմ աշխատանքներում»։

Զարուհի Բաբայանը հայտնիության խնդիր չունի, սակայն նրա երգերն ու տեսահոլովակները դիտումների ահռելի քանակ չեն գրանցում։ Երգչուհու խոսքով` չի սրտնեղում սրանից։ «Ես հասկանում եմ, որ այսօր փոխվել են մեթոդները։ Այն, ինչ ժամանակին ինձ համար անթույլատրելի ու անհասկանալի էր, այսօր մեծ տեղ ունի։ Մենք պետք է կարողանանք ադապտանալ տեխնոլոգիական առաջընթացք ապրող դարին, ինչը փորձում եմ անել այնքանով, որքանով որ ստացվում է։ Ամեն դեպքում, ես լիարժեք չեմ օգտագործում  համացանցի գործիքները, դրա համար այն ինձ համար չափանիշ չեն ցանցային դիտումները։ Ես ունենում եմ հյուրախաղեր, համերգներ, որոնց ժամանակ հասկանում եմ, որ շատ մարդ հետևում է իմ գործունեությանը»,– նշեց երգչուհին։

Նոր աշխատանք ներկայացնելը  էժան հաճույք չէ։ Երգիչների շահույթը հիմնականում գոյանում է կորպորատիվ միջոցառումների ելույթներից։ Զարուհուց հետաքրքրվեցինք, թե այսօր որքանով է իր համար շահավետ երգչուհու աշխատանքը։

«Ես մասնակցում եմ  և՛ կորպորատիվների, և՛ բարեգործական  համերգների։ Յուրաքանչյուրն ինչ–որ աշխատանք անում է իր հնարավորությունների սահմաններում։ Կարծում եմ` սխալ է մտածել գումարը կվերադառնա՞, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում ոչինչ չես անի։ Ամեն մարդ ինչ–որ բան անում է իր հնարավորությունների սահմաններում։ Ինչ–որ բան գեղեցիկ ու ճաշակով ներկայացնելու համար անպայման չէ տասնյակ հազար դոլարներ ծախսել։ Դու կարող ես ավելի մատչելի տարբերակներ ընտրել։ Փառք Աստծո, ես կարողանում եմ շատ բաներ անել իմ ընտանիքի ձեռքի տակ եղած միջոցներով և հնարավորություններով,– ասաց նա ու հավելեց, որ իր աշխատանքով առաջին հերթին զբաղվում է իր հաճույքի համար,– Այն շրջանում, երբ ես ելույթներ չեմ ունենում, ինձ լիարժեք երջանիկ չեմ զգում։ Իհարկե, կա նաև մյուս կողմը, երբ ինչ–որ բան քո կյանքում մեծ տեղ է զբաղեցնում, պետք է կարողանաս գումար վաստակել դրանով, որպեսզի կարողանաս անել քո հետագա քայլերը։ Այսօր ես կարողանում եմ անել և՛ առաջինը, և՛  երկրորդը։ Շահույթը մեծ է, թե չէ, կախված է նրանից, թե մարդն ինչքան բան է ուզում այս  կյանքից։ Ինձ պետք է այնքան, որ լինեմ ինքնաբավ։ Երջանիկ լինելու համար հարյուր հազարներ պետք չեն»։

Աղբյուրը՝ life.tert.am