Ցանկություն ունեմ նկարահանվել պատմական ֆիլմում. Սևակ Խանաղյանը՝ Եվրատեսիլին մասնակցության և երազանքի մասին

2018 թվականի եվրատեսիլյան ուղեգրի համար պայքարն արդեն սկսվել է: Հայտնի են այն արտիստները, ովքեր հնարավորություն ունեն Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը դառնալով՝ հայտնվել «Եվրատեսիլ»-ի բեմում: 20 մրցակիցների շարքերում են ոչ միայն երգիչներ, որոնց մասին հանրությունն առաջին անգամ է լսում, այլև՝ այնպիսիք, որոնց արդեն հասցրել է սիրել ու գնահատել:

Aysor.am-ը թեմայի շուրջ և ոչ միայն զրուցել է Սևակ Խանաղյանի հետ: 

– Սևակ, ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք այս տարի հայտ ներկայացնել և մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Պատճառը եվրատեսիլյան ուղեգիր ձեռքբերե՞լն էր, թե՞ պարզապես ներքին միջավայրում մրցելը:

– Ես մասնակցության որոշում կայացրեցի այն բանից հետո, երբ իմացա, որ կարող եմ «Դեպի Եվրատեսիլ»-ին ներկայանալ իմ հեղինակային երգով, ու հաղթելու դեպքում այդ երգով էլ եվրատեսիլյան բեմից ներկայացնել Հայաստանը: Դա ինձ համար շատ կարևոր էր:

– Իսկ պատրա՞ստ եք շատերի նման բավարարվել այն գաղափարով, որ մասնակցությունն ինքնին հաղթանակ է:

– Ոչ, ես մասնակցում եմ հանուն հաղթանակի: Եթե հաղթելու նպատակաուղղվածություն չկա, էլ ո՞րն է մասնակցության իմաստը:

– Ծանո՞թ եք Ձեր բոլոր մրցակիցներին և նրանց ուժերին, ի՞նչ եք կարծում շա՞տ բարդ է լինելու մրցակցությունը:

– Երգերը լսել եմ, կան լավերը (մտածում է, հեղ.) Գիտեք, այս դեպքում ես ոչ մեկի հետ չեմ մրցում: Ինձ համար գլխավորն է՝ ելույթ ունենալ այնպես, ինչպես ինքս եմ կարողանում:

– Այսինքն, այս նախագծում Ձեզ հիմնական մրցակից չե՞ք տեսնում:

– Տեսնում եմ՝ ինձ:

– Ուղեգիրը նվաճելու դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կերպարով կլինեք եվրատեսիլյան բեմում:

– Իհարկե, բայց դեռևս չեմ բացի փակագծերը (ժպտում է, հեղ.):

– Դուք Եվրատեսիլ միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող 12 –րդ մասնակիցն եք: Այս տարիների հայաստանյան ներկայացուցիչներից ո՞ւմ կատարումն եք առավել հավանել:

– Արամ MP3-ի:

– Սևակ, մի փոքր շեղվենք Եվրատեսիլյան անցուդարձից. ծնունդով Տաշիրի Մեծավան գյուղից եք: Մինչև ո՞ր տարիքն եք այնտեղ ապրել, ի՞նչ պատճառով եղավ Հայաստանից Ձեր հեռանալը:

– Մինչև 7-րդ դասարան Մեծավանում եմ ապրել: Հայաստանից մեկնելու որոշումն իմը չէր, այլ` ծնողներինս: Նրանք տեղափոխվեցին, ես էլ, բնականաբար, նրանց հետ:

– Հայ պատանուն դժվար չէ՞ր ինտեգրվել ռուսական միջավայրին:

– Դժվար էր, հատկապես, որ լեզվին չէի տիրապետում: Նաև, տարբեր էր միջավայրն ու մտածողությունը, մենթալիտետը: Որոշ բաներ ինձ համար տարօրինակ էին թվում: Շատ դեպքերում չէի հասկանում՝ ինչպե՞ս կարող է այս կամ այն բանն այլկերպ լինել:

– Ձեր տունը Մոսկվայում է, բայց վերջին շրջանում առավել շատ Հայաստանում եք լինում: Ունե՞ք այստեղ հարազատներ, տուն:

– Այո, Մեծավանի մեր տունը հիմա էլ մնում է: Իհարկե, նաև հարազատներ ունեմ այնտեղ:

– Ձեր ընտանիքը Ձեզ միշտ ուղեկցո՞ւմ է Հայաստան այցելելիս:

– Ոչ, ընտանիքս ոչ միշտ է ինձ հետ գալիս: Իմ հաճախակի բացակայություններին էլ ըմբռնումով է մոտենում:

– Սևակ, լսել եմ, որ շրջապատում Ձեզ երբեմն նաև Սևան են դիմում: Որտեղի՞ց է գալիս անվան պատմությունը:

– Սևա՞ն: Չէ, այդպես ինձ ոչ-ոք չի դիմում: Բայց այ Սևա, դիմում են: Այդպես ինձ Ռուսաստանում ծանոթներս դեռ մանկության տարիներից են դիմում (ժպտում է, հեղ.):

– Սովորաբար. արտաքնապես աչքի ընկնող երգիչներին դերեր են վստահում նաև ֆիլմերում ու սերիալներում: Նման առաջարկ երբևէ ունեցե՞լ եք:

– Առաջարկներ եղել են, բայց դեռ միայն մերժել եմ:

– Կա՞ կերպար, որով կցանկանայիք ներկայանալ:

– Այո, ցանկություն ունեմ նկարահանվել պատմական ֆիլմում:

– Սևակ, կա՞ հատկանիշ, որ առավել եք գնահատում մարդկանց մեջ:

– Այո, ինձ դուր են գալիս խարիզմատիկ մարդիկ (ժպտում է, հեղ.):

Աղբյուրը՝ aysor.am