Հայաստան՝ աշխարհի բնօրրան. Հերթական գլուխգովանությո՞ւն, թե՞` իրականություն

Losarmnews-ը  սկսում  է  հրապարակումների  մի  նոր  շարք, որում  կներկայացվեն  այն  բոլոր  անհերքելի  փաստերը, որոնց հիման  վրա  կարելի  է  Հայկական  լեռնաշխարհը    համարել  քաղաքակրթության  զարգացման  օրրաններից  մեկը:

[/vc_column_text]

[/vc_column][/vc_row]

Շատերի  կարծիքով  նախնադարյան  մարդը  եղել  է  հետամնաց, վայրի  արարած՝ զուրկ  արարելու, հոգևոր  արժեքներ  ստեղծելու  կարողությունից: Սակայն  այս հոդվածներում  կպարզաբանվեն  մի  շարք  առեղծվածներ, որոնք  կապշեցնեն  և  կբացահայտեն  հնագույն քաղաքակրթությունը: Այսօր  կներկայացնենք  երկու  կարևոր  բացահայտումներ, որոնց  շնորհիվ  երկար  ժամանակ  գիտական  աշխարհի  ուշադրության  կենտրոնում էր  Հայաստանը:

Աշխարհի  ամենահին  կաշվե  կոշիկը՝  գտնված  Հայաստանում

Հայաստանը  գինու  արտադրության  բնօրրան.

Առաջին  հայացքից  սրանք  ամենևին  էլ  իրար  հետ  կապ  չունեցող  կթվան, սակայն  այս  երկու  խոշորագույն  բացահայտումները  տեղի  են  ունեցել  միևնույն  հնագիտական  արշավախմբի  կողմից,  և դրանց  ապացույցները  գտնվել  են  միևնույն  վայրում:

Ի՞նչ  եք  կարծում`  սա  հերթական  գլուխգովանությո՞ւն  է, թե՞  իրականություն: Մի՞թե  մեր  նախնիները   կարողացել  են  գինու  արտադրությամբ  զբաղվել, կամ  առավել   ևս  ստեղծել  գինեգործության  հնձաններ: Կամ  հնարավո՞ր  է , որ  կաշվե  կոշիկը  պահպանվի  երկար ժամանակ:

Մինչ  կմտածեք  այս  հարցերի  շուրջ, շտապենք փարատել  ձեր  կասկածները. գիտականորեն  ապացուցված  է, որ  աշխարհի  հնագույն գինու   հնձանը  գտնվում  է  Հայաստանում՝ Արենիի  քարանձավում, իսկ  նույն  քարանձավից   գտնված  կաշվե  կոշիկը  թվագրվում   է  նույն  ժամանակաշրջանով՝ Ք.ա. 4-րդ  հազարամյակ, որը  թերևս  հնագույնն  է  աշխարհում:

Ամեն  ինչ  սկսվեց 2007 թվականից, երբ  Հայաստանի  հնագիտության  ինստիտուտը, Իռլանդիայի   Քորքի  համալսարանը  և  Կալիֆորնիայի  համալսարանը  համատեղ  ուսումնասիրություններ   սկսեցին  Արենիի  քարանձավներում: Այստեղ  գիտական  աշխարհին  մեծ  անակնկալներ  էին  սպասում: Թռչնի  քարանձավում  կամ, ինչպես  հնագետների  մոտ  ընդունված  է, Արենի 1- ում սպասված  քարե  գործիքների  փոխարեն  հնագետները  հանդիպեցին  ապշեցուցիչ  իրերի: Հողի  տարբեր  շերտերում  կային  մեծ  սափորներ, գործվածքներ, պարանով  կապված  եղեգնի  խրձեր, փայտե  իրեր, որոնք  սկզբնական շրջանում հուսախաբ  արեցին  հնագետների սպասելիքները՝ տալով  այն  միտքը, թե  սրանք  նոր  շրջանի իրեր  են, սակայն  հողի ավելի  ստորին  շերտերում  անշարժ  կանգնած  էին  կավե  անոթներ, որոնք  ունեին 5500 տարվա պատմություն: Արշավախմբի  ղեկավարը  Բորիս  Գասպարյանն  էր, նրանց  նպատակը նախամարդու  հետքեր գտնելն  էր, սակայն  բացվեց  այն,  ինչի  մասին  անգամ  պատկերացում  չէին  կարող  ունենալ:

Առաջին  գտածոն, որ  հայտնվեց  անգամ  National  Geographic-ի  շապիկին և  ամիսներ  շարունակ աշխարհի  գիտական  հետազոտությունների  և ուսումնասիրությունների  կենտրոնում  էր,   կաշվե  կոշիկն  էր: Կալիֆորնիայի  և  Օքսֆորդի  համալսարանների  լաբարատորիաներում  իրականացված  ռադիոկարբոնային հետազոտությունները ցույց  տվեցին, որ  այն  Ք.ա. 3500 թ.  է: Հնագիտական  աշխարհը  շոկի  մեջ  էր. օրգանական  նյութը՝  կաշին գոյատևել  է  5500 տարի: Բանն  այն  է, որ  օրգանական  նյութերը  ամենաշատը  կարող  են  պահպանվել  50-100 տարի, իսկ  ինչո՞ւմն  էր  առեղծվածը: Նախ  կոշիկը  շրջված  անոթի  տակ  էր, այդպիսով անոթը  օդամեկուսիչ  դեր  է կատարել, երկրորդ՝ քարանձավում մշտապես  նույն  ջերմաստիջանն է  10-20C◦  և  հենց  նման  միկրոկլիմայի  և  թրիքի  հաստ  շերտի  շնորհիվ  է, որ  կաշին  պահպանվել է՝ չկորցնելով  կոշիկի  ձևը: Ինչ  վերաբերում  է  ձևին, ապա  հարկ  է  նշել, որ  այն  միանգամայն  նման  է  հայկական  ազգագրական  կոշիկներին/նման  կոշիկներ  գտվել  են  նաև  Արևմտյան  Եվրոպայից, հետևաբար  անհերքելի  է  գիտական  այն  մոտեցումը, որ  իրականում ոչ  թե  իրերն  են տեղաշարժվել, այլ  գաղափարը/:

Կոշիկից  բացի  քարանձավի  գտածոների առեղծվածային  շարքն  են  համալրում  կավե  անոթները, որոնց  մեջ  թաղված  են  եղել  մարդկային  մարմնի  տարբեր  մասեր. անոթներից  մեկում  գանգոսկրեր   են, մեկում՝ կրծքոսկրեր  և  այսպես  շարունակ: Հարց  է  առաջանում ՝ ինչի՞ն  էին  պետք  նեոլիթյան  շրջանի  մարդուն  մարմնի  նման  մասնատումներ  անել. միանշանակ  պատասխան  չկա, սակայն  կարող  ենք  վստահ  ասել, որ  նման թաղումները  որևէ  ծիսակատարության  մաս  են  կազմել: Որոշ  մանրամասներ  հաշվի  առնելով՝ գիտնականները  կարծում  են, որ  դրանք  մարդակերության  ծիսակատարություններ էլ  են  եղել՝  միտում  ունենալով նման  զոհաբերություններով  հաղորդակցվել  աստվածությունների  հետ:  Կարասներից  գտնված  երեք  գանգերը  ևս նոր  հնարավորություններ  տվեցին գիտական  աշխարհին. դրանցից  մեկում  պահպանվել  էր  ուղեղի  մնացորդ, որը  հնարավորություն  տվեց  աշխարհում  առաջին  անգամ  իրականացնել նախնադարյան  մարդու  ԴՆԹ  հետազոտություն:  Միանշանակորեն  կարելի  է  ասել, որ  այս  գանգերը  տվյալ  հասարակության  մեջ  սակրալ  նշանակություն  են  ունեցել: Գիտնականները  եկան  այն  համոզման, որ  այս  քարանձավը  ծառայել  է թաղումային  ծիսակատարություններին, սակայն  ամեն  ինչ  դեռ  առջևում  էր:

Հաջորդ  բացահայտումը  կարասներից  մեկում  գտնված  վայրի  կենդանու  եղջյուրից  պատրաստված   բաժակի  առկայությունն  էր, որի  հետքերով  գնալով` տեղի  ունեցավ  ամենացանկալին՝ Հայաստանը  հռչակվեց  գինու  արտադրության  հնագույն  երկիր՝ շնորհիվ  Արենիի  քարանձավում  բացված  ամենահին  հնձանի: Կարասների  մեջ  կային  խաղողի  մնացորդների  հետքեր. դա  ապացուցվեց  նաև  կարասների  պատերի  կարմիր  ներկի  քիմիական հետազոտությունների  շնորհիվ: Անոթները  զմռսված  էին, իսկ  դրանց  միջից  գտնված  խաղողի  ճյուղերի  հետազոտությունը  տվեց թվագրելու  հնարավորություն՝ Ք.ա  4-րդ  հազարամյակ: Այս  ամենը  տանում  էր  մի  եզրահանգման՝ այստեղ  գինու  արտադրության  ամբողջական  համակարգն  էր՝ սկսած  խաղողը  ճզմելուց մինչև ճզմվածքից  գինու  հորդումը, որի  մասին  վկայում  էր  հնձանի  կառուցվածքը ՝ իր՝  հողի  մեջ  թաղված  գինու  անոթներով:

Սակայն ինչու՞  էր  թաղումը  և  գինու  արտադրությունը  տեղի  ունենում  միևնույն  քարանձավում: Բացատրությունը  ավելի  քան  հետաքրքրական  է. գինին  համարվում  է  երկնային  ըմպելիք  և  անգամ  քրիստոնեության  մեջ  ընկալվում  է  որպես հաղորդակցման միջոց՝ երկնայինի  և  երկրայինի  միջև (հիշենք  խորհրդավոր  ընթրիքը, որի ժամանակ  Քրիստոսը  իր  աշակերտներին  տվեց  գինի  և  ասաց, որ  սա  է  իմ  արյունը…. ): Բացի  այդ  գինու  օգտագործումը  կապված  է  եղել գյուղատնտեսական  ցիկլի  հետ և խորհրդանշել  է  պտղաբերությունը:

Հետևաբար  կարելի  է  գալ  այն  եզրահանգման, որ  դեռևս  նախնյաց  շրջանում  գինին  եղել  է  երկնային  ըմպելիք  և  ծիսակատարությունների  բաղկացուցիչ  մաս  է  կազմել, որը  պահպանվել  է  մինչ  օրս՝ դառնալով  Հայ  Առաքելական  Եկեղեցու  հաղորդության  բաղկացուցիչ  մաս:

Ինչ  վերաբերվում  է  քարանձավին, ապա  պետք  է  նշել, որ  մինչ  օրս  արած բացահայտումները վկայում են ծիսակատարությունների  սրահ  լինելու  մասին, սակայն Բորիս Գասպարյանը նշում  է, որ քարանձավն ունի մոտ 500 քմ տարածք, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները: Հնագետի խոսքով` քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա, այնպես որ նոր սենսացիոն բացահայտումենրը դեռ առջևում են

ԱՐՓԻ