Ու նաև հացիվ…

Ու նաև հացիվ…

Հայ հասարակության մի ստվար զանգվածի մոտ կա կարծրատիպ, թե արվեստն ու արվեստագետը վարձատրություն չպահանջող աշխատանք և աշխատուժ են… Իհարկե, քննարկման ենթակա չէ այն դրույթը, որ տաղանդը ֆինանսի հետ կապ չունի, բայց որ այդ տաղանդն աճեցնելը և տարածելը պահանջում են նյութական ներդրումներ`անհերքելի է:

Օրերս զրույց ունեցա Գլենդելում Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի «Վերադարձի երգ» խորագրով համերգը կազմակերպող ընկերության պատասխանատուների հետ: Հաճելիորեն զարմացա` իմանալով, որ նոյեմբեր ամսին կայանալիք համերգը արդեն իսկ ունի հովանավորներ: Զարմանքս պայմանավորված էր այն մտայնությամբ (մի գուցե նաև կարծրատիպով), որ ազգային մշակույթի և հատկապես ազգային երգի երեկոները ուղեկցվում են կիսադատարկ դահլիճներով և առանց աջակիցների:

Սկզբում մտածեցի հովանավորների անունները չտալ` գովազդից խուսափելու համար, սակայն հետո որոշեցի անպայման նշել, նախ, որ հանրությունը տեղեկանա, որ համերգի աջակիցները մեր շարքերում, մեր կողքին ապրող մարդիկ են, ովքեր այս կամ այն կերպ իրենց աշխատանքով փորձում են ծառայել նաև տեղի հայությանը: Երկրորդ` լավ օրինակը կարող է վարակիչ լինել, ի վերջո դա լոկ համերգ չէ, այլ ազգայինի վերապրում, երևույթ, որով կարող ենք օրինակ լինել և կրթել մեր վաղվա սերնդին:

Այսպես, «Վերադարձի երգ» խորագրով համերգի գլխավոր հովանավորներն են «Mr. Martin» ընկերությունը` հանձին ընկերության նախագահ Արմեն Սահակյանի, գործարար Էլվիս Մադաթյանը, ինչպես նաև համայնքում սիրված և ճանաչված անհատներ, կառույցներ (տես` լուսանկարը): Միգուցե «Վերադարձի երգ»-ը  նաև նրա՞նց սրտի երգն է, թաքուն մի փափագ, որ մեզանից ամեն մեկն ունի սրտի խորքում:

Իհարկե, ինչպես կազմակերպիչները նշեցին, նրանցից ոչ մեկը կոնկրետ պայմաններ չի ներկայացրել՝ օգնության խնդրանքը չեն մերժել` առանց գովազդ պահանջելու: Պետք է նկատել, որ սա ևս ոչ հաճախ հանդիպող երևույթ է` այն էլ այս ասպարեզի համար:

Հովանավորումը ինքնանպատակ չէ. նրանք մարդիկ են, ովքեր փորձում են այս կերպ իրենց լուման ունենալ հայ ազգային, ժողովրդական երգի մեղեդիների ձուլմանը առօրյա կենցաղին ու հոգսին, ու այս ամենի միջից ուզում են տեսնել հայի ազնիվ տեսակի լույսի ճառագումը նոր սերնդի մեջ: Իրենց աջակցությամբ ուզում են հայի արյան եռքով եկող ազգային ու ժողովրդական  երաժշտության քարոզչությամբ արթուն պահել հայի տեսակը օտար ափերում դեգերող հայ տարեցի ու հայ երիտասարդի մեջ: Մեր օրերում ֆիզիկական սնունդից առավել կարևոր է հոգևոր սնունդը` մանավանդ օտար մշակույթում և միջավայրում ապրող հայի համար:

Առաջիկայում համայնքում լինելու են նոր նախաձեռնություններ և կարծում եմ` այդ ժամանակ ևս կգտնվեն աջակցող ձեռքեր, ինչի մասին կտեղեկանք նաև դուք:

Փաստորեն` ոսկեքսակ հայը սկսել է կանգնել ոսկեգրիչ մտավորականի կողքին… փա´ռք Աստծո:

Ա.Ս.

Grand-Party-noranor 2