Մեկ կուսակցություն դառնալուն ՔՊ-ում շատ մարդիկ դեմ են, մտավախություն ունեն. Լենա Նազարյան

Խորհրդարանական ԵԼՔ դաշինքի կուսակցություններում թեժ քննարկումներ են ընթանում: Առանցքում հետեւյալ հարցն է՝ դաշինքի մաս կազմող կուսակցությունները պետք է միասին մասնակցեն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, թե՞ դաշինքով: Այս ընթացքում դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների առանցքային ներկայացուցիչներ հայտարարում են, որ առայժմ որեւէ բան չեն կարող ասել սույն հարցով: Սակայն նրանց խոսքերից պարզ է, որ որոշողը ՔՊ-ն է: Մասնավորապես, «Հանրապետությունից» Արամ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ Քաղաքացիական պայմանագիրը իր խորհրդում պետք է քննարկի, թե ինչպես է ցանկանում գնալ ընտրությունների:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մինչեւ հեղափոխության հաղթանակը բացարձակ այլ կուսակցություն էր՝ մարդկային ռեսուրսով, հիմա այլ քաղաքական ուժ է՝ այլ մարդկային ռեսուրսով եւ այլ հնարավորություններով: Նման քննարկումներ պետք է լինեն նաեւ մյուս երկու կուսակցություններում: Այս խնդրի լուծումը կհայտարարվի ընտրություններից առաջ, անգամ եթե այսօր էլ իմանանք որոշումը»,- ասաց Սարգսյանը եւ նշեց, որ դաշինքում քննարկումներ չկան, իսկ կուսակցություններից էլ միայն ՔՊ-ն է քննարկումների փուլում գտնվում:

Պարզ է, որ հիմա ՔՊ-ն որպես քաղաքական ուժ ապրում է իր աստղային պահերը, քանի որ իրականացնելով հեղափոխություն վայելում է հասարակության համակրանքը: Ակնհայտ է նաեւ, որ եթե այլ քաղաքական ուժեր ընտրություններին մասնակցեն ՔՊ-ի հետ, ապա միայն շահող են դուրս գալու: Միեւնույն ժամանակ հարց է առաջանում, թե որքանո՞վ է արդարացի, որ այլ ուժեր ՔՊ-ի ռեյտինգի անվան տակ մասնակցեն ընտրություններին եւ ԱԺ-ում տեղեր ամրագրեն: «Հանրապետությունից» Արամ Սարգսյանն այս մասով ասաց.

«Արդարն ու անարդարը որոշողը հանրությունն է: Մենք դեռ չենք որոշել՝ միասին ենք գնում, թե առանձին»:

Պատգամավորը վստահեցնում էր, որ միասնական կուսակցություն դառնալու հուշագրային կետն անցյալի հիշողություն չի դարձել, բայց արդյո՞ք իրականություն կդառնա, թե՝ ոչ, դա եւս քննարկման թեմա է:

«Մենք երբեք որեւէ դաշինքում աղքատ բարեկամի կարգավիճակում չենք եղել, չենք լինի եւ չենք պատրաստվում լինել: Համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնց հետ ընդհանուր ընկալումներ ունենք եւ երբեք ամբիցիաներ չենք դրսեւորել»,- ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Լենա Նազարյանն էլ ՀԺ-ին փոխանցեց, որ միասնական կուսակցություն դառնալու հարցն օրակարգում է, բայց շահագրգռվածները իրենք չեն:

«Նախկինում մենք այս հարցը քննարկել ենք, ընդ որում՝ հարցը ՔՊ-ն է առաջ բերել, բայց զգացել ենք, որ այդ հարցը մեր գործընկերներին առանձնապես չի հետաքրքրել: Նրանք ասել են՝ դեռ շարունակենք աշխատել մասին եւ հարցը քննարկենք 2018-ի սեպտեմբերին: Սրանից հետո առանձնապես հետաքրքրություն չեն դրսեւորել եւ քննարկումներ չեն եղել»,- ասաց Լենա Նազարյանը եւ ընդգծեց, որ գործընկերների համար մեկ կուսակցություն դառնալը հետաքրքրության առարկա չի եղել մինչեւ փողոցային պայքարի դուրս գալը:

«Բայց քանի որ իրավիճակ է փոխվել եւ շուտով լինելու են արտահերթ ընտրություններ, մեկ կուսակցություն դառնալու հարցը առաջ է եկել եւ կարեւոր է դարձել կուսակցությունների համար: Ըստ իրենց՝ այս քննարկումները հիմա իմաստ ունեն»,- ասաց Նազարյանը:

Մեր հարցին՝ ինչու՞ նախկինում չէին ուզում, իսկ հիմա ակտիվորեն քննարկում են միասնական կուսակցություն դառնալու հարցը, Նազարյանը պատասխանեց. «Ասում էին՝ դեռ ժամանակը չէ, վաղ է: Հիմա կարող եմ ասել, որ շատ ակտիվ քննարկումներ չկան, քանի որ ՔՊ-ում այլ հարցերի ծավալն է շատ»:

Փորձը ցույց տվեց, որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հնարապետություն» կուսակցությունները վճռական պահին ՔՊ-ին միայնակ թողեցին: Լենա Նազարյանից հետաքրքվեցինք՝ արդյո՞ք ՔՊ-ում մտավախություն չունեն, որ արտահերթ ընտրություններից հետո այս երկու կուսակցությունների հետ համագործակցությունը ռիսկային է դառնում եւ էլի պառակտումններ կլինեն:

«Այդ իրավիճակը, որ ստեղծվեց, մեր կուսակցությունում շատ բացասական արձագանքներ է ստացել եւ դրանք մինչեւ հիմա կան: Հիմա, երբ նման քննարկումներ են տեղի ունենում, դիմադրության են արժանանում, որովհետեւ եղել են իրավիճակներ, երբ մեր գործընկերները մեր ակնկալած չափով չեն աջակցել: Մեկ կուսակցություն դառնալուն ՔՊ-ում շատ մարդիկ դեմ են»,- ասաց Լենա Նազարյանը:

«Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանն էլ միասին ընտրություններին գնալ-չգնալու շուրջ քննարկումները կապում է երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունների հետ: Լրագրողի հարցին՝ եթե ՔՊ-ն որոշի դաշինքով չգնալ, ապա ԼՀ-ն նպատակահարմար կգտնի՞ միայնակ մասնակցել ընտրություններին, Մարուքյանը պատասխանեց.

«Այդ հարցը որ տալիս եք, ինչպե՞ս եք կարծում: Այսինքն, եթե որեւէ դաշինքում չկանք, կարող ենք լուծարվե՞լ: Հարցն անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ: Բոլոր կոնֆիգուրացիաներով մենք կմասնակցենք»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին էլ, եթե «Լուսավոր Հայաստանը» միայնակ գնա խորհրդարանական արտահերթ ընտրություններին, ապա խորհրդարան անցնելու ի՞նչ շանսեր ունի, քանի որ ՔՊ-ին միայնակ թողնելը բացասաբար է ընկալվել հասարակության կողմից, Մարուքյանը պատասխանեց.

«Ես այդպիսի կարծիքի ծանոթ չեմ: Միշտ դուք եք հնչեցնում այդ կարծիքը: Ես քայլում եմ Երեւանի, Վանաձորի փողոցներում, բայց մեզ այլ հարցերով են դիմում, ոչ թե ձեր ասած հարցերով»,- ասաց նա:

Անդրադառնալով մեկ կուսակցություն դառնալու հարցին՝ Մարուքյանն ասաց, որ դա դաշինքի հուշագրում է արձանագրված եւ այդ հուշագրում չկա արձանագրված մի բան, որը կյանքի չկոչվի:

Աղբյուրը՝ armtimes.com