Գագիկ Ծառուկյանը բարեգործություններ անելով՝ օրենք է խախտել. «դեմն ուզում են առնել»

Հուլիսի 19-ին Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ մի շարք օրենսդրական նախագծերի հետ քննարկվելու է «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Փոփոխության նպատակը, ըստ հիմնավորման, այն է, որ օրենքը համապատասխանեցվում է 2015 թվականին փոփոխված Սահմանադրությանը:

Մասնավորապես, օրենքի նախագծում ասվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը եւ կանոնադրությունը հաստատվում է վարչապետի որոշմամբ:

Ստացվում է, որ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կարող է բարեգործին թույլ չտալ կատարել իր բարեգործությունը, քանի որ այն կարող է այլ իրավական հիմքեր ունենալ: Հանձնաժողովը կարող է օրենքով նախատեսված դրույթներով սահմանափակել բարեգործության համար տրվող գումարը կամ լրիվ չեղարկել։ Հարկ եղած դեպքում հանձնաժողովը կարող է դիմել իրավապահներին։

Այս նախագիծը դեռ ԱԺ չի հասել, բայց բուռն քննարկումների առիթ է դարձել: Հատկապես նախագծի ԱԺ բերելը մտահոգել է Ծառուկյան խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես, Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ սա հենց ուղղված է Գագիկ Ծառուկյանի դեմ եւ այս կառավարությունը շարունակում է նախորդի սկսած գործը:

«Գագիկ Ծառուկյանը նախորդ իշխանության թիրախն էր, դա փաստ էր, եւ նախորդ իշխանության վերջին Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, իհարկե, ելնելով Բարեգործության մասին այս օրենքը,  որպես թիրախ ուներ միմիայն Գագիկ Ծառուկյանին։ Սա հասկանալի էր։ Անհասկանալի է, թե ինչու է այս կառավարությունը, որպես առաջին օրենսդրական նախաձեռնություն, բերում մի երկրում մի օրենք, որտեղ 30 տոկոս պաշտոնական աղքատությանը գումարվում է եւս 30-40 տոկոս աշխատող աղքատների թիվը եւ փորձում դրանով կրկին թիրախ սարքել Գագիկ Ծառուկյանին»,- ասաց նա եւ հարց բարձրացրեց, թե ո՞վ ու ինչպե՞ս է որոշելու՝ դա բարեգործությո՞ւն է, թե՞ ոչ:

«Այդ ո՞նց եք որոշելու, գիր-ղուշո՞վ, թե՞ ըստ ձեր քաղաքական նպատակահարմարության եւ ըստ ձեր քաղաքական ճաշակի։ Ի տարբերություն ձեզ, այս տարիների ընթացքում ինչ արել է Գագիկ Ծառուկյանը, որպես բարեգործ, որեւէ քաղաքական ենթատեքստ չի եղել։ Հարցրեք ուսանողներին, ովքեր ուսման վարձեր են ստացել Գագիկ Ծառուկյանից, նրանցից ովքե՞ր են եղել «Բարգավաճ Հայաստանի» անդամ, հարցրեք խաղողագործներին, հարցրեք հաշմանդամներին, հարցրեք անօթեւաններին։ Անհարմար է, չի կարելի։ Պետություն, արա քո պարտականությունը՝ ապահովիր անօթեւաններին բնակարաններով, լուծիր անապահովության խնդիրը, իսկ եթե չես կարող, մի խանգարիր բարեգործներին, ովքեր դա կարող են ու ովքեր դա անում են։ Եթե ոմանց թվում է, թե բերելով այս օրենքը, իրենք վատություն են անում Գագիկ Ծառուկյանին, ապա պետք է ասեմ, որ դուք խորապես սխալվում եք։ Դուք վատություն պետք է անեք սոցիալական այն խավերին, ովքեր օգտվում են այդ բարեգործությունից։ Այդուհանդերձ, եթե այս օրենքը բերվի ու ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որը հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը եւ բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Գագիկ Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք դեպի կառավարություն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրություններ են եւ ընտրակաշառքի գործոնը Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընդհանարապես բացառել: Սա ենթադրում է, որ շատ քաղաքական ուժեր, որոնք տասնյակ հազարներով քվեներ էին խփում ու խորհրդարանում տեղեր ամրագրում, այլեւս նրանց դա չի հաջողվելու: Միանգամայն պարզ է նաեւ Ծառուկյան խմբակցության պատգամավորների սրտնեղած դիրքորոշումը այս հարցի շուրջ: Բանն այն է, որ առաջիկա ընտրություններին քարոզարշավի շրջանակներում, ինչպես 2017 թվականին տեղի ունեցավ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն աջ ու ձախ բարեգործություններ կանի:

Միանշանակ պարզ է, որ «բարեգործությունը» իր էական ազդեցությունն է ունենալու ընտրողի ընտրության վրա, երբ հասնի քվեախցիկի մոտ: Այս օրենքի ընդունումը հերթական կարգավորումներից մեկը կլինի, որ առաջիկայում արդար ընտրություններ անցկացվեն:

Մեր այս դիտարկումների շուրջ, սակայն ԱԺ պատգամավորները չէին շտապում մեկնաբանություններ տալ: Մասնավորապես, ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կսպասի մինչեւ նախագիծը հասնի խորհրդարան:

ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ  «Բարեգործության մասին» օրենքի նախագիծն ընտրակաշառքը բացառելու մեխանիզմ է:

«Ընտրությունների ժամանակ ընդհանրապես բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք, որ չարաշահվում է եւ օգտագործվում՝ որպես ընտրակաշառքը թաքցնելու ձեւ: Դրա դեմ, այո՛, պետք է պայքարել, ես կարծում եմ՝ բարեգործության դաշտը պետք է ավելի լիարժեք դարձնել, որ դա լինի իսկապես բարեգործություն: Բարեգործությունն այն է, որ անում ես՝ իրապես ոչինչ չակնկալելով եւ սա պետք է սահմանվի»,- նշեց նա:

Նախագծի շուրջ հնչող մտահոգություններին անդրադառնալով՝ Ռուստամյանը նշեց, որ դեմ արտահայտվողների փաստարկները խորապես չի ուսումնասիրել, բայց որ բաց կա եւ այն պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում է:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դրամական ու նյութական խոստումներով մարտի 7-ին քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։

Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում այդ օրերին ասել էր, որ Գագիկ Ծառուկյանը պաշտոնական զգուշացում է ստացել՝ օրենքը խախտելու համար:

«Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաեւ իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- ասել էր Տիգրան Մուկուչյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Չի բացառվում, որ ԲՀԿ-ն հետագայում հենց նման զգուշացումներից խուսափելու համար է, որ այժմ «դիվերսոն» հարձակման է ենթարկում օրենքի նախագիծը: Մասնավորապես, օրենք խախտած ուժը կարող է անգամ զրկվել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Աղբյուրը՝ armtimes.com