Ադրբեջանը միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը. Գրիգորյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինուժի կուտակման հարցը քննարկեն են հայկական պետությունների պաշտպանության նախարարներն ու ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արմեն Գրիգորյանը։

«Քննարկեցինք վերջին օրերին ադրբեջանական կողմից զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժն ու կուտակումները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում։ Հարկ եմ համարում փաստել, որ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները գտնվում են տարածաշրջանում, ադրբեջանական կողմն իր նման սադրիչ գործողություններով հերթական անգամ խոչընդոտում է Լեռնային-Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հայկական կողմերի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ջանքերը, ինչպես նաև միտումնավոր փորձում է ապակայունացնել իրավիճակը ողջ տարածաշրջանում»,- գրել է նա։

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ Արցախի Հանրապետության ՊԲ առաջապահ ստորաբաժանումները աչալրջորեն հետևում են հակառակորդի գործողություններին և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` երեկ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ վերջին օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվում են նաև հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային ուժի ակտիվ տեղաշարժեր ու կուտակումներ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am