Հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում բոլոր չարածների համար. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հայ ժողովրդից ներողություն խնդրեց նախորդ տարիներին իրենց չարածների համար: Նա ընդգծեց, որ իրենք ունեցել են բազմաթիվ սխալներ, թերություններ ու մեղքեր:

«Եվ եթե անհրաժեշտություն կա, մենք մեր ժողովրդին կարող ենք ասել, որ ներողություն ենք խնդրում այն բոլոր չարածի համար, որ պետք է անեինք այս տարիների ընթացքում եւ մեր նոր իշխանության գործընկերներին մաղթում ենք, որ կարողանան ավելին անել, քան մենք արել ենք: Ներողություն, եթե չենք կարողացել արդարացնել ձեր սպասելիքները, սակայն մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության»,- հայտարարեց Շարմազանովը:

Շարմազանովը արձանագրեց, որ նոր կառավարությունը, շարունակելով նախորդ կառավարության արտաքին քաղաքական կուրսը, այն է՝ ԵԱՏՄ կառույցում շարունակել աշխատել եւ խորացնել հարաբերությունները, ՀԱՊԿ-ում շարունակել աշխատել եւ խորացնել հարաբերությունները, ՌԴ-ի հետ խորացնել դաշնակցային հարաբերությունները, փաստում է, որ նախորդ իշխանության իրականացրած արտաքին եւ անվտանգային ու պաշտպանական քաղաքականությունն արդարացված էր եւ բխում էր Հայաստանի եւ Արցախի ժողովրդի շահերից: ՀՀ ԱԺ փոխնախագահն ափսոսանքով նկատեց, որ այդ ամենով հանդերձ երբեմն ականատես են լինում գնահատականների, որոնց նպատակն է սեւացնել ամեն ինչ, ինչ եղել է նախկինում: Շարմազանովը շեշտեց, որ դիմացինին սեւացնելով որեւէ մեկը չի կարող բյուրեղանալ: Նրա խոսքով՝ ամեն մեկի եւ ամեն ինչի գնահատականը տալու է ժամանակը:

ԱՂբյուրը՝ armtimes.com