ՀՅԴ-ն կաշկանդված է կառավարության ընդունած ծրագրով. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով երեկ կառավարության նիստում տեղի ունեցած սուր բանավեճի մասին, հայտարարեց, որ բոլորը պետք է հարգանքով մոտենան միմյանց տեսակետներին: Նա ընդգծեց, որ Արծվիկ Մինասյանը ոչ թե արտահայտում էր միայն իր անձնական տեսակետը, այլ նա պաշտպանում էր ՀՅԴ մոտեցումը:

«Մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին: Բացի այդ, սեփականության իրավունք գոյություն ունի, եւ սեփականության տնօրինողը սեփականատերն է: Ինչ-որ ձեւով պարտադրանքով ստիպել, որ իր եկամուտների մի մասն այս կամ այն կողմ ուղղի, նույնպես հակասում է մեր սկզբունքներին: 3-րդ պատճառն այն է, որ մենք չենք տեսնում, որ ժողովրդի սոցիալական վիճակը բավարարված է այն աստիճան, որ կան հավելյալ եկամուտներ, միջոցներ, որ կարող է անձը տրամադրել, թեկուզ, ապագայում որոշակի ակնկալիքների համար: Մենք այսօրվա սոցիալական նվազագույն խնդիրները չենք լուծել: Աղքատության շեմն այսքան բարձր է, թեպետ իրականում երկու անգամ ավելի շատ է, քան պաշտոնական թիվը, բայց այդ պարագայում էլ ունենք հսկայական աղքատություն: Չհաղթահարելով սոցիալական խնդիրները` մարդուն ասել՝ այսօրվա հարցերդ թող, ապագայիդ մասին մտածի, սկզբունքորեն մեզ համար անընդունելի է: Ուստի՝ մենք այս դիրքորոշումը պաշտպանել, պաշտպանում եւ կպաշտպանենք, որովհետեւ սա մեր հիմնարար գաղափարն է»,- ասաց Ռուստամյանը:

Ռուստամյանի խոսքով` կառավարությունը պետք է քննարկումներ անի եւ ամեն մեկն իր տեսակետները կարող է հնչեցնել: Նրա կարծիքով՝ կառավարությունը միաձնյա որոշումներով չէ, որ անպայման պետք է առաջ գնա, ավելին պետք է ձգտել համախոհության:

Արմեն Ռուստամյանից ազատ կարծիքի գաղափարախոսության համատեքստում հետաքրքրվեցինք՝ նախկին իշխանության օրոք ՀՅԴ-ն կաշկանդված է եղել շատ թեմաների մասին բարձրաձայնելու հարցում, հիմա արդեն կարողանո՞ւմ է ցանկացած թեմայի անդրադառնալ: Ռուստամյանը նշեց, որ իրենք նախկին իշխանության ժամանակ էլ են պարտադիր կուտակային ծրագրին դեմ եղել:

«Սերժ Սարգսյանի ժամանակ ենք հենց մեր դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ հայտնել: ՍԴ ենք գնացել, իշխանության մեջ ենք եղել, էլի դեմ ենք եղել»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք հիմա էլ են այն հարցերի մասին կարծիքներ հայտնելիս կաշկանդված, ինչպես Սերժ Սարգսյանի օրոք էր, Ռուստամյանն ասաց.

«Կաշկանդվում ենք այն հարցերում, որ փոխադարձ համաձայնությամբ որոշակի ինքնուրույնություն դու զիջում ես՝ հաշվի առնելով կոալիցիոն համաձայնագիրը: Այսօրվա իրավիճակում այս բաները հստակեցված չեն, չկա կոալիցիոն հուշագիրը, որով կուսակցությունները պետք է հստակեցնեն ընդհանուր քաղաքականությունը: Այսօր կաշկանդված ենք միայն կառավարության ընդունած ծրագրով, որին մենք կողմ ենք եղել: Դա միակ փաստաթուղթն է, որը մեզ համար համաձայնեցված է»,- ասաց նա:

Նշենք, որ Արմեն Ռուստամյանը մայիսի 7-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին՝ խոսելով սուպերվարչապետության հասկացության մասին, ասել էր՝ դեմ եմ, որ ուժային կառույցները լինեն վարչապետի ենթակայության տակ: Հարցին էլ, թե ինչո՞ւ նախկինում այդ մասին չեն բարձրաձայնել, Ռուստամյանը նշել էր, որ կաշկանդված են եղել:

Աղբյուրը՝ armtimes.com