Նիկոլ Փաշինյանը հայտնեց` երբ է հրաժարական տալու

Հայաստանի վարչապետը խոսեց իր հրաժարականի, «հալածված» հանրապետականների, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման և կառավարության ծրագրում բացակայող թվերի մասին։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մեկ տարվա ընթացքում հրաժարական ներկայացնել։ Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց նա։

Վարչապետի խոսքով` արտահերթ ընտրությունների գնալու միակ սահմանադրական ճանապարհը, կառավարության ծրագրի հաստատումից հետո, մնում է վարչապետի հրաժարականը:

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև կառավարության գործունեության ծրագրին տրվող «բարի ցանկությունների ծրագիր» որակմանը։

«Ուզում էիք` չար ցանկությունների ծրագիր լինե՞ր»,- ասաց նա:

Փաշինյանը չի ընդունում պնդումներն այն մասին, որ ծրագրում չկան թվեր ու ժամանակահատվածներ։

«Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված. մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ ընտրություններ»,- ասաց նա:

Իսկ այն, որ նոր կառավարությունը չի նշում, թե երբ է բարձրանալու կենսամակարդակն ու երբ է ժողովուրդը սկսել լավ ապրել, Փաշինյանը հիշեցրեց՝ մինչև հիմա տրամաբանությունն այն է, որ «մի քիչ էլ կվատանա ու այդպես կմնա», հիմա`« որ անընդհատ կլավանա»:

«Մենք այսօր խնդիր ունենք գնահատելու մեր տնտեսության ստվերայնության ծավալները: Ով կարող է ասել, թե մեր տնտեսությունը քանի տոկոս ստվեր ունի: Նախորդ կառավարությունը գնահատել էր 20%, միջազգային կառույցները՝ 46%, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում կառավարության ծրագրերում նշված թվերը որպես կանոն իրականություն չեն դարձել։ Մենք պատրաստվում ենք ոչ թե թվեր դզել-փչել, այլ երկրում լուրջ փոփոխություններ անել, որոնք իրենք կբերեն արդյունքների»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի գնահատականներին, թե պատգամավորները լքում են հարազատ խմբակցությունը քաղաքական ռեպրեսիաների արդյունքում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջև, բոլորդ կարող եք տեսնել,- ապա ավելացրեց,-Աշոտյանին ու հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում է, որ բոլորը հալածված են»:

Նիկոլ Փաշինյանը հերքեց նաև քաղաքական պայմանավորվածությունների մասին լուրերը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am