ՀՀԿ–ն ինքնամաքրվում է. ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է

Այսօր Հայաստանը քաղաքական համակարգն առողջացնելու բացառիկ հնարավորություն է ստացել, և տևական ժամանակ անց վերջապես կարելի է հետևել քաղաքականությանը, ընդ որում` բառի դասական ընկալմամբ։

ՀՀԿ-ի շարքերը շարունակում են նոսրանալ։ Նախկին իշխանության խմբակցությունից արդեն հեռացել են 6 պատգամավոր, որոնցից երկուսը` խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։ Հայկական մամուլն այս օրերին ժամանակ առ ժամանակ գրում էր, որ կուսակցության ներսում խմորումներ են ընթանում։

Հիմնականում խոսքը գործարարների շարքում խուճապային տրամադրությունների մասին էր։ Այդ տրամադրություններն ուղեկցվում են ԱԱԾ-ի զանգվածային ստուգումներով։

Ավելի վաղ կուսակցությունը լքել էին պատգամավորներ Շիրակ Թորոսյանն ու Արթուր Գևորգյանը (Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան), անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաև կուսակցության անդամ Արման Սահակյանը։ Ցոլակյանը, ՀՀԿ-ի դիրքորոշմանը հակառակ, ամենասկզբից սատարեց Նիկոլ Փաշինյանին, Սահակյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, որին Ֆուտբոլի ֆեդերացիան ուզում է զրկել առաջնությունում առաջատարի դիրքից (և փաստորեն չեմպիոնությունից) պայմանավորված խաղ անցկացնելու պատճառով (Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՀԿ անդամ է)։

ԶԼՄ-ները գրում են, որ պատգամավորները խմբակցությունից դուրս են եկել Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։ Բացառություն են կազմում Ցոլակյանն ու Թորոսյանը, որոնք կուսակցական գծից ինքնակամ են շեղվել։ Սարգսյանի մտահղացմամբ` ՀՀԿ-ն այդպիսով ազատվում է խիստ անցանկալի անձնավորություններից, և կուսակցության շարքերում մնում են միայն «ինտելեկտուալ» թևի ներկայացուցիչները։

Սարգսյանը որոշել է նրանցից ձևավորել կուսակցության հիմնական կորիզը և այդ կազմով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ։

Այս տեղեկություններն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ փաստորեն հաստատեց խմբակցության անդամ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա հայտարարեց, որ կուսակցությունն ազատվում է ուղեկիցներից, մնում են միայն «գաղափարական» հանրապետականները։

Միևնույն ժամանակ Աշոտյանը չբացառեց, որ արտահոսքը կարող է շարունակվել։

«Ոչ այդքան ինտենսիվ, որքան նախկինում, բայց չեմ բացառում, որ եզակի դեպքեր կլինեն։ ՀՀԿ-ն արդեն մեծամասնություն չէ, բայց խորհրդարանում ամենաշատ պատգամավոր ունեցող խմբակցությունն է։ Մեզ համար կարևոր է, որ մենք պահպանում ենք համախմբվածությունը», — ասաց հանրապետականը։

ՀՀԿ-ի խնդիրն այն է, որ Սամվել Ալեքսանյանի (ներկա պահին նա ՀՀԿ-ն լքած վերջին պատգամավորն էր) հեռանալուց հետո խմբակցությունը կորցրեց խորհրդարանական մեծամասնության կարգավիճակը։

Խմբակցության կազմում այժմ 52 պատգամավոր կա` նախկինի 58-ի փոխարեն։ Սա նշանակում է, որ հանրապետականները այլևս չեն կարողանա տորպեդավորել կառավարության նախաձեռնություններն ու օրինագծերը, այդ թվում ՀՀԿ-ի համար այդքան անցանկալի Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք վերացնում են ռեյտինգային ընտրական համակարգը։

Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջ այսօր կանաչ լույս է բացվում նախկինում հայտարարած գաղափարներն ու մտահղացումները կյանքի կոչելու համար։

Մյուս կողմից` համախմբված «ինտելեկտուալ» ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում կարող է Փաշինյանի համար ավելի մեծ սպառնալիք դառնալ, քան կիսաքրեական տարրերից և կասկածելի համբավ ունեցող գործարարներից կազմված խայտաբղետ կոնգլոմերատը։ Սակայն որքան էլ պարադոքսալ հնչի, ՀՀԿ-ի մաքրումը, «օպտիմալացումը», որակական ձևափոխումը ի վերջո Նիկոլ Փաշինյանի վաստակն է։ Նրա իշխանության գալը իրական ցնցում էր հանրապետականների համար բառի բուն իմաստով։ Այդ ցնցումն է հենց հիմք դրել կուսակցության հետագա առողջացմանը, որը հավակնում է հիմնական ընդդիմադիր ուժը լինելու դերին։

Այսպիսով, համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի խոսքերը մի փոքր փոխելով, կարելի է ասել` զսպման և հակակշիռների համակարգը, որի անհրաժեշտության մասին խոսում էին «բանվորները», այսօր է իրականություն դառնում։ Պետք է նշել, որ Հայաստանում իրական քաղաքական մրցակցություն գրեթե չի եղել անկախության հռչակումից հետո։ Ներկայիս իրավիճակը որոշակի առումով բացառիկ է իր էությամբ։

Որակապես նոր ՀՀԿ-ն կարող է իսկական գլխացավանք դառնալ վարչապետի համար հետագա բանավեճերի ժամանակ։ Ի դեպ, նման իրավիճակ մենք տեսել ենք խորհրդարանական քննարկումների ժամանակ մայիսի 1-ին վարչապետի ընտրությունների ժամանակ։

Սակայն մյուս կողմից նման լուրջ ընդդիմախոսի առկայությունը, որը սպառնում է դառնալ ձևաչափը փոխած ՀՀԿ խմբակցությունը, ձեռնտու է Փաշինյանին։ Պատկերավոր ասած, հանրապետականները Փաշինյանի կառավարությանը թույլ չեն տա «թուլանալ» և հետագայում իրեն հարմարեցնել ամբողջ քաղաքական դաշտը, ինչպես ժամանակին արել էր նույն այդ ՀՀԿ-ն։

Դժվար չէ կռահել, թե որքան կտուժի Փաշինյանի համբավը` երկրում քաղաքական կյանքը նույնիսկ փոքր-ինչ մոնոպոլիզացնելու դեպքում։ Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ի օրինակով մենք գիտենք, որ հասարակության մեջ առկա էյֆորիան կարող է մեկ ակնթարթում վերածվել բողոքի և հիասթափության` դրանից բխող բոլոր հետևանքներով։ Համոզված եմ, որ Փաշինյանին նման սցենար պետք չէ։ Դեպքերի նման զարգացումը կանխելու հարցում նրան կօգնի… ՀՀԿ-ն, որը խոստանում է խոշորացույցով հետևել կառավարության յուրաքանչյուր քայլին։

Այսօր Հայաստանը քաղաքական համակարգն առողջացնելու բացառիկ հնարավորություն է ստացել, և տևական ժամանակ անց վերջապես կարելի է հետևել քաղաքականությանը, ընդ որում` բառի դասական ընկալմամբ։ Չի բացառվում, որ այդ առողջացման հետևանքները անդրադառնան նաև հայրենական տնտեսության և անվտանգության ոլորտի վրա։

Աղբյուրը՝ armeniasputnik.am