Փաշինյանն ու Ծառուկյանը չեն կարողանում համաձայնության գալ

«Ժամանակ» թերթը գրել է, թե որ հարցում չեն կարողանում համաձայնության գալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Շարունակում է անորոշ մնալ Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնների հարցը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Ըստ պայմանավորվածության՝ այդ մարզերում մարզպետներ պետք է նշանակի «Ծառուկյան» դաշինքը, սակայն ըստ մեր տեղեկությունների՝ Ծառուկյանը եւ Փաշինյանը չեն կարողանում համաձայնության գալ հնարավոր թեկնածուների շուրջ»,- նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ Հայաստանի 10 մարզպետներից 8-ն արդեն նշանակված են։ Արարատի նոր մարզպետ է նշանակվել Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, ծնունդով Տավուշի Չինարի գյուղից Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ` Իջևանի գործող քաղաքապետ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ` «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ` 2017թ.-ի ընտրությունների ժամանակ Գեղարքունիքի մարզում ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

Արագածոտնի մարզպետի պաշտոնում վերանշանակվել է իշխանափոխության արդյունքում հրաժարական ներկայացրած նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանը։ Վայոց ձորի մարզպետ նշանակվեց Արագած Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյանը: