Բացարձակ ինձ չի մտահոգում. Կոստանյանը՝ ՀՀԿ-ն լքողների եւ փոքրամասնություն դառնալու մասին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը կառավարության ներկայացրած ծրագիրը իրավական տեսակետից համարում է նպատակների հուշագիր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գեւորգ Կոստանյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում տեսել է միայն նպատակներ, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն եւ գործողություն չի ծրագրել:

«Ընդհանրապես, կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավական փաստաթուղթ է: Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության եւ Ազգային ժողովի միջեւ, պայմանագիր է կառավարության եւ ժողովրդի միջեւ: Այսինքն, կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետեւյալում է՝ կառավարությունը խորհրդարանին, հետեւաբար նաեւ ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել եւ ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով Ազգային ժողովը հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները: Այս տեսակետից կառավարության գործունեության ծրագիրը, որը ներկայացվել է, ես դիտարկում եմ իրավական տեսակետից: Եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ memorandum of understanding, այսինքն՝ նպատակների հուշագիր: Սա իմ ձեւակերպումն է կառավարության գործունեության ծրագրին»,- նշեց Կոստանյանը:

Նա հավելեց, որ կառավարության ծրագրում բացի նպատակների ընդգծումից չի տեսել այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր: Հարցին՝ ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պայմանագիր կնքել կառավարության հետ, Գեւորգ Կոստանյանը պատասխանեց.

«Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի որպես նաեւ այդ ծրագրին հավանության արժանացում»:

Լրագրողի հարցին՝ ՀՀԿ խմբակցությունից հերթով պատգամավորներ են դուրս գալիս, արդյո՞ք մտահոգում է իրենց։ «Բացարձակ ինձ չի մտահոգում»,- ասաց նա:

Աղբյուրը՝ armtimes.com