Հանդարտվե՛ք. Սերժ Սարգսյանը սաստեց ադրբեջանցի պատվիրակին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում իրեն հարց հղող ադրբեջանցի պատվիրակին հորդորեց մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ։

«Խնդրում եմ նաև իմ խոսքերը չխեղաթյուրել, ես այս ամբիոնից չհայտարարեցի, որ ես եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել», – ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը մասնակից է եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին։

«Թե ինչու ես չհիշատակեցի Խոջալուի դեպքերը, որ դուք ցեղասպանություն եք համարում, շա՜տ պարզ պատճառով, որովհետև այդ ցավալի իրադարձություններից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահ Մութալիբովը շատ հանգամանորեն ու շատ տեղեկացված ձևով շարադրել է փաստեր և հստակ ցույց տվել, թե ովքեր են եղել այդ ջարդի կազմակերպիչները», – նշեց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանը հավելեց՝ ցեղասպանությունը լավ բան չէ։

«Ցեղասպանություն տանելը դա պատիվ չէ, տանջանք է, և կարծում եմ, որ ինչ-որ միտում կա Ադրբեջանում՝ անպայման ունենալ այն, ինչ որ ունեն հայերը», – նշեց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ սա անթույլատրելի է։

«Ինչու է պետք ձեզ մի բան անվանել ցեղասպանություն, որ երբեք չի եղել ու հատկապես՝ հայերի կողմից չի եղել», – ասաց ՀՀ նախագահը։

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ չկա միջազգային կառույցների կողմից որևէ ընդունված որոշում, որը Հայաստանի կողմից մերժվում է։

ՀՀ նախագահն ադրբեջանցուն խորհուրդ տվեց, որ երբ ընկղմվում է մի թեմայի մեջ, իրոք ընկղմվի ու ուսումնասիրի։

«Աշխարհին է հայտնի, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երբեք չի անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին. 1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է չորս բանաձևեր Լեռնային Ղարաբաղի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման մասին և ամեն բանաձևերից հետո Ադրբեջանը հստակ հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, փորձել է ձեռնարկել նոր հարձակումներ, բայց ինչպես հաճախ է լինում, ունեցել է կորուստներ», -ասաց Ս. Սարգսյանը։

ՀՀ նախագահն ասաց, որ բանակցային գործընթացում Ադրբեջանն առավելագույնն ու անհնարինն է ուզում։

«Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը, ցավոք սրտի, այլատյացությունը Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի էությունը շատ պարզ է. դա պայքար է ազատության, ինքնորոշման համար ու այդպիսի պայքարը չի կարող դրական ելք չունենալ, ես համոզված եմ», – նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Աղբյուրը՝ aysor.am