Լարված զրույց Մոսկվայում. Պուտինը կատարեց խոստումը Սերժ Սարգսյանին

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Պուտին-Սարգսյան հանդիպումը, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացման կապակցությամբ: Իր ելույթում Պուտինն ասել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են այս տարվա մարտին Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցած հանդիպմանը Պուտինն ասել էր. «Գիտենք, որ մեր հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին: Հայաստանում ապրիլի 2-ին նախատեսվում են խորհրդարանական` Ազգային ժողովի ընտրություններ: Իհարկե, սահմանադրական փոփոխությունների գործընթացը հեշտ գործընթաց չէ: Վստահ եմ, որ Հայաստանը Ձեր առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Ձեզ հաջողություն եմ մաղթում»: Թե այն ժամանակ, թե երեկվա հանդիպումից առաջ Սերժ Սարգսյանը գնացել էր Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն մայր տաճար ու մոմ վառել: Սակայն այցի «աշխարհագրության» մեջ տեղի է ունեցել որոշակի փոփոխություն. մարտի 15-ի հանդիպումից առաջ Սարգսյանն այցելել էր Բրյուսել ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին նույնիսկ հրավիրել Հայաստան: Հիմա Սերժ Սարգսյանը պատրաստվում է Բրյուսել՝ ԱլԳ վեհաժողովին մեկնել Մոսկվայի այցից հետո: Արդյոք սովորական փոխատեղում է, որոնց դեպքում սակայն փոխվում է միայն ֆիգուրների տեղը, թե դրանում կա նաեւ իրավիճակի փոփոխություն: Ի՞նչ պայմանավորվածություններ են եղել մարտի 15-ին: Պուտինի հայտարարության մեջ կոնկրետությունը Սերժ Սարգսյանին տրված քարտ բլանշն էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրության ու կառավարման նոր կարգին անցնելու «դժվար գործընթացի» շեմին: Ընդհանուր գծերով խոսվել էր նաեւ տնտեսական հարաբերություններից ու վիճակագրությունից, թեեւ Սարգսյանի ու Պուտինի բերած տվյալները տարբերվել էին: Նոյեմբերի 15-ի հանդիպմանը Պուտինն ասել է, որ երկու երկրների նախագահների թիմերը լարված աշխատում են մարտին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ: Հազիվ թե խոսքը միայն կառավարման նոր կարգին անցնելու մասին է, այլապես հարց է առաջանում, թե ինչ աշխատանք է տանում ՌԴ նախագահի թիմը Հայաստանի ներքաղաքական գործընթացներում: Իսկ այլ պայմանավորվածությունների մասին կարելի է դատել այս ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից՝ հայ-ռուսական ռազմական նոր պայմանագրեր, գազի գնի հարցը, մեկ միլիարդի ներդրումներն էներգետիկ ոլորտում, եւ այլն: Հայ-ռուսական հարաբերությունները Պուտինը բնորոշել է իրապես դաշնակցային, իսկ Սերժ Սարգսյանը՝ որ այդ հարաբերությունները հասել են անկեղծության մակարդակի: Մի բան պարզ է՝ հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են անկեղծության պահին, ավելի ճիշտ՝ հատել դրանք, ինչն անխուսափելի էր: Եվ հիմա երկու երկրների ղեկավարների թիմերը թերեւս լարված աշխատում են դրա վրա: Ըստ ամենայնի, դրանով էր պայմանավորված Պուտինի ու Սարգսյանի քիչ ինչ լարված կեցվածքը, որը երեւում է հանդիպման լուսանկարներից:

Նյութի աղբյուրը` Yelaket.am