Սերժ Սարգսյանն առաջընթաց է արձանագրում անցած խորհրդարանական ընտրություններում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպելով ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ, կարծիք է հայտնել, որ անցած ընտրությունները արձանագրել են «կարևոր առաջընթացը, որին Հայաստանը հասել է ժողովրդավարության և պետականաշինության գործում»:

Կարծիք հայտնելով, որ ընտրություններում առաջընթացը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով, Սերժ Սարգսյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել դրանցից երեքի վրա:

«Առաջին հանգամանքը, կարծում եմ, այն է, որ վերջին տարիներին մեզ հաջողվեց անշրջելի դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջմղումը», – նշել է նախագահը, միաժամանակ ընդգծելով, որ մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այն համատեքստն են, որոնց շրջանակներում Հայաստանում տեղի են ունենում ընտրությունները: – «Քաղաքական և հասարակական կյանքում բազմակարծությունը, որ դրսևորվում է քաղաքական կուսակցությունների և կենսունակ քաղաքացիական հասարակության գործունեությամբ, վերջին տասնամյակում իրողություն է դարձել: Ասածս չի նշանակում, որ մենք այստեղ լուծելու խնդիրներ չունենք. մենք շատ խնդիրներ ունենք լուծելու: Ասածս այն է, որ այդ հիմքերն արդեն ամուր են, և դրանց վրա մենք կարող ենք կառուցել այն շենքը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին», – ասել է Հանրապետության նախագահը:

Ընտրություններում արձանագրված առաջընթացի երկրորդ հանգամանքը, Նախագահի կարծիքով, քաղաքական ուժերի միջև քաղաքական համաձայնության կայացումն էր, իսկ երրորդը՝ միջազգային համագործակցության շատ բարձր մակարդակը:

«Այս տեսակետից ես պետք է երախտագիտությունս հայտնեմ այն երկրներին, որոնց ներկայացուցիչները մասնակցեցին խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ քարտուղարության, ԱՊՀ Խորհրդարանական վեhաժողովի, Եվրախորհրդարանի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կամ հենց դեսպանությունների դիտորդական առաքելությունների կազմում», – նշել է Սերժ Սարգսյանը:

Հանդիպման ներածական խոսքի ավարտին Հանրապետության նախագահը վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը փոխադարձ շահավետ է և լավ ավանդույթներ է ստեղծում տարածաշրջանում, ինչն ուղղակի անհրաժեշտություն է տարածաշրջանի համար: – «Մենք շարունակելու ենք լիարժեքորեն կատարել մեր միջազգային պարտավորությունները՝ անշուշտ ապավինելով նաև ձեր երկրների աջակցությանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:

www.azatutyun.am