Տարածաշրջանը կտրուկ փոխվում է. Ռուսաստանը փորձում է պահպանել իր ներկայությունը

Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին մեկնելու է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին: Մինչ այդ՝ օգոստոսի 8-ին, Պուտինը մեկնելու է Բաքու, որտեղ հանդիպելու է Ալիեւին եւ Ռուհանիին, իսկ օգոստոսի 9-ին Ռուսաստան կմեկնի Էրդողանը:Դատելով հանդիպումների մասնակիցների կազմից՝ Ռուսաստանը փորձում է տարածարջանի երկրներին համոզել լուծել միմյանց միջեւ առկա խնդիրները՝ թույլ չտալով ԱՄՆ եւ Եվրամիության միջամտությունը: Քաղաքագետները, ճիշտ է, չեն բացառում, որ Պուտինը գործում է ԱՄՆ հետ գլոբալ համաձայնության ռեժիմում, սակայն ավելի հավանական է, որ Կրեմլը փորձում է հասնել հեռացող գնացքի հետեւից եւ պահպանել ներկայությունը փոխվող տարածաշրջանում:Տարածաշրջանն իրոք փոխվում է. քաղաքական օրակարգում են հայ-թուրքական սահմանի բացումը, որի մասին խոսել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն, Հայաստանով եւ Թուրքիայով իրանական գազի փորձնական փոխադրումը Եվրոպա, ղարաբաղյան խնդրի կարգավորման՝ հետեւաբար հաղորդակցությունների բացման հավանականությունը:Կրեմլը կարող է պահպանել ներկայությունը՝ գործելով միանգամից մի քանի ուղղություններով:Կովկասում Կրեմլի գլխավոր դիրքն առայժմ ռազմաբազան է Գյումրիում: Սակայն դրա ներկայությունը, ըստ ամենայնի, լրջագույն կասկածի տակ է դրվում. Կրեմլի ծաղրածու եւ «խոսնակ» Ժիրինովսկին ասել է, որ եթե «բազան դուրս բերվի, Հայաստանն ինքը կխնդրի վերադարձնել այն»: Նա, հավանաբար, տեղյակ է, որ բազայի դուրսբերման հարցը դրվում է Ռուսաստանի առաջ, եւ դա Հայաստանը չի անում:Երկրորդ դիրքը ռուսական սահմանապահ զորքերն են, որոնք պահպանում են Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները: Այս հարցը նույնպես կասկածի տակ է. Սերժ Սարգսյանին ուղղված Ժիրայր Սեֆիլյանի պահանջներում միակ «արտաքին քաղաքական» պահանջը ռուս սահմանապահների փոխարինումն է հայերով: Չնայած Սերժ Սարգսյանի պատասխան ելույթում խոսք չկար այդ պահանջի մասին, ակնհայտ է, որ դա հարցը գլոբալ է դրված:

Երրորդ դիրքը հայկական հաղորդակցությունների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունն է: Իրանը, Վրաստանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը փորձում են ապաարգելափակել տարածաշրջանը եւ բացել հաղորդակցությունները (ամենաօպտիմալներն անցնում են Հայաստանով), եւ Ռուսաստանը, ըստ երեւույթին, փորձում է պահպանել իր ներկայությունը տարածաշրջանում գոնե որպես հայկական հաղորդակցությունների՝ ճանապարհների, խողովակների սեփականատեր: Սակայն այդ դիրքն էլ կարող է հեշտորեն կասկածի տակ դրվել:Կորստի դեպքում Ռուսաստանն այդ բոլոր դիրքերը կարող է «փոխհատուցել», եթե փորձի համոզել Հայաստանին ու Ադրբեջանին, որ Ղարաբաղում եւ ղարաբաղա-իրանական սահմանին ռուս «խաղաղարարներ» տեղակայվեն: Եվ չի բացառվում, որ Պուտինը հենց այդ մասին է խոսելու Իրանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ:Ռուսաստանի ողջ խնդիրն այն է, որ այդ նախագահներից ոչ մեկին ձեռնտու չէ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում (որոշակի առումով Ալիեւից բացի): Նույնիսկ Հայաստանը, որը համարվում է Ռուսաստանի վասալը, համառորեն դիմադրում է Կրեմլի ճնշմանը եւ կարող է անհրաժեշտ պահին ըմբոստանալ:Այսպես թե այնպես, հաջորդ շաբաթ տարածաշրջանում կարեւոր իրադարձություններ են սպասվում. տարածաշրջանը վերափոխվելու է, եւ հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը կպահպանի իր ներկայությունը եւ կհաջողվի՞ փոփոխություններն անել առանց արյունահեղության:

www.lragir.am