Եթե իրար ողջունենք և հրաժեշտ տանք ասելով` “եկող տարի Վանում”, ապա կհասնենք փոփոխության…

Հարցազրույց Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի ղեկավար Հրայր/Սուրիկ Ղազարյանի հետ

Վերջերս տարբեր առիթներով խոսվում է Լոս Անջելեսում գործող Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի մասին, սակայն մեզանից շատերը ծանոթ չեն և չգիտեն ինչով է զբաղվում այդ կառույցը: Ուստի հարկ ենք համարում մեր ընթերցողին ներկայացնել կառույցի մասին համապարփակ տեղեկատվություն: Այդ նպատակով հանդիպել ենք կառույցի ղեկավար Հրայր/Սուրիկ Ղազարյանին:

651a68_56c2ee0d41aa4d428e1ad4747a0f25f0.jpg_srb_p_600_593_75_22_0.50_1.20_0

Պարոն Ղազարյան, կպատմե՞ք հակիրճ կառույցի ստեղծման նախապատմությունը:

2004 թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում մի խումբ ազատամարտիկների կողմից ստեղծվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ կառույցը` ֆրանսահայ, ազատամարտին մասնակցություն ունեցած Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: 2011թ.  փետրվարի 4-ին Փարիզում հռչակվեց Արևմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունը, այդ աշխատանքներում ներգրավված էին  Արամ Մկրտչյանը` Գերմանիայից, Տիգրան Փաշաբեզյանը` Երևանից և այլոք:

Կառույցը ձևավորվել է սփյուռքում, բայց աշխատում է ՀՀ հետ: Հակասություն չկա հայաստանյան կառույցների հետ: Քանի որ ռուսական ճնշմամբ հայկական կառույցները, իշխանությունը չեն կարող ներկայացնել պահանջները այն չափով, որ չափով իրականում պետք է ներկայացվի` մեզնից խլված գույքի, հողային տարածքների, իրավունքի նկատմամբ, ուրեմն պետք է ձևավորվեր պետական կառույց` աշխարհով մեկ սփռված սփյուռքահայության կողմից ստեղծված և դրանով ներկայացվեր պահանջը, այս տարբերակում ամենաճիշտ ձևաչափը Վտարանդի Կառավարություն ստեղծելն էր: Հարկ է նշել, որ “վտարանդի կառավարություն” հասկացությունը սվիններով ընդունվեց շատերի` հատկապես ավանդական կուսակցությունների կողմից և նրանց հարող, բայց ոչ կուսակցական ընկերների կողմից:

Նախաձեռնող խումբը պետք է կազմակերպեր համասփյուռքյան ընտրություն, ձևավորվեր Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով, Ազգային Ժողովը ձևավորեր Կառավարություն և սահմանադրության համաձայն պետք է  ձևավորվեր Դատական Ատյան:

Բազմաթիվ դժվարությունների հանդիպեցինք. Արմենակ Աբրահամյանի խումբը հռչակեց 64 պատգամավորից բաղկացած Ազգային Ժողով, սակայն այդ պատգամավորական խումբը չկարողացավ երբևէ հավաքվել և ապահովել քվորում: Դրանից հետո կազմակերպվեցին նոր ընտրություններ, արդյունքում ձևավորվեց 39 պատգամավորով Ազգային Ժողով: Ի դեպ, այդ թիվը համապատասխանեցված է հայոց հնամենի Այբուբենին: Այս խումբն ավելի մոբիլ էր և ավելի տրամաբանական, այսպիսով ձևավորվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողով, և Աժ նախագահը, ով ըստ սահմանադրության պետության Գլուխն է արարողակարգային խնդիրներով, ընտրվեց Բագրատունյաց տոհմից մի երիտասարդ, ով ապրում է Գերմանիայում և չնայած իր անփորձությանը` նա լավ մարդ է, ավելին, նրա միակ տղան այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում` թաքնված չէ Գերմանիայի տաքուկ անկյուններում:

Ձևավորվեց դատական իշխանություն` Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյան, որը, որպես կառույց,  2014 թ. մարտի 11-ին գրանցվեց ԱՄՆ-ում, ապա ՄԱԿ-ում:

651a68_9d17f770f8044fd8ab1e084dfb0e3025.jpg_srb_p_791_593_75_22_0.50_1.20_0

Կներկայացնե՞ք Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի առաքելությունը

Ինչպես բոլոր պատերազմների, այնպես էլ Առաջին Աշխարհամարտի հիմքում ընկած էր ազդեցության սահմանների վերաբաշխումը: Այդ խնդիրը լուծելու համար կազմվեց և ստորագրվեց Սևրի պայմանագիրը, պայմանագրի որոշ կետեր իրականացվեցին, որոշները` ոչ` մասնավորապես այն, որ Հայաստան պետությունը պետք է ունենար 162 հազար քմ տարածք: Բացի Սևրի պայմանագրից, անկատար մնաց նաև ԱՄՆ 28-րդ նախագահ Վիլսոնի իրավարար վճիռը, որը անբեկանելի փաստաթուղթ է և ԱՄՆ-ում ունի մեծ ուժ, որովհետև կնքված է ԱՄՆ կնիքով, ոչ թե նախագահի անունից, այլ պետության: Ստացվեց, որ շահառուն տեր չի կանգնում իր շահի համար կազմված իրավական փաստաթղթին:

1991թ. անկախության հռչակումից հետո դարձանք ավելի կախյալ դարձյալ Ռուսաստանից: ՀՀ 3 նախագահներն էլ համարում են, որ պահանջատիրություն չկա, սակայն իրականում պահանջատիրությունը մնում է, ամբողջ աշխարհով սփռված հայը պահանջատեր է, և իր պահանջատիրությունը անհատապես չի կարող շեփորահարել, այն պետք է արվի որևէ կառույցի կողմից, իսկ այդ կառույցը չի կարող լինել հասարակական կազմակերպություն, այն պետք է լինի պետական կառույց: Ահա այս պահանջատիրությունն է մեր կառույցի առաքելությունը:

Մեր սկզբունքն է` պահանջատիրությունը ներկայացնել, թեման վառ պահել, հնարավորինս բոլոր աշխատանքները կատարել և բոլոր պետությունների առաջ հարց բարձրացնել, երբ Հայաստանը կհայտարարի, որ ինքը ստանձնում է պահանջատիրության գործառույթը, մենք մեր լիազորությունները ցած կդնենք: Այսինքն մենք Հայաստան պետության հետ հակասություն չունենք, պարզապես այն, ինչը Հայաստանը չի կարողանում այսօր իր իշխանությամբ ներկայացնել աշխարհին, ավելի ճիշտ թույլ չեն տալիս ներկայացնի, դա մենք ենք անում: Ազատ ենք, անկախ ենք, անում ենք այն չափով,  ինչ չափով առայմ դա հնարավոր է:

Ըստ էության մեր հույսն ու ապավենը Սևրի պայմանագիրն է, որի 3 հոդվածը ուղղակիորեն  վերաբերում է Հայաստանին: 1920 թ., երբ ստորագրվեց Սևրի դաշնագիրը, ստորագրող և պայմանները քննարկող պետությունները եկան փոխադարձ համաձայնության, որ պայմանագրով որոշվում է ձևավորել Հայաստան պետություն, և Հայաստան Թուրքիա սահմանի քարտեզագրումը պետք է հանձնարարվեր անկախ կողմի, որ արդար ձևով որոշվի: Այդ հանձնաժողովը գտավ, որ ԱՄՆ նախագահից ավելի զորեղ ու արդար մարդ չկա այդ պահի դրությամբ: Նա էլ սիրով և բարեխղճությամբ կատարեց այդ հանձնարարականը` սահմանագծելով Հայաստան պետության և Թուրքիա պետության սահմանագիծը, որտեղ մտնում էր և Արցախը, և Նախիջևանը և Ջավախքը` 162 հազար քմ:

651a68_1a62003eaf774d609656eb46ca975420.jpg_srb_p_640_480_75_22_0.50_1.20_0

Հասկանալի է, որ  Հայաստանը մինչ այժմ ինչ-ինչ պատճառներով չի կարողացել այդ հարցը բարձրացնել: Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչո՞ւ նույն Հայ Դատի հանձնաժողովը կամ այլ կառույցներ հարցը միջազգային իրավական դաշտ են դուրս բերում ոչ թե պահանջատիրության, այլ ցեղասպանության ճանաչման շեշտադրումով: Չէ՞ որ ավելի վաղ` 1970 ականներին, նույնիսկ 1951-53 թթ  այն արդեն ճանաչվեց: Մի՞թե  միամիտ ենք, որ ծեծում ենք նույն ջուրը, արդյո՞ք սա մտածված է:

Մեր իրական պահանջատիրությունը գուցե շատերին միայն ասելու համար է պետք: Այդ խնդրով զբաղվող կառույցները շատ լավ հասկանում են, բայց ակնհայտորեն “ջուր են ծեծում”, նշանակում է` իրենք պատվեր են կատարում, այն ուժի պատվերը, ում ձեռնտու չէ այս խնդրի լուծումը: Այդ ուժերը ոչ հայանպաստ տրամադրությամբ զինված ուժերի ջրաղացին ջուր լցնողներ են: Մեզ պետք չէ ցեղասպանոթյան ճանաչում, քանի որ այն արդեն ճանաչված է, մենք դրա դատապարտման խնդիրը պիտի դնենք` դատապարտում և պահանջատիրություն: Ես զարմանում եմ նաև մերօրյա մտավորականների հայտարարության վրա` ստեղծել մի հանձնախումբ, վճարել նրան, որը որոշի այս իրավարար վճիռը կատարելի է, թե` ոչ: Եթե ասում ենք անբեկանելի, անժամանցելի, նշանակում է ցայսօր ուժի մեջ, հետևաբար բոլոր դեպքերում ենթակա է կատարման, ինչո՞ւ մոլորեցնել ժողովրդին: Գուցե հատկացվում են նաև միջոցներ այդ ճանաչման “ջուր ծեծոցու” համար, նրանք էլ ստանում են միջոցները և վայելում, նրանց պետք չէ այդ խնդիրը լուծվի, հակառակ դեպքում իրենց սնուցման աղբյուրը կփակվի: Այսինքն իրենք իրենց շահի համար են փոխում, նենգափոխում մեր պայքարի ուղղությունը: Մեր բաց վերքը օգտագործվում է անձնկան շահի համար: Երբ մարդն այս պահանջատիրության մեջ բիզնես է տեսնում, ուրեմն նա ազնիվ չէ, նա պետք է հեռանա, հնարավոր է, որ բիզնեսի և ազգի շահերը համընկնեն, հնարավոր է` ոչ, եթե միայն բիզնես շահն է, ապա պետք է պարզապես հեռանալ: Երկու տիրոջ չես կարող ծառայել: Օրինապաշտ մարդու կռիվը այդ մարդկանց հետ հենց այդ դաշտում է:

Արևմտյան Հայաստանի Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը ի՞նչ ծրագրեր ունի:

Կառույցը, որը ղեկավարում եմ ես, ունի ըստ էության իրավաբանների մի խումբ, որը պետք է զբաղվի նաև իրավական փորձաքննություններով, օրենքների ուսումնասիրմամբ և մշակմամբ, վեճերի լուծման եղանակների առաջադրմամբ և, ի վերջո, Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը նաև Արևմտյան Հայաստանի համար ունի Սահմանադիր Ժողովի գործառույթ: Իմ հեղինակությամբ մշակվել է սահմանադրություն, որի ներածական մասը հեղինակել է Արամ Մկրտչյանը Գերմանիայից, սակայն առաջին տպագրված օրինակն ունի լեզվական և տպագրական թերություններ, նախապատրաստվում ենք երկրորդ տպագրության` առավել պրոֆեսիոնալ սրբագրիչ համակարգողի օգնությամբ: Մենք զբաղվում ենք առավելապես խնդրի իրավաբանական մասով: Ես ինքս դեմ եմ քաղաքականությանը, ես քաղաքականության մարդ չեմ, երբեք չեմ եղել քաղաքականության մեջ, ես իրավունքի մարդ եմ և հայի պահանջատիրության իրավական մասի զինվորներից մեկն եմ:

Դուք տեսնո՞ւմ եք գործնական քայլեր, որ ձեր կառույցը կարող է, այնուամենայնիվ, անել այն, ինչ չի արվել մինչ հիմա` Հայ Հարցը մտցնելով միջազգային իրավունքի դաշտ` Հայաստանի Հանրապետության հետ համատեղ:

Որքան Հայ Դատի մյուս կառույցները կարող են ներկայացնել Հայ Հարցը իրենց կողմից, նույն ձևով էլ մենք կարող ենք: Ի տարբերություն նրանց, որ իրենց ստեղծման օրվանից միայն ցեղասպանության ճանաչում են ներկայացրել, այլ ոչ` պահանջատիրություն` ինչ-ինչ պատճառներով, մենք ստեղծման օրվանից դատապարտում և պահանջատիրություն ենք ներկայացնում` բոլոր հիմնավորումները տեղավորելով իրավական դաշտում: Թուրքիա պետությունը պետք է հաշվի նստի իրողության հետ, հարգի Սևրի պայմանագիրը և իրավարար վճիռը, ազատի, հետ տանի իր սահմանը մինչև Վիլսոնի կողմից գծանշված սահմանը:

Միջազգային հանրությունը հաշվի կնստի այդ պայմանագրի հետ, երբ իրենց հարմար լինի, իսկ մենք` որպես ազգ, պատրա՞ստ ենք դրա հետևանքներին:

Խնդիրը նրանում է, որ մեզ սովետական 70 տարիներն արգելափակեցին և չթողեցին լիարժեք պատրաստվենք, բացի այդ, ցեղասպանությունից հետո ամբողջ աշխարհով սփռված հայությունը հազիվ կարողացավ ի մի բերել իր ուժերը, իր ապրուստի հարցը լուծել, նոր գալ իրավագիտակցության և ինչ-որ քայլեր անել: Մենք արդեն իսկ նախապատրաստում ենք մեր ուժերի ներածի չափով և սփյուռքում, և Հայաստանում: Սահմանադրություն ենք ընդունել, հեռուստատեսությամբ հայտարարում ենք, թերթերում գրում ենք, առանձին հրապարակումներ են արվում, ԱՄՆ կոնգրեսականների, կուսակցական ղեկավարների, այլ պաշտոնատար անձանց հետ մշտապես բանակցությունների մեջ ենք, ներկայացնում ենք խնդիրը, իրավական փաստաթղթերը: Ես, չիմանալով անգլերեն, հարաբերվում են սենատորների հետ, իմ ուժերի գերլարումով գնում եմ դրան: Եթե ամեն մեկն այդպես փորձի, մենք մի բանի կհասնենք:

651a68_7b049c12d38c4bf8a96684a33900ed38.jpg_srb_p_600_280_75_22_0.50_1.20_0Այս տարի ապրիլի 24-ին մեծ երթ էր նաև Լոս Անջելեսում, սակայն կարգախոսները կրկին ուղղված էին ճանաչմանը: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կարիք չկա կազմակերպիչներին էլ ուղղորդել դեպի պահանջատիրություն, կարո՞ղ ենք ակնկալել, որ Ձեր կառույցն անի դա:

Մենք փորձում ենք, սակայն բախվում ենք կարծրատիպերի հետ, ավանդական կուսակցությունների մերժողական դիրքորոշումների հետ: Կան կուսակցություններ, ովքեր ասում են` մենք 100ամյակների պատմություն ունենք, հետևաբար պետք է անենք այն, ինչ հարմար ենք գտնում և այն ինչ մենք անում ենք, դա է ճիշտը: Ես մերժում եմ այդ մոտեցումը, բայց և չեմ մեղադրում, որովհետև նրանք այդպիսի դաստիարակություն են ստացել:

Ի՞նչ եք կարծում, կլինի՞ մի օր, որ այս ուղղությամբ հավաքվեն բոլոր կազմակերպությւններն ու կառույցները:

Իհարկե հնարավոր է, ես հույս ունեմ, հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի և այս խնդիրները չէի բարձրացնի: Եթե կորցնեմ հույսս, ուրեմն մեր ազգը էլ գոյություն չունի, փորձում ենք հնարավորինս շուտ գալ դրան: Ինչքան շուտ հասկանան և դարձի գան, այնքան քիչ կորուստներ կունենանք: Ցավոք սրտի դժվարությամբ է առաջ գնում, որովհետև հայի մոտ կա նախանձ, որը ստեղծում է թշնամություն: Դա ցավալի է, ամեն օր երեկոյան մենք ազգովի քնում ենք և արթնանում որպես արքաներ, որևէ մեկը որպես զինվոր չի արթնանում:

Կառույցը պատրա՞ստ է համագործակցելու մյուս կառույցների հետ կամ հանդես  գալ համագործակցելու առաջարկով:

Ես անձամբ դիմել եմ բոլոր կուսակցությունների ղեկավարներին, այլ հեղինակավոր անձանց, դիմել եմ բոլորին և առաջարկել` եթե բոլորդ ձեր գործողություններն իրականացնեք օրենքով, մի բանի կհասնենք, հակառակ դեպքում տարերայնորեն ոչնչի չենք հասնի: Օրենքը մեկն է և օրենքի առաջ բոլորը հավասար են. այս տրամաբանությամբ շարժվելով` կհասնենք: Բոլոր հանդիպումները տեսագրված են, կան նկարներ, որոնք տեղակայված են կայքում: Իհա’րկե ես պատրաստ եմ:

Երիտասարդներին պետք է կրթել` գաղափարական փոփոխության տանելու համար: Ի՞նչ պետք է անել, որպեսզի կառույցներն այլ ուղղությամբ չտանեն և անհատներն այլևս չօգտագործեն մեր բաց վերքը անձնական շահադիտական նպատակներով:

Ես ուրախ եմ, որ ձեզ նման առողջ սերունդ է մեծանում, ես մոտենում եմ 60 տարեկանին, պետք է սերնդափոխություն լինի, ես պետք է էստաֆետը հանձնեմ  նոր սերնդին: Ուրախ եմ, որ չենք կորցրել երիտասարդությանը, պարզապես պետք է հավատալ և վստահել երիտասարդներին, այդ դեպքում նրանք կթողնեն իրենց խոտոր ճանապարհներն էլ:

Կառաջարկեմ, առաջին հերթին, գտնենք համախոհ երիտասարդների և փաստերն իրար կողք կողքի դնելով ` ներկայացնենք նրանց, այդ ժամանակ հայի գենը և հոգին կարթնանա, պահանջատիրությունը կարթնանա և նա էլ կուզի հետ բերել կորցրածը: Հեռուստատեսությունների, մամուլի, դասախոսությունների, անհատական զրույցների, հանդիպումների, ժողովների միջոցով պետք է երիտասարդությանը նախապատրաստենք: Ցավոք սրտի, երիտասարդների մի մեծ խումբ գնում է խոտոր ճանապարհով. նրանք իրենց համարում են ավանդական կուսակցության երիտասարդական թև և գնում նույն ճանապարհով, ավելին, շարունակում են քարոզել այն գաղափարախսությունը, որը 100 տարի շարունակ մեզ ոչինչ չբերեց, բացի կորուստներից:

Ձեր շարքերում ընդգրկվելու համար ի՞նչ է պետք անել:

Պետք է դառնալ Արևմտյան Հայաստանի քաղաքացի, որով ևս մեկ անգամ հաստատում են իրենց պահանջատիրությունն ի լուր աշխարհի, և որպես Արևմտյան Հայաստանի քաղաքացիներ, որը սիմվոլիկ բնույթ է կրում և այդ ճանապարհով փաստաթղթով հաստատվում է պահանջատիրությունը` քարոզչություն իրականացնեն: Եթե մենք էլ, Իսրայելի նման, ողջունելիս և հրաժեշտ տալիս ասենք` ”եկող տարի Վանում”, ինչ որ մի բան կփոխենք, այդ ձևով կարող ենք առաջ գնալ հատկապես առողջ մտածող երիտասարդների միջոցով, միջին և ավագ սերունդը առանց երիտասարդների չի կարող դա անել, երիտասարդների սերունդն է, որ Արևմտյան Հայաստանի տերը պիտի դառնա: Երիտասարդները պետք է լինեն ճշմարիտը տեսնելու քարոզիչները, պայքարը արդարացի առաջ տանող քարոզիչները:

Կառույցին անդամագրվելու համար հատուկ ընթացակարգ կամ պայմաններ կա՞ն:

Ոչ, մարդիկ կարող են դիմել և ստանալ քաղաքացիություն: Ես կուզենայի, որ Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանը համալրվեր բարձրորակ, իմաստասեր, փիլիսոփա, երիտասարդների հետ շփվող և նրանց հոգեբանությունը հասկացող երիտասարդներով:

Բացի հայերից, կարո՞ղ են ուրիշ ազգի ներկայացուցիչներ դառնալ Արևմտյան Հայաստանի քաղաքացի:

Այո, քրդեր, ասորիներ, հույներ, լեզգիներ և այլ ազգեր, ովքեր ապրում են այնտեղ:

Հ.Գ. Արևմտյան Հայաստանի քաղաքացու քարտի վրա նշված է  արմատը, ազգությունը, հետևում նկարված է այն քարտեզը, որի համար ձևավորված է պահանջը` պահանջվող 120 հազար քմ-ը:

Հարցազրույցը վարեց  Լյուդմիլա Գրիգորյանը

 

38-Հայաստանը-1830-1878-թթ.