Թուրքիան երեկ անճանաչելիորեն փոխվել է

Հայ փորձագետները պնդում են, որ մինչեւ Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի 1-ին, երկրում իրավիճակը սրվելու է: Դա Հայաստանի համար կարող է նոր հնարավորություններ բացել, սակայն նաեւ անվտանգության լուրջ սպառնալիք դառնալ:
Թուրքիան փոխվում է, այն արդեն փոխվել է: Օրերս ժամանակավոր կառավարություն է նշանակվել, որում առաջին անգամ քրդական կուսակցության ներկայացուցիչներ են ընդգրկվել: Նրանք արդեն սենսացիոն հայտարարություններ են անում: Օրինակ, ԵՄ հարցերով նախարար, ազգությամբ քուրդ եւ Ժողովրդադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ալի Հայդար Կոնջան հայտարարել է, որ Թուրքիայում կոտորել են հայերին: Սա հայերի զանգվածային սպանությունների առաջին խոստովանությունն է նման բարձր մակարդակով:
Թուրքիան բավական ժողովրդավարական մեխանիզմներ երկիր է, եւ ընտրությունների արդյունքները դժվար է կանխատեսել: Այդ պատճառով ոչ ոք չի կարող վստահ ասել, որ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցությունը նոյեմբերի 1-ին մեծամասնություն կվերցնի խորհրդարանում: Ավելին, ենթադրվում է, որ այն ձայներ կկորցնի, եւ քրդերը կառավարությունում ավելի շատ տեղեր կվերցնեն: Դա արմատապես կփոխի Թուրքիայի քաղաքականությունը, որը կդադարի «օսմանյան» լինել:
Օսմանիզմի քաղաքականությունը պահպանելու Էրդողանի հնարավորությունները գնալով պակասում են, եւ թերեւս, ամենահավանական ճանապարհը մնում է ռազմական հեղաշրջումը՝ քրդերի «օգնությամբ» սրել իրավիճակը, չեղյալ անել ընտրությունները եւ մտցնել պետության «ուղիղ» կառավարում:
Թուրքիան երեկ անճանաչելիորեն փոխվել է: Քուրդ նախարարների նշանակումը, արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի փոփոխությունը շատ բանի մասին են խոսում: Ի դեպ, ԱԳ նախարար է նշանակվել Ֆերիդուն Սիրինօղլուն, ով եղել է Թուրքիայի ԱԳՆ հատուկ հանձնակատարը եւ բազմիցս Երեւան է բերել գաղտնի նամակներ:
Ադրբեջանական լրատվամիջոցները, վերլուծելով Թուրքիայի իրավիճակը, տարակուսած գրում են՝ թուրք նախարարը ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, Բաքվի լրատվամիջոցները տագնապով գրում են, որ Թուրքիան աստիճանաբար հեռանում է Ադրբեջանից, որովհետեւ չափից շատ է զբաղված քրդերի հարցերով: Ստացվում է, որ Ադրբեջանի միակ դաշնակիցը մնում է Ռուսաստանը:
Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում է լինելու: Չնայած հայկական արմատներին՝ նրան չեն մտցրել Ադրբեջանի «սեւ ցուցակ»:

Աղբյուրը՝ http://www.lragir.am