«Միառժամանակ ամուսնացած է երկու կանանց հետ: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա». Դավիթ Թադևոսյան

«Ոչ մի կերպ չեմ պատկերացնում ինձ առանց իմ մասնագիտության, առանց հեռուստատեսության, կինոյի և, առավել ևս, թատրոնի».-LosArmNews.am-ի հետ զրույցում իր մասնագիտության, «Փախի՛ր կնոջիցդ» նոր ներկայացումը որպես ռեժիսոր բեմադրելու և գլխավոր կերպարում հանդես գալու շուրջ կիսվեց դերասան, ռեժիսոր Դավիթ Թադևոսյանը :
««Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման մեջ իմ կերպարն անչափ հետաքրքիր և յուրահատուկ է: Միառժամանակ ամուսնացած է երկու կանանց հետ: Երեք տարի շարունակ կարողացել է այնպես կազմակերպել այդ ամենը, որ գաղտնիք մնա: Օրերից մի օր տեղի է ունենում մի անսպասելի միջադեպ, որից էլ բացվում է գաղտնիքը: Դրանից հետո իմ կերպարը ամեն կերպ փորձում է ջրից չոր դուրս գալ այդ անելանելի թվացող իրավիճակից»,- նշեց դերասան-ռեժիսորն` անկեղծանալով, որ իրականում ոչ մի նմանություն չունի այն կերպարի հետ, ում մարմնավորում է։
Անդրադառնալով ներկայացման ժանրին Դավիթ Թադևոսյանն ասաց. «Կատակերգություն ժանրի ժամանցային ներկայացում է: Նպատակը հանդիսատեսի բարձր տրամադրությունն ապահովելն է: Դինամիկ ու անսպասելի զարգացող սյուժեն և հետաքրքիր կերպարների շուրջ ստեղծված ծիծաղաշարժ իրավիճակները պարզապես «կստիպեն» հանդիսատեսին մնալ հաճելի լարվածության մեջ՝ ողջ ներկայացման ընթացքում և աննկարագրելի բավականություն կպատճառեն»:
Խոսելով դերասանական կազմի մասին ռեժիսորը նշեց, որ գրեթե բոլորի հետ նախկինում աշխատել է․ «Բոլորն էլ քաջ հայտնի են հայ հանրությանը: Վստահ եմ, շատերը կցանկանան տեսնել նրանց բեմում և վայելել խաղը: Հեշտ է աշխատելը, քանի որ բոլորն էլ պրոֆեսիոնալ են, իրենց գործի գիտակն են, հստակ հասկանում են խնդիրները և կարողանում են կատարել բարձր մակարդակով»:
Ամփոփելով զրույցը Դավիթ Թադևոսյանը պատասխանեց հարցին, թե արդյո՞ք կա տարբերություն հայաստանյան և ամերիկաբնակ հայ հանդիսատեսի միջև․
«Ճիշտն ասած, ես դեռևս մեկ անգամ եմ բախտ ունեցել ներկայանալ ամերիկաբնակ հանդիսատեսին: Չեմ կարծում, որ այդ առումով որևէ տարբերություն կա, որովհետև մենք՝ հայերս թատերասեր ժողովուրդ ենք: Հետևաբար` կապ չունի, թե որտեղ կլինենք՝ Ամերիկայու՞մ, Հայաստանու՞մ, թե՞ աշխարհի մեկ այլ երկրում, միևնույնն է, թատրոն շատ ենք սիրում և հաճախում` առաջին իսկ հնարավորության դեպքում»:

LosArmNews.am