Կիսաբաց նամակ՝ Հրաչ Մուրադյանին

Ամերիկաբնակ բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ  գրառումը.

Հարգելի բարեկամ.

Չեմ ուզում հավատալ թե դուք չեք գիտակցում Ձեր թիմի կատարած հանցանքի ծանրությունը: Այո՛, հանցանք, որը գործել եք ոչ միայն հեռուստադիտողի, այլ առաջին հերթին ձեր հաղորդման մասնակիցների հանդեպ: Չնչին բացառություններով, դուք եթեր եք դուրս բերել մեր հասարակության տականքին, այդ տականքի գործածած լեզուն, նրա մտածողությունն ու աշխարհընկալումը:
Դուք հետևողականորեն ՍՈՎՈՐԱԿԱՆ եք դարձրել արտասովորը, նորմալ եք դարձրել աննորմալը: Բառամթերքի այն սոսկալի աղբանոցը, որ դուք եթեր եք տվել, չի կարող իր ազդեցությունը չունենալ ունկնդրի վրա, հատկապես եթե այդ ունկնդիրը չունի հաստատուն կրթություն և բառապաշար: Այս ամենին զուգահեռ ձեր աշխատանքը կատարվել է մեղմ ասած շատ սիրողական մակարդակով, դուք փորձել եք` «բահով ու քլունգով սրտի վիրահատություն անել»: Մի՞ թե խոցելի խավի հետ կարելի է նման կերպ աշխատել: Ամբողջ աշխարհում հասարակությունից դուրս մնացած անհատների հետ աշխատանիք համար գործում են ամբողջական ինստիտուտներ, տարիներով մասնագետներ են պատրաստվում դրա համար, անգամ ամեն խնդիր ունի իր առանձին մասնագետը: Ձեր հաղորդաշարի շրջանակներում (կրկին չնչին բացառություններով), որպես մասնագետ (expert) հանդես են գալիս մարդիկ, որոնք հենց իրենք ունեն մասնագետի կարիք: Շատ հաճախ մասնագետներն ու օգնության դիմածները ոչնչով չեն տարբերվում իրարից: Այս ամենը գրրլուց առաջ համացանցում դիտեցի Ձեր մի քանի հաղորդում, իհարկե ոչ ամբողջական: Կարելի է խելագարվել պարզապես, իրավաբանը Նախկին հանցագործին սպառնում է հիշեցնել`« կոշի գաղութը հին թվերով» , մեկ այլ տեղում մասնագետը մեծահասակ կնոջն ասում է` « ձեր տղան բոզ է» , մի ուրիշ տեղում մասնագետն ու հիվանդը հիստերիկ կերպով բղավում են իրար վրա: Վստահ եմ, որ ոչ մի մասնակից չի հեռացել այս հաղորդման տաղավարից իր խաղաղությունը գտած, իր հարցերի պատասխանները մտքում:
Սա՞ է ձեր օգնությունը մարդկանց…
Դադարեցրեք այս ամենը, դուք բավական հետաքրքիր դեմք եք եթերում, փոխեք Ձեր Աշխատանքի ֆորմատը, փորձեք հարմարվել նոր իրականության հետ, հակառակ դեպքում պարզապես դուրս կմնաք խաղից…