Exclusive from Los Angeles․Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ կամ բժիշկ են դառնում, կամ իրավաբան: Լիլի Ավագյան

«Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ կամ բժիշկ են դառնում, կամ իրավաբան: Ես էլ ըստ «օրենքի» գնացի այդ ճանապարհով՝ պատրաստվում էի ուռուցքաբան դառնալ»․ այս և մի շարք այլ հարցերի շուրջ Yelaket.am-ի հետ զրուցում  կիսվեց ամերիկաբնակ հաղորդավարուհի Լիլի Ավագյանը:

1.Ինչպե՞ս կատարեցիք Ձեր առաջին քայլերը դեպի հեռուստատեսություն:

-Դա այնքան վաղուց էր։ Երեւի 3-4 դասարանում էի, կամ ավելի փոքր, երբ առաջին անգամ հայտնվեցի հեռուստաընկերությունում, Հայաստանի Հանրապետության առաջին անկախ «ԱՐ» հեռուստաըկերությունն էր: Չեմ հիշում ինչու, եթե չեմ սխալվում ինչ-որ տոնական օր էր ու պիտի ասմունքեի: Հիշում եմ, որ աչքերս չորս արած հետևում էի, թե ինչ է կատարվում շուրջ բոլորս: Ինչ-որ բան երեւի ծնվեց իմ մեջ հենց այդ օրը:

2.Միթե՞ հեռուստահաղոդավար դառնալը Ձեր մանկության երազանքն էր:

-Բացարձակ: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ կամ բժիշկ են դառնում, կամ իրավաբան եւ այդ ավանդույթը արդեն 3-րդ սերունդն է շարունակում: Ես էլ ըստ «օրենքի» գնացի այդ ճանապարհով՝ պատրաստվում էի ուռուցքաբան դառնալ: 2 տարի անց, մի օր որոշեցի, որ ուղղակի չեմ ուզում, ու ամեն ինչ փոխվեց: Ծնողներիս համար դժվար ընկալելի շրջադարձ էր, սակայն ուզած-չուզած ըմբռնումով մոտեցան :))

3.Արդյո՞ք հեշտ է աշխատել արտասահմանում և ամեն ինչ հեշտությա՞մբ է Ձեզ տրվել:

-Անկեղծ ասած` այո: Թե’ իմ հասարակական գործունեության շրջանակներում, թե’ հեռուստատեսության ոլորտում երբեւէ դժվարություն չեմ զգացել: Ես ամեն իչին ինքս եմ հասել, բայց չէի ասի, որ բարդույթների հանդիպել եմ, եթե եղել են, ապա աննշան :

4.Եղե՞լ են հիասթափության ժամանակներ, որ ցանկացել եք թողնել Ձեր մասնագիտությունը և ամեն ինչ սկսել զրոից:

-Ես գիտեմ, որ արտաքուստ փխրուն ու նուրբ եմ երեւվում, բայց նեքուստ այդքան էլ «փխրուն» չեմ: Ոչ ոք ու ոչինչ ինձ չի կարող ստիպել, որ հիասթափվեմ այն ամենից, ինչ սիրում եմ կամ արժեւորում:

5.Հետևո՞ւմ եք հայկական հեռուստատեսությանը և եթե այո, հնարավորության դեպքում ի՞նչ փոփոխություն կանեիք հայկական հեռուստատեսությունում:

-Իհարկե, հետեւում եմ հնարավորությանս սահմաններում: Չեմ կարող գործել ոլորտում առանց տեղյակ լինելու ինչ է կատարվում շուրջս, այլ հարց է ինչքանով եմ համաձայն: Անիմաստ ու աննպատակ քննադատություններ անել չեմ սիրում, ուղղակի կասեմ, որ կուզեի տեսնել ազատ, անկաշկանդ, համարձակ, բայց գրական, հասարակության բարոյահոգեբանական ճիշտ կեցվածք կերտող հեռուստաարվեստ…

6.Վերջին անգամ ե՞րբ եք այցելել Հայաստան և այդ այցելությունը ի՞նչ տվեց Ձեզ:

Անցյալ տարի եմ Հայաստան այցելել, այս տարի չստացվեց, բայց մյուս տարի կուղղեմ սխալս: -Ի՞նչ տվեց, ախր ո՞նց բացատրեմ: Ի՞նչ է տալիս սիրահարված զույգին հանդիպումը: Ես մշտապես սիրահարված եմ իմ Երեւանին, ամեն անգամ սիրտս նույն կերպ է բաբախում, երբ օդանավի պատուհանից սկսում է երեւալ քաղաքս:

7.Ի՞նչ ակնկալիքներ կան նոյեմբերի Լոս Անջելեսում կայանալիք Mellardi Fashion Show-ից, որը վարելու եք Դուք և հայտնի դերասան Քեն Դավթյանը:

-Մարիա Գրիգորյանն իմ մտերիմ ընկերուհիներից է եւ ես անսահման ուրախ եմ իր նվաճումների համար: Ես իմ մտերիմների հաջողությունն իմ հաջողությունն եմ համարում: Ակնկալում եմ մի օր աշխարհահռչակ brand-երի շարքում տեսնել նաեւ Mellardi-ին: Ուրախ եմ, որ աշխատելու եմ Քենի հետ՝ հրաշալի անձնավորություն է, իր գործի վարպետ, պարտավորեցնող համագործակցություն է:

8.Mellardi նորաձևության տան հիմնադիր դիզայներ Մարիա Գրիգորյանի հետ հարցազրույցից իմացանք,որ նա Ձեր պատվին <<Լիլի>> անվամբ զգեստ է ստեղծել, ինչպե՞ս եք արժանացել այդ պատվին:

-Անկեղծ ասած չգիտեմ, բայց այդ զգեստը տեսնելուն պես զգացի որ այն իմն է :)) Այն անցյալ տարի USArmenia հեռուստաընկերության «Նոր Աստղ» նախագծի եզրափակիչ համերգի ժամանակ եմ կրել:

9.Ձեր խորհուրդը սկսնակ հեռուստահաղորդավարներին. ինչպե՞ս դառնալ տաղանդավոր հեռուստահաղորավար:

-Տաղանդավոր կամ լինում են կամ` ոչ, չեմ կարծում դա «դառնալու» բան է: Ինչ վերաբերվում է հաղորդավարի մասնագիտությանը` իմ կարծիքը շատ սուբյեկտիվ է տվյալ հարցում: Հաղորդավար լինելու համար միայն հաղորդավար լինելը բավարար չէ՝ պիտի լինես նաեւ լրագրող, դիվանագետ, քաղաքագետ, դերասան եւ այլն եւ այլն: Ուղղակի պիտի լինես :

Նյութի աղբյուրը` Yelaket.am