Արդյո՞ք անպատիժ կմնա Բռնի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա .

Երբ ամենաառաջատար երկրի ամենաապահով համարվող քաղաքներից մեկում օրը ցերեկով հարձակում են գործում խաղաղ ցուցարարների վրա՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից, դա առաջին հերթին ապտակ է տվյալ պետությանը:

Մայիսի 16-ին վաշինգտոնյան վերջին դեպքերի հետ կապված այսօր Սենատոր Մըքքեյնը թվիթթերյան գրառմամբ հայտարարել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի», իսկ Վաշինգտոնի քաղաքապետ Բաուզերը նշել է. «Բռնի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, ինչին երեկ ականատես եղանք, վաշինգտոնյան արժեքների և մեր՝ որպես ամերիկացիների իրավունքների ոտնահարում է: Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները»: Ոստիկանապետը նշել է, որ նախագահ Էրդողանի թիկնապահներից ոմանք զենք ունեին, ինչը միջադեպն առանձնապես վտանգավոր էր դարձնում Վաշինգտոնի ոստիկանների համար, ովքեր փորձում էին սաստել բռնությունը և վերականգնել հասարակական կարգը:

 Հիշեցնենք, որ ամերիկահայերը միացել էին մայիսի 16-ին Սպիտակ տան մոտ կազմակերպված բողոքի ակցիային, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության ու նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպման դեմ։

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը քրդական, հունական ու ասորական կազմակերպությունների հետ միասին ցանկանում էին ուշադրություն գրավել Թուրքիայում Էրդողանի ռեպրեսիաներին ու երկրի սահմաններից դուրս ագրեսիային։ Ըստ Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, երբ խաղաղ ցուցարարները, օգտվելով ազատ խոսքի իրենց իրավունքից, բողոքի ցույց էին անցկացնում դեսպանատան դիմաց, Էրդողանի անվտանգության աշխատակիցները թուրք կողմնակիցների հետ միասին, ճեղքելով ոստիկանական պատը, հարձակվել են նրանց վրա ու բռունցքներով, ոտքերով սկսել հարվածներ հասցնել ցուցարարներին։

Ինչպես երևում է բազում տեսագրություններից՝ մի քանի ցուցարարներ ստացել են լուրջ վնասվածքներ ու հարձակումից հետո նրանց վրա արյան հետքեր կային, 9 մարդ վիրավորվել է, երկու մարդ ձերբակալվել ։ «Նման բռնություն երբեք չես ակնկալի տեսնել Միացյալ Նահանգների մայրաքաղաքում։ Նման բռնություն կարող ես տեսնել Էրդողանի Թուրքիայում», – ասել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրենը՝ շարունակելով. – «Սա այն անհանդուրժողականությունն է, որ իշխում է Թուրքիայում, և նրանց շնորհիվ այն դրսևորում ստացավ նաև Վաշինգտոնում»։

Հետևությունը մեկն է. Վաշինգտոնի կենտրոնում Թուրքիայի նախագահը կարող է իրեն թույլ տալ ծեծել ԱՄՆ քաղաքացիներին և մնալ անպատիժ։ ԱՄՆ իշխանությունները պարտավոր են պատժել և մեղավորներին և պաշտպանել իրենց քաղաքացիներին՝ անկախ նրանց էթնիկ ծագումից։ Հակառակ պարագայում փլվում է այն սկզբունքը, որ ԱՄՆ-ում մարդու իրավունքները պաշտպանված են։

Լիլիթ Ղարիբյան