Նորաձևության շաբաթը Նյու Յորքում

Այս  օրերին  Նյու  Յորքում  տեղի   է  ունենում  ամենասպասված  իրադարձություններից  մեկը` Բարձր  նորաձևության  շաբաթը, որտեղ  աշխարհի  ամենահայտնի  բրենդերը  կարծես   իրար հետ  մրցակցության  մեջ  են  դուրս  եկել` ով  ավելի  օրիգինալ  կերպով  կներկայացնի  իր  յուրօրինակ  հագուստները: Այսպես,  տեսնենք`  ինչ  է  կատարվում  մի  քանի  հայտնի  նորաձևության  տներում, ինչպիսի  նորություններ  կան  և  ինչ  է  մեզ  սպասվում  2016 թվականին:

Givenchy-ի հավաքածուի  ցուցադրությունը. ցուցադրության տոմսերը պատմության մեջ առաջին անգամ կարելի էր գնել առցանց, իսկ նորաձևության դպրոցի ուսանողներին և այն շրջանի բնակիչներին, որտեղ տեղի էր ունենում ցուցադրությունը, դրանք անվճար են տրվել: Նորաձևության  տան  ստեղծագործական տնօրեն Ռիկարդո Տիշին շոուն Փարիզից տեղափոխել է Նյու Յորք՝ այստեղ ապրանքանիշի նոր խանութի բացման վրա ուշադրություն հրավիրելու համար: Որպես ցուցադրության օր ընտրվել էր սեպտեմբերի 11-ը` ԱՄՆ պատմության համար ոչ սովորական օր: Ուստի «հանդիպման վայրը» «Փիրս 26»-ն էր՝ Գուդձոն Ռիվերի պարկում, որտեղից երևում է Համաշխարհային առևտրի կենտրոնի տեղում հառնած «Ազատության աշտարակը»: Որպես շոուի երաժշտություն՝ հնչել են 6 համաշխարհային կրոնների երգեցողություններ: Ցուցադրությունն անցել է «Ես հավատում եմ սիրո ուժին» Ռիկարդո Տիշիի անձնական կարգախոսի ներքո:

Ցուցադրության ժամանակ ներկայացվել են ատլասե և ժանյակավոր կոստյումներ, խալաթ-վերարկուներ՝ մարգարտե պաստելային երանգներով, ժանյակազարդ զգեստներ և գիշերազգեստներ: Ներկայացվել են նաև երեկոյան հագուստներ:

Հետևելով Վիկտորյա Բեքհեմի աշխատանքներին Victoria Beckham համանուն ապրանքանիշի հավաքածուում՝ չենք կարող չնշել, թե վերջին մի քանի եղանակներին որքան արագ է զարգացել կանացիության պատկերացման նկատմամբ դիզայների մոտեցումը:Այսօր նրա ստեղծագործությունները դարձել են ավելի հասուն, հանգիստ և «կենդանի» կանացիությամբ, նույնիսկ իմաստնությամբ լեցուն: Հատկանշական է, որ տարեց տարի Վիկտորիան իր հավաքածուներին նոր մոտեցում է ցուցաբերում եւ հագուստներն ավելի կանացի դարձնում։ Երկար կիսաշրջազգեստներ, ասիական ոճով կարված նուրբ կոշիկներ, տոպեր, սարաֆաններ, զգեստներ այս ամենը արտացոլում է Վիկտորիայի՝ «ազատության» գաղափարի պատկերացումները։Հավաքածուում ընդգրկված են պարզ ուրվագծերով հագուստներ։ Եվ ամենակարեւորը՝ ներկայացված հագուստները հարմարավետ են տարբեր կազմվածքներ ունեցող կանանց համար։

Diane von Furstenberg նորաձեւության տունը Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացրել է իր գարուն-ամառ 2016 հավաքածուն։ Անհնար էր շրջանցել եւ չխոսել այս ցուցադրության մասին, քանի որ պոդիում են բարձրացել այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Կարլի Կլոսն ու Ջորդան Դանը։ Diane von Furstenberg նորաձեւության տան նոր հավաքածուն հիշեցնում է Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգի կյանքի ոսկե շրջանը՝ 70-ականները։ Իզուր չէ, որ մոդելները ներկայացել են 30-ամյա Դիանայի կերպարով՝ փարթամ գանգուրներ, մազերի մեջ դրված ծաղիկներ, երկար զգեստներ, մետաքսե գիշերազգեստ-կոստյումներ՝ զարդարված ոսկեգույն ասեղնագործություններով։

Նյու Յորքի նորաձևության շաբաթը   իրենց  վառ  գույներով  հեղեղել  են  նաև Tommy Hilfiger-ի, Jeremy Scott-ի և Carolina Herrera-ի ցուցադրությունները:

ԱՐՓԻ