ԱՄՆ պետքարտուղարի հայ խորհրդականը

Հայազգի Վահան Թուրեքյանը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի՝ գիտությունների եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդական: Նա թվով հինգերորդ խորհրդականն է:

Այդ պաշտոնում դոկտոր Թուրեքյանը խորհուրդներ է տալու պետքարտուղարին, նաեւ նրա տեղակալին՝ տնտեսական աճի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի, գիտության եւ տեխնիկայի հարցերում:

Պետքարտուղարության կայքում ասվում է, որ նա խորհուրդներ կտա առողջապահական խնդիրների վերաբերյալ, որոնք առնչվում են ԱՄն արտաքին քաղաքականությանը:

Նախկինում Թուրեքյանը զբաղեցրել է պաշտոն Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ընկերակցությունում:

Թուրեքյանը հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է: Նրա հայրը՝ Կարլ Թուրեքյանը հայտնի գիտնական քիմիկոս է, աշխատել է Յեյլի համալսարանում:

Վահան Թուրեքյանը Հայաստան է այցելել 2000թ., որպես Ամերիկյան համալսարանի հրավիրյալ պրոֆեսոր: 

Հասմիկ Խաչատրյան