Միսս ԱՊՀ-ն կանցկացվի Հայաստանում. Ադրբեջանի և Թուրքիայի մասնակիցները ևս ցանկացել են գալ

«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը տեղի կունենա երկրորդ անգամ և կրկին Հայաստանում։ Շոուի եզրափակիչը տեղի է ունենալու հունիսի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել մասնակցել «Միսս ԱՊՀ 2018» միջազգային մրցույթին, որը պիտի տեղի ունենար Երևանում։ Բայց սեղմ ժամկետներում անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներներ են առաջ եկել, և կազմակերպիչները չեն կարողացել աղջիկներին մրցույթին մասնակցելու հնարավորություն տալ։

Այս մասին Sputnik Արմենիային պատմեց «Միսս ԱՊՀ» մրցույթի կազմակերպիչներից մեկը` Նաիրի Մնացականյանը։

Ավելի քան 30 գեղեցկուհի կպայքարեն լավագույնի կոչման և «Միսս ԱՊՀ»-ի թագի համար։ Միջազգային մրցույթը տեղի կունենա երկրորդ անգամ և այս անգամ նույնպես` Հայաստանում։ Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 29-ին Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում։

«Հայաստանի ներկայացուցիչներին կընտրեն առաջիկա 3-4 օրերին։ Մենք նաև հոգ ենք տարել, որպեսզի ամենամյա մրցույթը միշտ անցկացվի Հայաստանում», — ասաց Մնացականյանը։

Մրցույթի տնօրեն Յանա Գրիգորյանի խոսքով` Ադրբեջանը պայքարել է եզրափակիչը Բաքվում անցկացնելու իրավունքի համար, ջանքեր է թափել, սակայն վերջնական որոշումն ընդունվել է հօգուտ Հայաստանի։

«Սակայն անձամբ ես չէի ուզի, որպեսզի գեղեցկության մրցույթն ինչ-որ քաղաքական ենթատեքստ ունենա։ Վստահ եմ, որ նման միջոցառումն ապրիորի չպետք է քաղաքականացված լինի», — նշեց նա։

Մրցանակային ֆոնդը կազմում է 10 000 դոլար։ Դրամական պարգևից բացի հաղթողը պայմանագիր է կնքում աշխարհի ամենահայտնի մոդելային գործակալություններից մեկի հետ։ Մյուս մասնակիցների համար նույնպես նախատեսված են արժեքավոր մրցանակներ, նվերներ, պատմեց Գրիգորյանը։

Աղջիկներին սպասվում է հագեցած ծրագիր, կազմակերպիչներն անմոռանալի օրեր են խոստանում Հայաստանում։

«Երկու օր կանցկացնենք Գորիսում` Հայաստանի ճանաչված մշակութային մայրաքաղաքում, աղջիկները կարող են ծառ տնկել։ Միջոցառման շրջանակում տեղի կունենան բարեգործական և այլ ակցիաներ», — պատմեց մրցույթի տնօրենը։

Այս տարի մրցույթի հյուրերն են հայտնի բլոգերներ տարբեր երկրներից, ժյուրիի կազմում կներառվեն ոչ պակաս հետաքրքիր մարդիկ, հավելեց Յանան։

Ժյուրիի անդամների համար 30 գեղեցկուհիներից «ամենա-ամենային» ընտրելու գլխավոր չափանիշը կլինի բնական գեղեցկությունը, պնդում է Գրիգորյանը։

Հենց այդ չափանիշն է գլխավորը նաև նախնական քասթինգների ժամանակ։ Կազմակերպիչները փորձում են ընտրել հնարավորինս բնական գեղեցկությամբ աղջիկների։

Հիշեցնենք, որ միջազգային գեղեցկության մրցույթի առաջին եզրափակիչը տեղի է ունեցել 2017թ-ի հունիսին։

Մրցույթին մասնակցել են ԱՊՀ և նախկին ԽՍՀՄ երկրների 18-25 տարեկան 24 աղջիկներ։ Մրցույթի հաղթող է դարձել Հայաստանի մասնակիցը` մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am