Ինչ դերով է Էմմա Մանուկյանը մուտք գործում «Կարմիր բլուր»

Այսուհետ  «Կարմիր բլուր» սերիալում հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել նաեւ Էմմա Մանուկյանի խաղին: Նոր դերի, ոճային փոփոխության մասին դերասանուհին առաջինը պատմել է BRAVO.am-ին:

«Նախորդ տարվա երկու ծանր նախագծերից հետո մտածում էի, որ ավելի երկար դադար կունենամ, բայց ռեժիսոր Ելենա Արշակյանի այս առաջարկը չկարողացա մերժել, քանի որ առաջին անգամ եմ եթերում ներկայանալու բացասական հերոսուհու կերպարով»,-նշել է նա:

Դրամատիկական թատրոնի դերասանուհին սերիալում մարմնավորում է Անիին, ով գլխավոր հերոսի՝ Սեւակի նախկին սերն է ու տարիներ անց վերադառնում է.«Շատ բան չեմ կարող պատմել, քանի որ չգիտեմ` ինչպես կզարգանա սցենարը: Կերպարն ինձ շատ է դուր եկել: Այս ընթացքում այլ առաջարկներ եւս ստացել եմ, սակայն լացակումած, դժբախտ հերոսուհիների կերպարներ են եղել»:

Նոր դերի համար Էմման փոփոխել է ոճը՝ կտրելով մազերը.«Ուզում էի նորովի ներկայանալ, քանի որ սրանից առաջ նույն կերպարով մեկ տարի էկրաններին էի: Փոփոխությունն արված է, մնում է կարողանանք ճիշտ օգտագործել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի

Bravo.am