Դուբայի օդանավակայանում ռոբոտ-ոստիկան կհայտնվի

Դուբայի օդանավակայանում ռոբոտ-ոստիկան կգործարկվի, որը կհետևի կասկած առաջացնող մարդկանց և կզեկուցի նրանց գործողությունների մասին: Այս մասին հայտնում է Khaleej Times-ը:

Նշվում է, որ առաջին նման ռոբոտն արդեն փորձարկվել է Դուբայի մաքսային ծառայությունում. այն կգործարկվի օդանավակայանի ժամանումների հատվածում:

«Սա անդրոիդ է: Այն ամբողջությամբ դեռ չի գործարկվել, սակայն փորձնական փուլ է անցել օդանավակայանում»,- ասել է Դուբայի մաքսային ծառայությունում նորարարությունների կենտրոնի մասնագետ Խալիդ Ալ Զարունին:

Նրա խոսքով՝ անդրոիդը կկարողանա դեմքեր ճանաչել, ինչպես նաև կունենա ռենտգենային սքանավորման ու ջերմային տեսողության հնարավորություն:

Ռոբոտը տեղեկություն կհավաքի ցանկացած տարօրինակ պահվածքի մասին ու կուղարկի այն հատուկ կենտրոն: Սպառնալիքի բացակայության դեպքում ռոբոտն ուղղակի կողջունի ուղևորներին:

Աղբյուրը՝ tert.am