«Եթե դա նորաձևություն է, ապա ես դուրս եմ գալիս խաղից». Արմանին քննադատել է Gucci-ի վերջին ցուցադրությունը

Աշխարհի ամենահայտնի կուտյուրյեներից մեկը՝ իտալացի Ջորջո Արմանին, խստորեն քննադատել է Gucci նորաձևության տան վերջին ցուցադրությունը, մասնավորապես՝ կրեատիվ դիզայներ Ալեսանդրո Միկելեի վիճահարույց մտահղացումը, համաձայն որի՝ մոդելները պոդիում են դուրս եկել «կտրված գլուխներով»:

Ինչպես նշում է italia-ru.com-ը, Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում իր հավաքածուի ցուցադրության վերջում Արմանին ասել է. «Յուրաքանչյուրն իրավասու է անել այն, ինչ ուզում է, բայց թույլ տվեք ասել, որ եթե պոդիում են դուրս գալիս մարդու կտրված գլուխը թևի տակ դրած, դա արդեն անհանդուրժելի է: Եթե դա նորաձևություն է, ապա ես դուրս եմ գալիս խաղից»:

Մինչդեռ ինքը՝ Միկելեն նշել է, որ նորաձևությունն այնպիսի հզոր բան է, որ հնարավորություն է տալիս հայտնագործել ու փորձարկումներ անել:

Հայտնի է, որ ավելի վաղ 83-ամյա Արմանին քննադատել էր Prada և Dolce&Gabbana նորաձևության տներին:

Աղբյուրը՝ tert.am