Նազիկ Ավդալյանը՝ ոճային փոփոխության, ամուսնու արձագանքի և որդու մասին

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը վերջին շրջանում իրեն նվիրել է ընտանիքին։ Tert.am Life-ը ծանրամարտիկի հետ զրուցել է ոճային փոփոխության, որդու հետ ներկայիս հարաբերությունների և նոր աշխատանք սկսելու մասին։

Նազիկը վերջերս ոճային փոփոխություն է արել և հրաժարվել է երկար վարսերից։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ փոփոխություն անելուց առաջ երկար չի տատանվել։ «Ես հոգնել էի երկար սանրվածքից, որոշեցի  փոփոխություն անել։ Կարծում եմ՝ չի կարելի միապաղաղ  ապրել։ Ես չեմ վախենում փոփոխություններից և չեմ փոշմանում, անգամ, եթե այնքան էլ լավ չի ստացվում։ Միշտ կարելի է փորձել,– ասաց Նազիկն ու հավելեց, որ հատուկ սեր չունի երկար վարսերի հանդեպ,– Կարևորն այն է, որ սանրվածքը սազի մարդուն։ Երևի, ինձ սազում է կարճ սանրվածքը»։

Խոսելով ամուսնու` Էրիկի արձագանքի մասին, Նազիկն ասաց, որ նա երկար վարսեր է սիրում, սակայն դեմ չի եղել կնոջ ոճային փոփոխությանը. «Իրեն ասացի, որ հոգնել եմ երկարությունից, ուզում եմ կտրել։ Բնականաբար, նա չէր կարող ստիպել, իր կարծիքն ասաց, բայց հավելեց, որ  եթե ուզում եմ, կարող եմ կտրել»։

Ինչպես արդեն պատմել էինք, Նազիկը որոշել է թողնել մարզումներն ու ամբողջ ժամանակը տրամադրել որդուն, երբ իր չեմպիոնական մեդալները տեսնելուց հետո, որդին, որ այն ժամանակ 2.5 տարեկան էր, ասել էր` ես չեմ ուզում այս մեդալները, ուզում եմ, որ էլ երբեք  չգնաս։ Նազիկի խոսքով՝ մեկուկես տարի է, ինչ ամեն օրն անցկացնում է որդու հետ, սակայն մինչև հիմա չի կարողանում լիարժեք լրացնել բացը:

«Կարծում եմ` դեռ չեմ կարողացել ամբողջությամբ լրացնել այն բացը, որը զգացել է իմ փոքրիկը։ Այնպես որ, դեռ կշարունակեմ ժամանակս տրամադրել միայն իրեն։ Մեկուկես տարի է` ես սպորտում չեմ, սակայն մինչև հիմա հեռուստատեսությամբ սպորտ տեսնելիս երեխաս գալիս է ու հարցնում` մամ, էլ ինձ չես թողնի, գնաս հավաքների, չէ՞։ Այն ժամանակ 2.5 տարեկան էր, հիմա` 4, բայց մինչև հիմա նստվածքը  մնացել է իր մեջ։ Երեխայից առավել ոչինչ չկա։ Իհարկե, եթե մինչև երեխայի  ծնունդը, ես ամեն ինչ առաջին հերթին ինձ համար էի անում, նրա ծննդից հետո նույն բանն իր համար էի անում, բայց  զգացել եմ, որ դա էլ է բաց տեղ թողել իր մեջ»,– նշեց Նազիկը։

Ծանրամարտիկն ասաց, որ խնդիրը հաղթահարելու համար հոգեբանի հետ է զրուցել։ «Գուցե, ես շատ ծանր եմ տանում, այն, ինչ կապված է փոքրիկի հետ, բայց դա շատ կարևոր է ինձ համար։ Կարծում եմ` եթե ես ճիշտ վարվեմ, ամեն ինչ ինքնըստինքյան կանցնի»։

 

Երկրորդ անգամ մայրանալու մասին Նազիկը դեռ չի մտածում, քանի որ այժմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել է որդու վրա։

Սպորտից դուրս ծանրամարտիկի համար բարդ է, սակայն հասկանում է, որ որդու հոգեվիճակն առաջին տեղում է։ Առաջիկայում նազիկը կվերադառնա աշխատանքի, սակայն ոչ նախկին գրաֆիկով ու առօրյայով։ «Բնականաբար, շատ եմ կարոտում սպորտը, քանի որ իմ ամբողջ կյանքում սպորտի մեջ եմ եղել։ Ինձ համար դժվար էր սպորտից  դուրս գալը, շատ կուզեի գոնե մի մրցույթի էլ մասնակցել, սակայն դա մեծ հարց է։ Ես հասկանում եմ, որ եթե կա սկիզբ, կա նաև վերջ։ Ես որոշել եմ ընտանիքիս կողքին լինել, սակայն առանց աշխատանքի էլ չեմ կարող, այնպես որ, առաջիկա ամիսներին կսկսեմ աշխատել։ Այն, ինչ անելու եմ, պետք է սկսեմ սկզբից, քանի որ ինձ համար նոր աշխատանք է, սակայն չեմ վախենում ամեն ինչ 0-ից սկսել»,– ասաց Նազիկը ու հավելեց, որ չի պատրաստվում մարզչական գործունեություն ծավալել, քանի որ դա նույնքան ժամանակատար է, որքան մարզիկի աշխատանքը։ «Իմ մարզիչն ամենուր ինձ հետ էր։ Որպես կին՝ ես  չեմ կարող ամբողջ կյանքում հեռու լինել իմ ընտանիքից։ Դա ամենակարևոր պատճառն է, որի համար չեմ աշխատի որպես մարզիչ»,– եզրափակեց նա։

Աղբյուրը՝ life.tert.am