«Հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան։ Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է։ Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է»

Ապրիլյան պատերազմին կամավոր մասնակցած Սերյոժա Քամալյանը երկու տարի անց էլ չի մոռանում բանակում ունեցած ճնշող զգացողությունը, երբ տեսել է, թե ինչ սնունդ են ստանամ զինծառայողները, ինչպես են հաշվում հակառակորդի կրակած հարյուրավոր պարկուճները, մինչդեռ իրենց հրահանգված էր խնայել փամփուշտները։
Նա պատմեց, որ պատերազմը վերսկսվելուց անմիջապես հետո որոշել է ռազմաճակատ մեկնել։ Դիմել է Իջեւանի զինվորական կոմիսարիատ, կամավորագրվել դիրքեր մեկնելու համար։ Բայց հետո ընկերն է հանդիպել, հայտնել, որ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) մի խումբ անդամների, որոնք Արցախում են, փոխարինող է պետք։ Դա լսելով՝ շտապել է ԵԿՄ տարածքային կառույց։ Այստեղ պարզել է, որ այդ կերպ որպես կամավորական սահման մեկնելու համար պետք է միության անդամ լինել։

59-ամյա Սերյոժա Քամալյանը, իր գնահատմամբ, դիմել է այդ ստորացուցիչ քայլին, անդամագրվել միությանը։ Ի վերջո, Իջեւանից եւ Դիլիջանից ընդհանուր առմամբ 15 հոգով ճանապարհ են ընկել։ Ապա ծառայության է անցել Հադրութում։ Ասում է՝ այդ գրեթե 25 օրերի ընթացքում, ինչ գտնվել է այնտեղ, իրենց զորամասում քաղաքացիների ու դպրոցականների ուղարկած օգնություններից չի ստացվել։ Միայն տեղ հասնելու օրը մեկական արկղ թխվածքաբլիթ ու ջեմով կոնֆետ է եղել։ Զինծառայողները ստացել են Պաշտպանության նախարարության տրամադրած սնունդը, որը չափազանց վատ որակի է եղել։

«Էդ երեխեքի վիճակը որ տեսել եմ, ես երկու օր լաց եմ եղել, է՞ս է ձեր պահած զինվորը։ Սնունդը նայում ես, սնունդ չի, հացը պիտանի չէ, շիկահող է, մի այլանդակ բան։ Հարցնում եմ՝ արա էս ինչ հաց է։ Մոսոյի հացն է՝ Մովսես Հակոբյանի բիզնեսն է։ Հացի ծայրամասերը հազիվ ուտում էին, մնացածը ուտելու չէր։ Մի փոս կար, լցնում էին էդ փոսի մեջ։ Էդ «տուշոնկեն», բանը, չի ուտվում, հնար չի լինում։ Տեսնում ես՝ արջն էլ չի կերել, դա ուտելու բան չի, մի անորակ բան, բացում էիր, հոտը գցում»,- պատմեց կամավորական զինծառայողը։