Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու լուրին

Քոչարյանն այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին։

 ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու լուրին։ Այս մասին հայտնում է 2rd.am-ը։

«Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել, որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում»,- նշել է նա:

Սողոմոնյանի խոսքով` այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի:

«Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Երեկ` հունիսի 18-ին, Գյումրու ավագանին որոշում է կայացրել զրկել Ռոբերտ Քոչարյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

Աղբյուրը՝ armeniasputnik.am