Մանվել Գրիգորյանի կինը փորձում է մաքրել հետքերը. տեսանյութ

Ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի գործով նոր բացահայտում է արել։

Ոստիկանները հայտնաբերել են «Վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով ավտոմեքենաներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության լրատվության, հասարակայնության հետ կապերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը։

Գրառման համաձայն` հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «ՈԱԶ» և «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։

«Նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Մեքենաների զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներ»,- ասված է գրառման մեջ։

Ի դեպ, հետաքրքրական է, որ ըստ ոստիկանության` վարորդները հայտարարել են, որ պահածոները բեռնել են հունիսի 16-ին, Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։

Նազիկ Ամիրյանը, հիշեցնենք, գեներալ Մանվել Գրիգորյանի կինն է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am