Մանվել Գրիգորյանը ուրիշի հեռախոսով զանգահարել է որդուն ու հանձնարարել, որ Արմեն Հակոբյանն իր վրա վերցնի գողությունը. Արթուր Դավթյան

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց, թե հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից հետախուզության արդյունքում ինչ է հայտնաբերվել նրա առանձնատանը, ամառանոցում, զինվորական ինչ պարագաներ, սնունդ, զենք: Նա ընթերցեց դպրոցականներից մեկի նամակը, որը պետք է հասներ առաջնագծի հայ զինվորին, բայց տեղափոխվել էր Մանվել Գրիգորյանի ամառանոց:

Արթուր Դավթյանը հիմնավորումը ներկայացրեց, թե ինչու են գտնում, որ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ լինելով՝ կարող է խոչընդոտել գործի ընթացքին: Նրան վերագրվում են հասարակական անվտանգության ծանր հանցագործություններ: Պարզվում է՝ խուզարկության կատարման ընթացքում ժամը 10-ին Մանվել Գրիգորյանը ուրիշի հեռախոսով կապ է հաստատել որդու հետ՝ պատասխանատվությունից խուսափելու նպատակով, հանձնարարել է, որ իր նշած անձը՝ Արմեն Հակոբյանը իր վրա վերցնի մեղքը եւ հայտարարի, որ ապրիլյան պատերազմից հետո ինքն է ամբողջ հայտնաբերվածը բերել ամառանոց: Հակոբյանն էլ խուզարկության ժամանակ կատարել է Մանվել Գրիգորյանի հրահանգը, մինչդեռ արդեն հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու ընթացքում բացահայտվել է, որ դա Մանվել Գրիգորյանի հանձնարարությունն է:

Դատախազն ասաց, որ չի բացառվում, որ ազատության մեջ լինելով՝ նա նորից փորձի խոչընդոտել գործի ընթացքին, ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորի:

Ուստի Արթուր Դավթյանը հորդորեց պատգամավորներին համաձայնություն տալ անձեռնմխելիությունից զրկել Մանվել Գրիգորյանին:

Աղբյուրը՝ www.aravot.am