ՊՊԾ գնդի գործով ևս մեկը ազատ արձակվեց

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանն ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստին պաշտպան Մուշեղ Շուշանյանն ու Անուշ Մխիթարյանը դատարանին միջնորդություն ներկայացրին ամբաստանյալ Արթուր Սողոմոնյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Մելքոնյանի պաշտպանները միջնորդեցին Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, դատախազը չառարկեց ներկայացված միջնորդությանը:

 Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ասաց. «Դատարանը որոշեց բավարարել Արթուր Սողոմոնյանի պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի և Անուշ Մխիթարյանի միջնորդությունը՝ Արթուր Սողոմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու և այն ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ»:

Սողոմոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Արթուր Սողոմոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ, պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց:

Բացի այդ, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում և հանձնվել իրավապահ մարմիններին:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով:

Աղբյուրը՝ henaran.am