Ալավերդի համայնքի ավագանին ուղերձ է հղել վարչապետին

Հունիսի 8-ին Ալավերդու ավագանու արտահերթ նիստում քննարկվեց «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցնելու մասին վարչապետին ուղղված ավագանու ուղերձը: Դեռեւս հունիսի 5-ին Ալավերդի համայնքի ավագանու 8 անդամ հանրային պահանջով գրավոր դիմում էր ներկայացրել Ալավերդու համայնքապետին եւ խնդրել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը դադարեցնելու մասին վարչապետին ուղղված իրենց ուղերձը ներկայացնել ավագանու առաջիկա նիստի քննարկմանը: Ուղերձի քննարկման նպատակով էլ արտահերթ նիստի օր էր նշանակվել:

Ուղերձում, մասնավորապես, ասված է

«Մեծարգո պարոն վարչապե՛տ

Ձեզ են դիմում ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու անդամները՝ Դեբետ գետի վրա «Շնող» ՀԷԿ-ի կառուցման խնդրով:

Վերջին ամիսներին Ալավերդու բնակիչները խիստ մտահոգ են՝ Դեբետին սպասվելիք էկոլոգիական աղետի պատճառով: Այսօր բոլորս ենք պատկերացնում, թե ինչ անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը Ալավերդու եւ Դեբեդի ավազանի մյուս բնակավայրերի համար: Եվ որքան էլ ծրագրի իրականացումը դրական երեւույթ որակող որոշ մասնագետներ բարձրաձայնում են ՀԷԿ-ի կարեւորության ու դրա արդյունքում նոր աշխատատեղեր ստեղծելու մասին, միեւնույն է՝ մենք՝ ալավերդցիներս, քաջ գիտակցում ենք մեզ սպառնացող աղետը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կսկսվեն «Շնող» ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները: Հարկ ենք համարում նշել, որ Ալավերդիում արդեն «Շնող» ՀԷԿ-ի կառուցման դեմ համայնքային ակտիվ խումբ է ձեւավորվել, կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ ու հանրային քննարկումներ: Խնդիրը հրատապ է, համայնքի ակտիվ հանրությունը պատրաստ է պայքարելու մինչեւ վերջ: Մենք՝ համայնքի ավագանու անդամներս, պատրաստ ենք սատարելու հանրության կողմից իրականացվող ցանկացած նախաձեռնության:

Ուստի, ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել հույժ կարեւոր այս խնդրին եւ համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ չեղարկելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը:

 

Նիստին ներկա ավագանու 11 անդամը միաձայն կողմ քվեարկեց վարչապետին ուղերձ հղելու հարցին:

Աղբյուրը՝ armtimes.com