Օսիպյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Փաշինյանի ոճով ու ժողովրդին սիրելի դարձած արտահայտությամբ

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ Վերջին զանգի առթիվ.

«Սիրելի շրջանավարտնե՛ր
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմի անունից եւ անձամբ շնորհավորում եմ ձեր եւ յուրաքանչյուրիս կյանքում եզակի իրադարձության` «Վերջին զանգի» օրվա առթիվ:
Դուք ավարտում եք դպրոցը, ինքնուրույն կյանք եք մտնում, որտեղ ձերն է որոշումներ կայացնելու իրավունքը, բայց եւ լիովին ձերն է պատասխանատվության ծանրությունը:

Մաղթում եմ, որ ձեր որոշումները լինեն հավասարակշռված ու դիպուկ, իսկ պատասխանատվությունը` արժանապատիվ եւ արժանի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Մաղթում եմ, որ քայլը, որն այսօր անում եք, ձեզ հասցնի նախանշված նպատակներին, եւ այս օրը ձեր ողջ կյանքում հիշվի որպես լուսավորի, բարու, հաղթանակի ծննդյան օր:

Երջանիկ, ամուր ու նպատակասլաց եղեք, որովհետեւ ձեր ջանադիր ու հետեւողական ինքնակատարելոգործումից են կախված մեր երկրի գալիք հաջողությունները, ձեր կայացումով է պայմանավորված այն տեղն ու դերը, որ կունենա Հայաստան պետությունն աշխարհում:

Սիրելի շրջանավարտնե՛ր
Մաղթանքներիս հետ ընդունեք նաեւ հորդորս. հենց այսօրվանի՛ց ձեզ դրսեւորեք որպես երկրի տեր ու քաղաքացի, հենց այսօ՛ր` ձե՛ր օրը եղեք կարգապահության օրինակ, զերծ մնացեք համակեցության կանոնների խախտումներից, բացառեք ամենաչնչին իրավազանցությունն անգամ, որպեսզի «Վերջին զանգի» այս օրը լուսավոր ու տոնական մնա ձեր ու բոլորիս հիշողության մեջ:
Կրկին շնորհավորում եմ ու բարի ճանապարհ, սիրելի շրջանավարտնե՛ր»: