ՀՅԴ-ն հայտնվել է ճգնաժամի մեջ. Հեռանում են նվիրյալ դաշնակցությունները

Դաշնակցությունն ամենեւին էլ լավ ժամանակներ չի ապրում։ Նա մերժում, օտարում, իր շարքերից հեռացնում է երբեմնի նվիրյալ գործիչներին։ Օրերս ՀՅԴ ընկերներին բաց նամակ են հղել 1989-2012թթ․ ՀՅԴ անդամ, 2010-2015թթ․ Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, 1989 թվականից ՀՅԴ անդամ, արցախյան շարժման հիմնադիրներից Գրիշա Հայրապետյանը, արցախյան շարժման ակտիվիստ, 1989 թվականից ՀՅԴ անդամ, գաղտնի զինված խմբի հրամանատար Վաչագան Զաքարյանը։«Սիրելի ընկերներ։ Մեր գաղափարակից ընկերների մի մասը նահատակվել են, մյուս գաղափարական ընկերների մեծ մասը դուրս է մնացել շարքերից։ Ո՞վ է դուրս դրել, ինչո՞ւ։ Եթե պատմության ընթացքում հիմնականում շարքերից հեռացնում էին ՀՅԴ որոշումներին չենթարկվող,կուսակցության հանդեպ հանցանք կատարած մարդկանց, ապա 1998 թվականից այս կողմ ՀՅԴ ից հեռացվում են հիմնականում գաղափարներին հավատարիմ ու նվիրված մարդկանց։ Վերջին 20 տարիներին կուսակցության քաղաքականությանը եթե հետևենք ,ապա կտեսնենք, որ հետընթաց ապրելով,նույնիսկ դուրս է մնացել իր իսկ կանոնադրությունից,գաղափարներից,կեցվացքից։ Արդյունքում ունենք այն ,ինչ ունենք և պարզաբանման արիք չկա։ Ո՞րն է պատճառը»,- իրենց երկարաշունչ նամակում հետեւյալ հարցերն են արծարծել նախկին դաշնակցականները։

ՀՀ առաջին իշխանությունների ժամանակ երդվյալ ընդդիմադիր, գաղափարական կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո զերծ չմնաց կոալիցիաներ կազմելու գայթակղությունից՝ որդեգրելով «ոչ միս, ոչ ձուկ» կարգավիճակը։ Վահան Բադասյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ՀՅԴ-ի եւ նամակի հեղինակների միջեւ այսօրինակ խզում առաջացել, ինչո՞ւ են իրենց հեռացրել կուսակցությունից։ Վահան Բադասյանը նշում է, որ իրենք երդում տված դաշնակցականներ են, ինչը նշանակում է, որ իրենք պետք է ծառայեն հայությունը, իրենց համար գերխնդիր են ցեղասպանությունը, Արցախի հարցը, կյանքի գնով պետք է պաշտպանեն հայրենիքը։ Եվ եթե նախկինում, ըստ Բադասյանի, կուսակցությունից հեռացնում էին ՀՅԴ-ին դավաճանած անձանց, ապա վերջին քսան տարում ՀՅԴ-ից հեռացնում են հավատարիմ մարդկանց, իսկ հեռացնողներն էլ ՀՅԴ բյուրոն կամ մարմիններն են, որոնք հակադաշնակցական են։ «Մենք պատահական մարդիկ չենք, մենք ունեցել ենք քաղաքական-հասարակական տարբեր պաշտոններ, եւ ՀՅԴ-ն, երբ արգելված էր Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, մենք մեծ դեր ենք խաղացել կուսակցությունը պահպանելու հարցում։ Եվ մեզ հեռացնելը պատվաբեր չէր ՀՅԴ-ի համար, կուսակցության ղեկավարությունը ցուցաբերեց հակադաշնակցական վերաբերմունք եւ մեզ հեռացրեց։

Այսինքն՝ հեռացնելն էլ կանոնադրության համաձայն՝ պետք է լինի հիմնավորված, ինչը չի արվել»,- նշեց Վահան Բադասյանը։ Եվ այսքանից հետո նա եկել է այն համոզման, որ ՀՅԴ-ն գտնվում է ճգնաժամային իրավիճակում, որովհետեւ ամբողջ ժողովուրդը ծանոթ է ՀՅԴ-ի գաղափարներին։ Սակայն ՀՅԴ-ն, ըստ մեր զրուցակցի, իշխանությանը մաս է կազմում կերակրատաշտից օգտվելու համար։ «Կուսակցությունը տարել են փակուղի, եւ ՀՅԴ-ն մեղավորներից մեկն է, որ չի եղել ընդդիմություն, եւ իշխանություններն անցած տարիներին այդպիսի լկտի պահվածք են ունեցել»,- ասաց Վահան Բադասյանը՝ հույս հայտնելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում եւ Արցախում կլինեն փոփոխություններ։

Հարցին, թե ակնկալո՞ւմ է, որ կփոխվի ՀՅԴ-ի ղեկավար կազմը, Վահան Բադասյանն արձագանքեց․ «Այո, իմ դիմումն ուղղված է շարքային ընկերներին, որպեսզի իրենք փոխեն ղեկավար կազմը եւ դուրս մղեն հակադաշնակցականներին»։ Ովքե՞ր են այսօր վարկաբեկում ՀՅԴ-ն։ Վահան Բադասյանը ձեռնպահ է մնում անուններ նշելուց, միայն ուշադրություն է հրավիրում, թե ովքեր են կանգնած իշխանության կերակրատաշտին մոտ։ Հենց նրա՛նց մեջ է խորհուրդ տալիս փնտրել ՀՅԴ-ի դեմ գործողներին։ Բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում էլ, օրինակ, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ստացավ պորտֆել։ «Համոզված եմ, որ այդ պորտֆելն ինքը չի ստացել, Նիկոլ Փաշինյանը տվեց, որովհետեւ այսօրվա կազմն է այդպիսին․ այնտեղ են ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստանը», ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ն չպետք է ստանա որեւէ նախարարական պաշտոն, քանի որ ժողովրդի պահանջն է։ Բայց քանի որ այդ ուժերը միացել են, կրիտիկական պահին եղել են ժողովրդի կողքին, պետք է նրանց տրվեր պորտֆել։ Դա արդեն կերակրատաշտ չէ, դա պարտավորության ստանձնում է»,- կարծում է Վահան Բադասյանը։

Հետահայաց անդրադառնալով արցախյան պատերազմին՝ Վահան Բադասյանը նշում է, որ այն ժամանակ ՀՀՇ-ն զենք չի տրամադրել Արցախին, իսկ ՀՅԴ-ն տրամադրել է։ Հետո նա հիշեց, թե Լիբանանում, Միջին Արեւելքում ինչպես է իրեն դրսեւորել ՀՅԴ-ն, ինչի շնորհիվ էլ այնտեղ սիրում եւ հարգում են հայերին։ «ՀՅԴ-ն իրեն ճիշտ է պահել, ճիշտ որոշումներ են ընդունել եւ գործողություններ իրականացրել։ Իսկ հիմա ՀՅԴ-ն իր ղեկավարության պատճառով վատ է պահում։ Ես չեմ ուզում խորանալ մանրամասների մեջ, իմ խնդիրը դա չէ»,- ասաց մեր զրուցակիցը։ Կվերափոխվի՞ ՀՅԴ-ն, եթե այո, ապա ի՞նչ ճանապարհով։ «Ցանկությունս է։ Մենք բազմամիլիոնանոց համայնքներ ունենք, որտեղ շարժիչ ուժը ՀՅԴ-ն է։ Ես շատ եմ ուզում, որ ՀՅԴ-ն վերականգնի իր հեղինակությունը եւ համբավը, ճիշտ գործի։ Դա մեր ազգային սեփականությունն է՝ որպես ազգային կուսակցություն։ Իր կայուն եւ կարծր դիրքորոշմամբ պետք է հանդես գա ՀՅԴ-ն, ինչը չարեց վերջին քսան տարիների ընթացքում։ ՀՅԴ-ի ղեկավարներն այնքան անբարոյական են, որ Անդրանիկ Պողոսյանին՝ հակաթուրքական գործողություն կատարած անձին դուրս են թողել կուսակցությունից, մի մարդու, որի կտրած մատն իրենք չարժեն։ Նա հենց հակաթուրքական ակցիայի ժամանակ է վիրավորվել եւ դարձել հաշմանդամ։ Կամ նույն ձեւով հեռացրել են Ժիրայր Սեֆիլյանին, որը արցախյան պատերազմի ժամանակ հայտնի էր որպես «Դաշնակ Ժիրայր», հիմա էլ նրան պաշտպանելու փոխարեն քարկոծում են։ Վախենում էին նրա հեղինակությունից, կարծում էին, որ իրենք կմնան Ժիրայրի ստվերի տակ»,- ասաց Վահան Բադասյանը։

Իսկ Վահան Բադասյանի եւ նրա ընկերների նամակն առ այսօր Դաշնակցության ղեկավարներն անարձագանք են թողել։

Աղբյուր՝ Hraparak.am.