Վենդետա չի լինի, բայց մեղավորներին կպատժեն. Հայաստանի նախագահի խորհրդական

Թևան Պողոսյանը ոչ արդյունավետ է համարում բացառապես Հայաստանի վարչապետի անձի վրա կենտրոնանալը և նրա հետ չափից մեծ սպասումներ կապելը։

Հայաստանում իշխանափոխություն նախաձեռնած մարդիկ պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն, ոչ թե այն բաշխեն մյուսների վրա, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը` մեկնաբանելով կառավարության նոր կազմը։

Ընդհանուր առմամբ, Պողոսյանը դրական է գնահատում երկրի նոր կառավարության կադրային կազմը։

«Պետք է հասկանալ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների կապիտալիզացիայի գործընթացը կախված է ոչ միայն այդ 18 հոգուց, որոնք նստում են կառավարությունում, կամ նրանց տեղակալներից, կամ միայն Փաշինյանից. փոփոխությունները կախված են բոլորիցս։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն հարց տա, թե ինչ կարող է անել երկրում դրական փոփոխությունների համար», — ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով` Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ինտելեկտուալ ներուժի հետ խնդիրներ չկան և չպետք է լինեն, առավել ևս, որ բարեփոխումների համար պատասխանատվության մի մասն իրենց վրա վերցնելու հայտարարություններ են հնչում սփյուռքում։

Իրավիճակն ավելի բարդ է ֆինանսական պաշարների հարցում։

«Մենք պետք է ճիշտ գնահատենք մեր հնարավորությունները` հաշվի առնելով գոյություն ունեցող բարդությունները։ Եվ այդ առումով չափից մեծ սպասումներ չպետք է լինեն»,- համոզված է քաղաքական գործիչը։

Պատասխանելով տնտեսական հանցագործություններ կատարած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու հավանականության մասին հարցին, առավել ևս, որ կառավարության առջև դրված է պետբյուջեն լցնելու խնդիր, Պողոսյանը նշեց, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար։

Պողոսյանը կարծում է, որ Փաշինյանի` վենդետայից հրաժարվելու խոստումները նշանակում են, որ նոր իշխանությունը, առաջին հերթին, ղեկավարվելու է բացառապես օրինական մեթոդներով։ Նախագահի խորհրդականը համոզված է, որ ժամանակի հետ բոլոր մեղավորները կպատժվեն։

Նա հավելեց, որ նոր կառավարությունից և հասարակությունից նոր պայմաններում պահանջվում է առավելագույն համբերություն և հետևողականություն, պետք չէ հույսը դնել արագ փոփոխությունների վրա։

Պողոսյանը կարծում է, որ նման դեպքերում էյֆորիան վտանգավոր է, քանի որ կարող է վերածվել ավելի մեծ հիասթափության։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում քաղաքական վենդետա չի լինի։ Դեռ երկրի վարչապետի պաշտոնում ընտրվելուց առաջ նա դիմել էր քաղաքական այն գործիչներին ու գործարարներին, որոնք գուցե մտահոգվել էին և կապել ճամպրուկները։ Փաշինյանն ասել էր` ատելություն չի լինի, վրեժխնդրություն չի լինի։

Աղբյուրը՝ armeniasputnik.am